«Առավոտի» զրուցակիցն է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
-Պարոն Ղազարյան, հայտարարվեց, որ Եվրամիությունը մեկնարկում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը։ Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում։
-Եվրոպական միության խորհուրդը որոշում կայացրեց, որ Հայաստանի հետ կմեկնարկի վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դա մեր տարիների բանակցային եւ միգրացիոն ոլորտում իրականացված փոփոխությունների արդյունք է, որովհետեւ Եվրոպական միությունը շենգենյան գոտու ստեղծումից ի վեր` ընդամենը 8 պետության հետ է մեկնարկել վիզաների ազատականացման երկխոսություն եւ ավարտին հասցրել։ 2017 թվականից ի վեր՝ Եվրամիությունը որեւէ երկրի հետ վիզաների ազատականացման երկխոսություն չէր մեկնարկել։ Այսինքն՝ 7 տարիների դադարից հետո Հայաստանն առաջին երկիրն է։
Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից հետո տեղի է ունենում նախաբանակցային փուլ։ Այսինքն՝ Եվրոպական հանձնաժողովը նշանակում է բանակցող, իրականացվում է առկա իրավիճակի ուսումնասիրություն, եւ սովորաբար 6-8 ամսվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովը մշակում է եւ գործընկեր երկրին է ներկայացնում վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր։ Կախված տարբեր երկրներում առկա իրավիճակից՝ այդ գործողությունների ծրագրի իրականացումը կարող է տեւել տարբեր ժամանակահատվածներ՝ հիմնականում 4 տարի եւ ավելի։ Երկրներ կան, որ մեկնարկել են երկխոսությունը, բայց ավարտին չեն հասցրել, օրինակ, Թուրքիայի պարագայում այդ երկխոսությունն արդեն տեւում է 10 տարուց ավելի։
Կարդացեք նաև
–Ի՞նչն է կարեւոր այդ գործընթացում։
-Եթե ուսումնասիրում ենք այն երկրների գործողությունների ծրագրերը, որոնք անցել են այդ ճանապարհը, այդ գործողությունների ծրագրերն ունեն նույնատիպ կառուցվածք։ Այդ կառուցվածքը հիմնականում բաղկացած է 4 բլոկների հարցերից։ Առաջին բլոկն առնչվում է տվյալների, փաստաթղթերի անվտանգությանը եւ բիոմետրիկ կամ կենսաչափական փաստաթղթերին։ Այսինքն՝ երկիրը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ։ Դուք գիտեք, որ մենք այս ուղղությամբ եւս աշխատանքներ ենք իրականացնում. կառավարությունը որոշել է, որ պետություն-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ պետք է ներդրվի բիոմետրիկ համակարգը։ Հայաստանն ունեցել է բիոմետրիկ համակարգ, բայց այն մաշվել է, այն բիոմետրիկ կրիչները, որոնք օգտագործվել են նախկինում մեր փաստաթղթերում, այլեւս աշխարհում չեն արտադրվում, եւ պետք է նոր լուծումներով համակարգ ներդրվի։
Վիզաների ազատականացման երկրորդ խումբ հարցերն առնչվում են միգրացիայի կառավարմանը, անկանոն միգրացիայի դեմ պայքարին եւ կայուն ապաստանի համակարգին։ Այս ոլորտում եւս մենք մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել, ՆԳՆ ձեւավորման եւ այս կառուցվածքային փոփոխությունները եւս առնչվում են այդ ոլորտի կառավարմանը։
Երրորդ բլոկն առնչվում է հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին, թրաֆիքինգի դեմ պայքարին։
Եվ չորրորդ ոլորտն առնչվում է մարդու իրավունքների հիմնարար պաշտպանությանը եւ այսպես կոչված՝ արտաքին չափմանը։ Կախված երկրից՝ ներկայացվում են մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային գործիքակազմեր, որոնց տվյալ երկրները միանում են։ Եթե նայում ենք այն փորձառությունը, որն ունեցել են այլ երկրներ, այս մասով մենք բավական առաջընթաց ունենք։ Երբ առաջիկայում Եվրոպական հանձնաժողովն արդեն կնշանակվի բանակցող, եւ Եվրամիությունը կներկայացնի գործողությունների ծրագիրը, մենք պրակտիկ քայլերով կգնանք առաջ։ Այդ ընթացքում էլ մշտապես լինում են գնահատման, մոնիտորինգային զեկույցներ, Եվրամիությունը կներկայացնի, թե Հայաստանն ինչ առաջընթաց է գրանցում։
-Անկանոն միգրացիան մշտապես խնդիր է եղել, Եվրամիության երկրներից ի՞նչ ուղերձներ կան, ինչպե՞ս են գնահատում Հայաստանի իրավիճակն անկանոն միգրացիայի տեսակետից։
-Անկանոն միգրացիայի հետ կապված մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները, երբ թեկուզ օրինական ճանապարհով հայտնվում են Եվրամիության երկրներում, ներկայացնում են ապաստանի դիմումներ, որոնք իրականում հիմք չունեն։ Ապաստանի դիմումների տրամաբանությունն այն է, որ անձն իր ծագման երկրում պետք է հետապնդվի Փախստականների մասին կոնվենցիայի հիմքերով։ Այդ հիմքերը հինգն են՝ ազգություն, ռասա, որոշակի սոցիալական խմբին պատկանել, կրոն եւ քաղաքական հայացքներ։ Այս հիմքերով Հայաստանում, ըստ էության, հետապնդում գոյություն չունի։ Եվ այդ պատճառով էլ ապաստանի դիմումների մեծամասնությունը մերժվում են։
Օրինակ՝ վերջին համատեղ նիստում, որն ունեցանք եվրոպացի գործընկերների հետ՝ նախատեսված ռեադմիսիայի համաձայնագրով, եվրոպացի գործընկերները մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ քաղաքացիների ներկայացված դիմումների 96 տոկոսը եւ ավելին մերժվում են։ Մնացած 4 տոկոսի պարագայում էլ հիմնականում տրվում է հումանիտար բնույթի պաշտպանություն։ Այսինքն՝ եթե նայում ենք, այստեղ էական են առողջապահական համակարգի խնդիրները։
Շատ ցավալի է, որ մեր քաղաքացիներն ապաստանի համակարգը հիմնականում դիտում են որպես ԵՄ անդամ երկրներում ձրի առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորություն, ինչը մեզ համար բարդություններ է առաջացնում։ Սրան մենք փորձում ենք հակադրել երկու բան՝ քաղաքացիների իրազեկության բարձրացումը, որպեսզի քաղաքացիները հասկանան, որ ապաստանի համակարգն այլ է, առողջապահականը՝ այլ։
Եվ երկրորդ, առողջապահական համակարգում տեղի են ունենում բարեփոխումներ, մասնավորապես, քննարկվում է առողջապահական պարտադիր ապահովագրության ներդրման հարցը, որը շատ կարեւոր քայլ է ՀՀ քաղաքացիների հոսքը դեպի եվրոպական երկրների կասեցնելու տեսանկյունից։ Ավելի թիրախին բարեփոխում էլ է իրականացվել, երբ մենք ուսումնասիրություններ էինք իրականացրել մեր գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ, բացահայտել էինք մի հանգամանք, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում քաղցկեղի բուժման ու հեմոդիալիզի համար են գնում արտերկիր։ Հայաստանում արդեն քաղցկեղի վիրահատություններն իրականացվում են պետական պատվերով։ Այսինքն՝ քայլ առ քայլ այս խնդիրները լուծելով՝ պետք է փորձենք կասեցնել կամ կանխարգելել այս միգրացիոն հոսքը, որն սկսել էր էականորեն նվազել։
ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը եղել է 2016 թվականին՝ 8000-ից ավելի հայցեր էին ներկայացվել։ Հետագայում այդ տենդենցը նվազում էր, ամենացածր ցուցանիշը եղել է 2020 թվականին՝ մոտ 1200 հայց։ Կովիդի սահմանափակումների վերացումից հետո այս թիվն աճել է, եւ 2023 թվականին հասել էր 5000-ի։ Այսինքն՝ մենք այստեղ խնդիր ունենք, որին արձագանքում ենք։
-ՀՀ քաղաքացիներին հուզող հարցը հետեւյալն է՝ ի վերջո կա՞ հնարավորություն, որ առանց վիզայի կայցելեն եվրոպական երկրներ։
-Ձեր հարցի պատասխանն է՝ այո, այդ հնարավորությունը կառաջանա այն ժամանակ, երբ մենք վիզաների երկխոսության ազատականացման ավարտին կմոտենանք։
-ՀՀ քաղաքացիները վերջին տարիներին դժգոհում են Հայաստանում ներկայացված Եվրամիության անդամ երկրների դեսպանատների աշխատանքից։ Մարդիկ ամիսներով հերթ են կանգնում, ազատ տեղեր չկան, որպեսզի գրանցվեն։ Ի՞նչ է կատարվում այս ոլորտում։
-Մենք հասկանում ենք, որ ներկայիս իրավիճակում բավական խնդիրներ կան Հայաստանում ներկայացված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում։ Ինչ-որ չափով օբյեկտիվ հանգամանք էլ կա, օրինակ, մեր ավիացիոն շուկայում տեղի ունեցած փոփոխությունները, որոնց արդյունքում դեպի եվրոպական ուղղություններ թռիչքները բավական էժանացել են ու մարդկանց համար հասանելի են դարձել։ Դրա արդյունքում անձնագրային ոլորտում եւս պահանջարկի մեծացում կա։ Ես գիտեմ, որ այս խնդիրն արտաքին գործերի նախարարության գործընկերները բազմիցս բարձրացրել են եվրոպական երկրների առջեւ՝ դիմելով ու խնդրելով, որպեսզի հյուպատոսական կարողություններն այստեղ ավելացվեն։ Բայց իրականում այդ խնդրի հիմնարար լուծումը կլինի հենց վիզաների ազատականացումը։
-Այսինքն՝ դուք ասում եք, որ եվրոպական երկրների դեսպանատներում մեծ հերթերի պատճառը պահանջարկի ավելացո՞ւմն է։
-Ինձ մի քիչ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետեւ հարցի իրական հասցեատերը եվրոպական երկրների դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկներն են։ Զուտ մասնագիտորեն տիրապետելով ոլորտին՝ կարող եմ ասել, որ շատ ակնհայտ է, որ կա պահանջարկի աճ։ Եվ դրա ազդեցությունը չէր կարող չլինել այս հերթերի տեսքով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ