«Սրբազան պայքարի» մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան ընդառաջ ասաց. «Մենք չենք կարող հանգիստ գլուխներս դնել բարձին քնել եւ ապրել, քանի դեռ մեր արժանապատվությունը խոցված է, քանի դեռ մենք ապրում ենք անպատվության մեջ: Չի կարող հանգիստ ապրել յուրաքանչյուր հայ մարդ ստեղծված այս իրականության մեջ: Պետք է հասկանանք, որ սա անմիջապես մեր արժանապատվության հարցն է: Այս անպատվությունը որ կա, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում կտտանքների է ենթարկվում, ուղիղ ապտակ է բոլոր հայ մարդկանց, ուղիղ խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի վճռական լինենք, գործենք ավելի գործնական: Չկա ավելի կարեւոր հարց, քան նրանց օր առաջ Ադրբեջանի բանտերից ազատ արձակելը: Եվ COP 29-ին ընդառաջ մեր արտաքին եւ ներքին ամբողջ գործունեությունը պետք է լինի մեկը. անել ամեն ինչ, որպեսզի ճնշում գործադրվի բռնապետական ռեժիմի վրա, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն»:
Դաշնակցական պատգամավորը դիմեց նաեւ աշխարհասփյուռ հայությանը, որ նրանց մասնակցությունը եւ ճնշումը շատ կարեւոր է. «Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է իրենց երկրների կառավարություններին դիմեն կոչով, անհնազանդության ակցիաներ, ցույցեր, միտինգներ անեն՝ ստիպելով, որ տվյալ կառավարությունը հստակ իր առաջնային գործառույթը համարի ճնշումը ադրբեջանական կողմի վրա:
Մոռացեք: Այս իշխանությունները մինչեւ այսօր որեւէ քայլ չեն արել, որպեսզի պատանդառությունից ազատեն գերության մեջ գտնվող մեր եղբայրներին: Հակառակը, ես խորին համոզմունք ունեմ, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի նրանք մնան գերության մեջ, որովհետեւ այս մարդկանց Հայաստանում գտնվելը իրենց նեղություններ կպատճառի»:
Գառնիկ Դանիելյանը հավաստիացրեց, որ «Սրբազան պայքարը» դրա համար գործուն քայլեր է ձեռնարկում. «Սեպտեմբեր ամսից կլինեն հավաքներ, ֆորումներ, գործողություններ, որոնց առումով մեծածավալ աշխատանք է կատարվում: Եվ սա լինելու է ջրբաժան»:
Կարդացեք նաև
Նա նաեւ խոսեց «Սրբազան պայքարի» նախատեսված ակտիվի հավաքի մասին, որը պետք է կայանար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Հավաքին, որը շատ կարեւոր է, պետք է մասնակցեր Շարժման կորիզի 10 հազար ակտիվիստ եւ որի ժամանակ պետք է ամփոփվեր այս ամբողջ ընթացքը, քննարկվեին հետագա անելիքները: Սակայն խուսափողական վարքագիծ է դրսեւորում ՄՀՀ-ի տնօրենը: Այսինքն, կա իշխանության կողմից հստակ հրահանգ՝ այդ տարածքը «Սրբազան պայքարին» չտրամադրելու վերաբերյալ: Բայց ինչպես երեկ Սրբազան հայրն ասաց, մենք մինչեւ վերջ պահանջատեր ենք լինելու եւ ստիպելու ենք, որպեսզի այդ տարածքը տրամադրվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ