Հայաստանում ցորենի արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015-2016 թվականներին, երբ մեկ հեկտարից 30-32 ցենտներ ցորեն է հավաքվել: Անցյալ տարի՝ 2023 թվականին, ցորենի ապահովվածության ինքնաբավության տոկոսը կազմել է 27,9 տոկոս, իսկ 2024 թվականին իրավիճակն ավելի ծանր է լինելու. այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ անցած տարվա համեմատ այս տարի շատ քիչ է ցորեն աճեցվել։
«2022 թվականի աշնանը ցանվել էր 71 400 հա ցորեն, 2023 թվականին ցորենի համախառն բերքը կազմել է շուրջ 177 հազար տոննա։ 2023 թվականին կատարված աշնանացանը, որը հիմա հնձվում է, օպերատիվ տվյալներով, եղել է 56 500 հա, այսինքն՝ շուրջ 15 000 հա պակաս»,-համեմատական տվյալներ բերեց նախկին պաշտոնյան:
Նա հրապարակեց նաեւ ցորենի կորստի տվյալները. 2022 թվականին այն կազմել է 35 700 տոննա, 2023 թվականին ոչ թե դաշտերում, այլ արդեն բերքահավաքից հետո, կորուստն ավելացել է 10 հազար տոննայով` կազմելով 45 600 տոննա. «Մկնանման կրծողների խնդիրն այս տարի իսկապես մեծ է, բացի այդ` ծաղկման փուլում ծաղկավիժման խնդիրներ են դիտվել տարբեր մարզերում. հատիկը չի ձևավորվել: 2023 թվականին արտադրվել է 177 հազար տոննա ցորեն, որից կորուստը 45 հազար տոննա։ Չի կարող 45700 տոննա ցորեն կորի, այն մեր 3-4 ամսվա սպառումն է։ Դրանից էլ հանք էթիլ սպիրտը, մակարոնեղենն, այն լուրջ թիվ է։ Ուզում եք այդ թիվը նկարչություն, ասեղնագործություն համարեք, այն ՀՀ իրականությունից կիլոմետրերով հեռու է, ոչ թե Կիրանցի դպրոցից Ադրբեջանի սահման հեռավորությունը` այլ՝ կիլոմետրերով»:
Թե ո՞ւր է կորել այդ ցորենը՝ Աշոտ Հարությունյանն անցած տարվանից է փորձում հասկանալ. ԱՎԾ-ն դեռ պարզաբանում չի տվել:
Կարդացեք նաև
Եվ քանի որ 2024 թվականին ավելի քիչ են ցորեն ցանել, դրան գումարելով նաև մկնանման կրծողների գործոնը, նախկին փոխնախարարը եզրահանգում է՝ հացի խնդիր ենք ունենալու. «2024 թ.ի համար աշնանացան ցորենը եղել է 55030 հա, որից մոտ 54800 հեկտարը գնացել է բերքահավաքի, 2023 թվականին 70000 հա է եղել հնձված ցանքատարածքները։ Այսինքը՝ այս տարի 30000 տոննա ավել պակաս է լինելու բերքը, քան նախորդ տարի, եթե հեկտարից ենթադրենք, որ 25.5 ցենտներ կստացվի։ Եթե սրան գումարենք կրծողների գործոնը և չհնձած հեկտարները, ապա շատ ավելի քիչ է լինելու ցորենը։ Առհասարակ 2018 թվականից առ այսօր գրանցվել է ցորենի ցանքատարածների ամենացածր մակարդակ»:
Աշոտ Հարությունյանի խոսքով, ինքն անձամբ է այցելել տարբեր ցանքատարածքներ, ուստի վստահեցնում է` իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի տեսել, որ կոմբայնը մոտենա դաշտին հնձելու եւ չկարողանա, քանի որ մուկն ամբողջովին կերել է բերքը:
Նախկին պաշտոնյան հիշեցնում է՝ դեռ 2021–22 թվականներին ՀՀ կառավարությունը պետք է մոնիթորինգ աներ շուրջ 215 հազար հա ցանքատարածքները` պարզելու համար կրծողներով ու մորեխներով վարակվածության աստիճանը, որպեսզի կանխարգելման քայլեր ձեռնարկվեին: Մինչդեռ, հանրապետությունում մոնիթորինգի ենթակա ցանքատարածքների թիվը 2022 թվականին, կառավարությունը կրճատեց՝ դարձնելով 53 հազար հեկտար. «Սա արդեն շատ բանի մասին է խոսում։ Երբ ահազանգեցինք այս մասին, իշխանությունները 2023 թվականին վերականգնեցին մոնիթորինգի ենթակա ցանքատարածքների մակերեսը՝ հասցնելով 215 հազար հեկտարի։ Գիշերը չքնելու ու խնդիրը լուծելու փոխարեն կառավարությունը ոչ մի միջոցառում չի արել»:
Նախկին պաշտոնյան նաեւ հայտարարեց, որ մոնիթորինգի արդյունքում, պատկան մարմինները բացահայտել էին, որ այգիներում կրծողներով ու միջատներով վարակվածության աստիճանը հասնում է 72 տոկոսի, իսկ վարելահողերում 60 տոկոսն անցնում է։
Մեր երկրում, «գյուղատնտեսության աղետը», ըստ բանախոսի, սկսվել է 2018 թվականի երկրորդ կիսամյակից, երբ փակվեց գյուղատնտեսության նախարարությունը:
Հանրապետությունում նաեւ բանջարեղենի ցանքատարածքներն են պակասել: Արտահանումն էլ էականորեն զիջում է ներկրմանը, այն դեպքում, երբ Հայաստանը բանջարեղենի մասով միշտ ինքնաբավ է եղել: Աշոտ Հարությունյանը հիշեցնում է նաեւ կարտոֆիլի հետ կապված խնդիրը, երբ հազարավոր տոննաներով կարտոֆիլ թափվեց: Ըստ պաշտոնական թվերի, անցած տարի արտադրվել էր 364 հազար տոննա կարտոֆիլ, ներկրվել է 21 հազար տոննայից ավել կարտոֆիլ, արտահանվել է 18 հազար 400 տոննա. սա բանախոսը բացառում է:
Աշոտ Հարությունյանը նաեւ բավականին հետաքրքիր թվեր հրապարակեց՝ կոնյակի արտահանմանը վերաբերվող. ըստ այդմ, 2023 թվականին հրապարակված պարենի արտահանման տվյալներով, 2022 թվականին, Հայաստանից կոնյակի արտահանումը կազմել է 80 հազար 400 տոննա:
Երեկ հրապարակված նույն տվյալներով, կոնյակի արտահանման 2022 թվականի ցուցանիշում նշված է, որ կոնյակի արտահանումը կազմել է 82 հազար 86 տոննա. Աշոտ Հարությունյանը չի հասկանում 2 հազար տոննան ինչպե՞ս է ավելացել: ԱՎԾ-ում ասել են, որ թվերը մաքսային ծառայությունից են ստանում, տպագրական սխալի արդյունք չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ