«Ամենայն հարգանքով Բագրատ սրբազանի հանդեպ և մեծ ցանկությամբ, որ նա հաջողության հասնի, և այս իշխանությունից մենք կարողանանք ազատվել, ես այդտեղ որևէ ծրագիր չեմ տեսնում։ Ընդհանուր ինչ-որ կետեր են, որևէ կոնկրետությունից զուրկ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացրած Սրբազան պայքարի մոտեցումներին ու առաջնահերթություններին։
Նշենք, որ փաստաթղթում անդրադարձ կա անվտանգային, արտաքին քաղաքականության ոլորտներին, ՀՀ ԶՈւ ոլորտում բարեփոխումներին, արցախահայության խնդիրներին ու իրավունքներին, խաղաղության գործընթացներին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, սոցիալական արդարությանը, ազգային արժեքներին, ժողովրդավարությանը, իրավական համակարգին, արդյունավետ կառավարման համակարգին և այլ ոլորտների։
Ստեփան Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ցավոք, շատ պարզունակ է գրված և որևէ կոնկրետություն չի պարունակում․ «Իմ կարծիքով՝ ծրագիր գրելուց առաջ, ճիշտ կլիներ Բագրատ սրբազանն այդ նույն տեքստում վերլուծեր, թե ինչու մենք հասանք այս վիճակին, ինչ սխալներ են տեղի ունեցել և′ արտաքին քաղաքականության, և՛ ներքին, և′ տնտեսության, և′ մշակութային ոլորտներում, նշեր պատճառները, և դրանցից ելնելով կոնկրետ առաջարկություններ ներկայացներ»։
Մեր այն դիտարկմանը՝ մի՞թե կոնկրետ առաջարկ չէ այն, որ «արտաքին քաղաքական նոր հայեցակարգ» բաժնում Բագրատ սրբազանն այսպիսի ամրագրում է արել, որ «ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելն անընդունելի ու մերժելի է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով։ ՀՀ-ն պիտի ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների՝ բանակցային ու գործընկերային ճանապարհով լուծմանը։ Միաժամանակ՝ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ»։
Կարդացեք նաև
Ստեփան Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Այն, որ պետք է հավասարակշռված քաղաքականություն արել, չմտնենք միջազգային կոնֆլիկտների մեջ, դաշնակիցներ ձեռք բերենք, ապա առաջանում է հարց, եթե շարժման կողքին հայտնվում են Սասնա ծռեր կազմակերպության անդամները, ապա այդ ամբողջ խոսքերը դառնում են իմաստազուրկ։ Այսինքն՝ ոչ թե բաժակաճառերի հիման վրա ծրագիր է պետք ներկայացնել, այլ գործողություններ ցույց տալ, որ դու գնում ես այդ ուղղությամբ։ Բայց եթե ինքը ցանկանում է «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից հրաժարվել, ի՞նչ գործ ունեն հականերով հայտնի հակակազմակերպության անդամներն իր կողքին, հանրահավաքում ելույթ ունենալով, սա աբսուրդ է․ ասում է մի բան, անում՝ այլ բան։ Սա անլրջություն է, քաղաքական տրամաբանությունից զուրկ է»։
Սրբազան պայքարի՝ հրապարակված մոտեցումներից մեկն էլ այն է, որ «Ադրբեջանի հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» հայեցակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել: Կարգավորումը պիտի հիմնված լինի արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա և չի կարող ձեռք բերվել ի հաշիվ որևէ կողմի արժանապատվության: Հարաբերությունների կարգավորման գործընթացը պիտի հավասարապես հաշվի առնի բոլոր կողմերի շահերը: Եվ հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»։
Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ խաղաղության պայմանագրի հետ կապված Ձեր կարծի՞քն էլ է այն, որ ամեն գնով իշխանությունը փորձում է նաև արտաքին ուժերի ներգրավվածությամբ հասնել այդ խաղաղության պայմանագրին, ինչպես Բագրատ սրբազանն է կարծում և դրան հակադրվում, որ ամեն գնով խաղաղության հասնելու հայեցակարգն ընդունելի չէ, քաղաքագետը պատասխանեց․ «Ես անհամաձայնություն ունեմ ընդհանրապես այդ գնահատականների հետ, որովհետև ՀՀ-ի՝ այսպես կոչված իշխանությունները, որևէ քաղաքականություն չեն վարում․ այսինքն՝ խաղաղության պայմանագիր կոչվածը պայքար է արևմուտքի և ՌԴ-ի միջև:
Այսինքն՝ խաղաղության պայմանագրում ինչ լինելու է, դա կամ լինելու է մի կողմի պատվերով, կամ մյուս կողմի։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիրը արտաքին պայքարի բաղադրիչ է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում․ սա է բուն էությունը։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի իշխանությունների քաղաքականությունը, ջանքերը չեն, սա ավելի լուրջ գործընթաց է և կարծում եմ՝ գնահատականի առումով այստեղ ճիշտ չէ ձևակերպված»։
Հետաքրքրվեցինք՝ այն, որ ըստ քաղաքագետի Սրբազան պայքարի մոտեցումները պարզունակ են ձևակերպված սա կարո՞ղ է պայքարի հաջողության վրա բացասական ազդեցություն ունենալ՝ թուլացնելով շարժումը, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Ես կանխատեսումներ չեմ անում, ուղղակի Բագրատ սրբազանին հաջողություններ եմ մաղթում այս իշխանությանը հնարավորինս արագ փոխելու գործում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե լավ է, որ դու քեզ քաղաքագետ ես կարծում և ինքնագոհ գնահատականներ ես տալիս քեզնից
ավելի վաստակաշատ և քեզնից ավելի խելացի մարդկանց։ Եթե որոշ անձանց ճարտասանությունը լավ է լինում, նրանց թվում է, թե իրենց մտածողությունն էլ է լավ և ավելորդ մեծամտանում են։