Մինչ գյուղացիներն ու գյուղատնտեսներն ահազանգում են կրծողների կողմից չհավաքած բերքն ամբողջովին ոչնչացնելու մասին, առնետների ու մկների «գրոհի» մասին ահազանգում են նաև Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի բնակիչները։ Նրանք չեն պատկերացնում՝ ինչպես կարելի է պայքարել կրծողների դեմ, որոնք արդեն տներն են ներխուժում։
Այս թաղամասի Արամ Խաչատրյանի փողոցի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ չեն կարողանում պատուհանները բացել, մաքուր օդ շնչել, քանի որ կեսգիշերին ականատես է եղել, թե ինչպես երկրորդ հարկի իր տան կիսաբաց պատուհանից առնետը փորձել է ներս մտնել։
Բնակիչները դժգոհ են, որ կրծողների դեմ պայքարում իրենց թողել են միայնակ, միակ միջոցը թերևս խանութներից կրծողների համար նախատեսված «սոսնձով գիրք» գնելն է, որի արժեքը տատանվում է 150-300 դրամ՝ կախված չափսերից։ Սակայն երբեմն սա էլ չի օգնում, բացի այդ՝ բավական մեծ ծախսեր է պահանջում։
Կարդացեք նաև
«Հիմա ի՞նչ անենք, օրվա հացի փողը տանք առնետ վերացնե՞նք, եթե իմանաս մի գիրքը բավարար է, էլի գնես, բայց մի քանի հատ պիտի գնես, Աստված գիտի առնետները կընկնեն, թե չէ։ Վերջը ի՞նչ պիտի լինի, ո՞վ պիտի մեզ պաշտպանի առնետներից»,- հարցնում է բնակիչներից մեկը։
Նրանց դժգոհելով՝ առնետները մտնում են նաև բակերում կայանած մեքենաների մեջ՝ կրծելով լարերը ու հրդեհավտանգ իրավիճակ ստեղծելով։
Գյումրու Անի թաղամասը մոտ է դաշտերին, ըստ էության, կրծողներն այնտեղից են ներխուժում։ Բնակիչների ասելով՝ իրենց թաղամասում ոչ մի անգամ նման քանակի կրծողներ չեն եղել։
Հիշեցնենք, որ դաշտերում հայտնված կրծողների աննախադեպ քանակի մասին բարձրաձայնել էր նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ ահազանգելով, որ դաշտային մկների վերարտադրության արագությունը ֆենոմենալ է, և որ կրծողների մեծ քանակ է հայտնվել Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում՝ վնաս հասցնելով նույնիսկ շինություններին։ Նրանց, ըստ պատգամավորի, կարելի է հանդիպել ամենուր, փոսեր են փորել նույնիսկ շենքի տանիքներում։
Կրծողների խնդիրը Շիրակի մարզ բերեց նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ով շրջագայելով գյուղերն ու ծանոթանալով գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին, նրանց կողմից դաշտերին հասցված վնասներին, հայտարարեց, որ նախարարությունը պատրաստվում է մեծացնել կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալն ու շրջանակը։
Այսօր էլ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի տեսել, որ կոմբայնը մոտենա դաշտին հնձելու եւ չկարողանա, քանի որ մուկն ամբողջովին կերել է բերքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ