«Ա1+». Բռնի տեղահանությունից հետո շատ արցախցիներ կամ ու կացի մեջ էին հայտնվել։ Կյանքի թելադրած նոր պայմաններում գոյատևման ուղիներ ոչ բոլորին էր հաջողում գտնել։ «Արցախը հարկադրաբար լքելուց որոշ ժամանակ անց տարածք ենք վարձակալել ու սկսել հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել։ Արդեն դեկտեմբերի 10-ին Վ. Վաղարշյան և Հր. Քոչար խաչմերուկում բացվեց մեր «Real Bakery Armenia» խանութը։
Ութ աշխատող ունենք, որից 5-ն արցախցիներ են։ Ստեփանակերտում առևտրով էինք զբաղվում։ Երևանում փոխել ենք զբաղվածության ուղղությունը»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի մարկետների ցանցերից մեկի սեփականատեր Գայանե Ղարայանը։ Հացաբուլկեղենի խանութի արցախցի սպառողների ամենապահանջված ուտեստն արցախյան ավանդական ժենգյալով հացն է։ Ժենգյալով հացի արտադրությամբ ստեփանակերտցի Գալինա Բադալյանն է զբաղվում։ Պատվերները նաև առցանց են ընդունում՝ «Real Bakery Armenia» ֆեյսբուքյան էջի միջոցով։
«Ցանկության դեպքում հաճախորդները կարող են տեղում համտեսել իրենց նախընտրածը։ Խանութում վաճառվող բոլոր ապրանքները, իհարկե, բացի ըմպելիքներից, սեփական արտադրության են»։ Շուկա մտնելու հետ կապված առանձնակի դժվարությունների չեն հանդիպել։ «Ընդհանրապես կազմակերպչական աշխատանքների ժամանակ պետական մարմինների հետ ոչ մի խնդրի չենք առնչվել։ Միակ խնդիրը շուկայում ճանաչված լինելն է, քանի որ մրցակցությունը մեծ է, ուստի մեզանից կրկնակի աշխատանք է պահանջվում։ Նաև պետք է կարողանաս շահավետ առաջարկով հանդես գալ՝ սպառողներ ներգրավելու, և որ ամենակարևորն է՝ նրանց քո դաշտում պահելու, քանակ ապահովելու համար»,- ասում է զրուցակիցս։ Սկզբնական շրջանում գոհանում էին նրանով, որ կարողանում էին աշխատողների աշխատավարձերը վճարել։
Անահիտ Պետրոսյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: