Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի գործով քրեական վարույթ կնախաձեռնվի. ՀՔԱՎ

Օգոստոս 27,2024 19:25

2024թ․-ի հունվարին «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ  Գևորգ Քոթանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ   2022 թվականի դեկտեմբերի 14-ին Վանաձորի ավագանին հաստատել է Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզի կառուցման սուբվենցիան, իսկ  2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլի հայտը։

Քոթանջյանը  նշել է, որ Վանաձորի Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում  որոշումների արձանագրությունների մեջ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումներում այս մանկապարտեզին վերաբերող արձանագրություն առկա չի եղել։ Ավելին՝ Քոթանջյանը կցել է տարբեր ժամանակահատվածներում մանկապարտեզի նկարները, որոնցից ակնհայտ երևում է, որ կառուցապատման աշխատանքներ  չեն կատարվել։ Ըստ որոշման՝  առաջին փուլում պետք է քանդվեր մանկապարտեզը, երկրորդում՝ դրվեր նոր մանկապարտեզի հիմքը։

Հրապարակման հիման վրա ՀՔԱՎ գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։ Վերջինս ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնել և այդ մասին Կազմակերպությանը օրենքով սահմանված կարգով չի իրազեկել։ Փոխարենը՝ մեր ներկայացրած հաղորդումը վերահասցեագրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որպեսզի կատարվեն ստուգողական գործողություններ։ Ի պատասխան՝ Տարոնի բաժինը ընդամենը մեկ գրություն է ուղարկել, որ ավագանու  որոշումը առկա է և հրապարակված է համայնքապետարանի պաշտոնական կայքէջում։

Նշենք, որ հանցագործության մասին հաղորդումը վերաբերել է հաստատված սուբվենցիայի շրջանակներում շինարարական աշխատանքներ չկատարելուն։ ։ Այսինքն,  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի կողմից չի ներկայացվել  պատշաճ տեղեկություն  փաստի վերաբերյալ իրենց կողմից կատարված  ուսումնասիրությունների մասին։ Բացի այդ նշված է, որ արձանագրությունները այս պահին հրապարակված են, սակայն հրապարակված է 2-րդ փուլի որոշումը, իսկ 1-ին փուլի որոշումը, որով սահմանված է 80 682 780 ՀՀ դրամ կազմող սուբվենցիան, բացակայում է։

Մեր ներկայացրած հաղորդման հիմքով պատշաճ ուսումնասիրություն չի կատարվել, չի պարզվել՝ ինչ հիմքով է հաստատվել մանկապարտեզի սուբվենցիայի 2-րդ փուլը, երբ հաստատված 1-ին փուլով որևէ գործողություն արված չէ։ Բացի վերոնշյալը, էական նշանակություն ունի փաստը, որ ՀՀ Քննչական կոմիտեն Կազմակերպությանը չի տեղեկացրել, որ այս գործով քրեական վարույթ չի նախաձեռնվում։

Կազմակերպությունը վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը 2024թ․ մարտի 3-ին ստացել է Տարոնի բաժնից, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քրեական վարույթ չնախաձեռնելու մասին քննիչը պետք է անհապաղ գրավոր տեղեկացնի հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքերը,  նաև պարզաբանել վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու  բողոքարկելու կարգը և ժամկետները։

2024թ․ մարտի 4-ին Կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազություն քրեական վարութ չնախաձեռնելու դեմ բողոք է ներկայացրել։ Բողոքը վերահասցեագրվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն։ Դատախազությունը 2024թ․ մարտի 22-ին պատասխանել է,որ բողոքը ենթակա է մերժման ժամկետանց լինելու հիմքով և որպես ժամկետ պետք է հիմք ընդունել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնին ուղղված գրության ամսաթիվը։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում  է պարտադիր օրենսդրական պահանջ, որ իրազեկումը պետք է կատարեր քննիչը։

Արդյունքում վարույթի հանրային մասնակիցները՝ դատախազը և քննիչը գործել են օրենքի էական խախտմամբ, դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ՝ չպահպանելով քրեադատավարական օրենսգրքի պահանջները։

2024թ․ ապրիլի 25-ին Կազմակերպությունը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը 2024թ․ մայիսի 20-ին մերժել է կԿազմակերպության  բողոքը՝ իրավաչափ համարելով դատախազության կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։

Առաջին ատյանի որոշման դեմ ՀՔԱՎ-ը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ դատարանը ամբողջովին բավարարել է Կազմակերպության բողոքը, փաստելով, որ քննչական ենթակայության կանոններին համապատասխան Լոռու մարզի դատախազությունը Կազմակերպության հաղորդումը պետք է վերահասցեագրեր իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Ուստի Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հիմք է դատական ակտը բեկանելու համար։

2024թ.-ի օգոստոսի 16-ին Գլխավոր դատախազի տեղակալը բճռաբեկ բողոք է ներկայացրել։ Բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին դեռևս որոշում չկա։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031