Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը օգոստոսի 20-ից պեղումներ է իրականացնում Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում, եւ արդեն տպավորիչ արդյունքներ կան: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ , պատմական գիտությունների թեկնածու Դիանա Միրիջանյանը, Սպիտակ վանքում պեղումներ են իրականացվում, քանի որ վանական համալիրը ամրակայելու եւ վերականգնելու նպատակ կա: Նրա խոսքով, այստեղ կարճատև պեղումներ էին իրականացվել նաեւ 2021 թվականին:
«Արդեն 8 օր է աշխատում ենք, ներկայումս բացում ենք եկեղեցու հարավային եւ արեւելյան հատվածները, մեծ տապանաբակը, բավականին շատ՝ ինչպես աշխարհիկ, այնպես է հոգեւոր անձանց տապանաքարեր են բացվել, կան նաեւ երեխաների տապանաքարեր: Մոնղոլական մեկ դրամ ունենք, խեցեղեն գտածոներ՝ կճուճներ, կարասներ: Այսօր արդեն բացում ենք վանքի պարիսպը կամ հենապատը»,-ասաց հնագետը:
Կարդացեք նաև
«Մոնղոլական դրամը թվագրվում են 14-րդ դար, խեցեղեն գտածոները՝ 14, 15, 16-րդ դարեր, այսինքն այնքան, որքան գործել է վանական համալիրը, որը 14-րդ դարի սկզբի կառույց է, բոլոր գտածոներն էլ վերաբերվում են տվյալ շրջանին: Մոտակայքում բնակավայր է եղել, իսկ Սպիտակ Վանքը՝ վանական համալիր, որտեղ հավանաբար հոգեւորականներ են ապրել, որոնք թաղվել են եկեղեցու բակում, դրա համար էլ տապանաքարերն այդքան շատ են, դրանք հարթ տիպի տապանաքարեր են, որոնց վրայով քայլելը հարմար էր: Որոշների վրա պատկերված է մարդու սխեմատիկ պատկեր, ինչը բնորոշ է հենց 14-րդ դարին, որոշների վրա պատկերներ չկան:
Տապանաքարերից երկուսն արձանագիր են, որոնցից մեկը եղծված է եւ չի ընթերցվում, իսկ երկրորդը ընթերցել է վիմագրագետ Հայկ Հակոբյանը: Վերջինս վերաբերվում էր վանական համալիրում ծառայող ներկարարին: Ներկարարը ժամանակին պաշտոն է եղել եկեղեցում: Եկեղեցին միասրահ փոքր կառույց է: Կից օժանդակ կառույցներ էլ կան, որոնք նույնպես պետք է բացվեն՝ հասականալու համար դրանք տնտեսական շինություննե՞ր են, թե՞ ճգնավորների կացարաններ: Մեր պեղումներն առայժմ շարունակվում են»,-հավելեց Դիանա Միրիջանյանը:
Հնագետն ասաց, որ աշխատանքներին ամեն օր միանում են Մասյացոտնի թեմում ծառայող հոգեւորականներ՝ կամավորների հետ: Նրա խոսքով, որոշ օրերի պեղումներին մասնակցում է նաեւ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հարցրինք, թե ինչո՞վ են առանձնահատուկ այս պեղումներն ու գտածոները: «Հետաքրքիր է հասկանալ, թե հոգեւորականները միջնադարում ինչպես են ապրել, ինչ կենցաղ են վարել: Իսկ այս դեպքում հետաքրքիր է նրանով, որ անմիջապես նաեւ հոգեւորականներ են մասնակցում պեղումներին, եւ որոշ հարցեր հենց նրանց հետ ենք հնարավորություն ունենում քննարկել»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերվում է մոնղոլական դրամին, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչն ասաց, որ դրամներ վանական համալիրից հազվադեպ են գտնում, հիմնականում դրանք բնակավայրերից են հայտնաբերվում: Նրա համոզմամբ, հավանաբար ուխտավորներից մեկի թողած կամ այլ հանգամանքներում մնացած դրամ է. «Դրամ չէինք սպասում գտնել, բայց տապանաքարերը սպասելի էին, քանի որ այստեղ նաեւ 2021-ին են պեղումներ իրականացվել: Նաեւ արեւմտյան հատվածում մի քանի տապանաքար էր բացվել: Հուսանք, որ լավ պահպանված գավիթը կբացվի, ինչից հետո շատ ավելի հետաքրքիր գտածոներ կունենանք, որովհետեւ գավիթները ոչ միայն հոգեւոր կառույցներ են, այլեւ աշխարհիկ»:
Հարցրինք նաեւ, թե ինչ ճակատագիր է սպասվում գտածոներին, դրանք ի վերջո որտեղ են ի պահ տրվելու: «Գտածոները լաբորատոր մշակումից հետո հանձնում ենք տարբեր թանգարաններ, եթե տվյալ տարածքում թանգարան է լինում, հանձնում ենք տվյալ թանգարանին:Այս դեպքում Գեւորգ սրբազանի հետ պետք է դեռ խոսենք, եթե հնարավորոււթյուն կլինի այստեղ հետագայում փոքրիկ թանգարան հիմնել, կթողնենք այստեղ, եթե ոչ՝ կհասկանանք, թե ուր հանձնել»,-նշեց հնագետը:
Նա ասաց, որ շատ կարեւոր է, որ նմանօրինակ կառույցները նախ պեղում են, հետո վերականգնման նախագծեր են անում, քանի որ պեղումների ընթացքում շատ կարեւոր մանրամասներ են հայտնի դառնում: «Հետաքրքիր է, որ եկեղեցու ծածկի մեջ օգտագործել են կճուճներ, անոթներ՝ ինչպես ակուստիկայի, այնպես էլ թեթեւություն հաղորդելու համար, ինչը տարածված էր մեծ կառույցներում, բայց այստեղ եւս օգտագործել են, այսինք արարողությունների համար կարեւորել են ձայնի հնչողությունը եւ գավթի թեթեւությունը»,-ընդգծեց հնագետը:
Հարցրինք՝ արդյոք նման անոթներն ու կճուճները գանձագողության առիթ չե՞ն տալիս մեր ժամանակներում: «Ցավոք, խորհրդային տարիներին գանձագողության նպատակով եկեղեցին պայթեցվել է ու պայթեցումների արդյունքում մեծ վնաս է հասցվել Սպիտակ վանքին, տապանաքարերը շրջել են, մտածել են՝ դրանց տակ ինչ-որ բան կա պահված: Դա համատարած խնդիր է, եւ միայն Սպիտակ վանքին չի վերաբերվում»,-պատասխանեց Դիանա Միրիջանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Դիանա Միրիջանյանի ֆեյսբուքի էջից: