Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է Սրբազան պայքարի մոտեցումներն ու առաջնահերթությունները

Օգոստոս 27,2024 13:50

Սրբազան պայքար. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հավաքի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին ևս մեկ անգամ ներկայացրել է տարբեր ուղղություններում և ոլորտներում Սրբազան պայքարի մոտեցումներն ու առաջնահերթությունները։

Սրբազան հոր ելույթի կարևոր դրույթները.

Արտաքին քաղաքական նոր հայեցակարգ. ՀՀ-ն պիտի հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելն անընդունելի ու մերժելի է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով:

ՀՀ-ն պիտի ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների՝ բանակցային ու գործընկերային ճանապարհով լուծմանը։ Միաժամանակ՝ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ։

Անվտանգային խնդիրներ. ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խիստ լարված է: Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից, իրականացվող այսպես կոչված սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Բաքվի կողմից հնչող նախապայմանները (այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ու ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի օրակարգ, ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը Անկախության հռչակագրին, բայց որևէ կերպ չի բացառվում, որ այլ պահանջներ ևս ներկայացվեն), նաև՝ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունն առաջնահերթ են դարձնում անվտանգային համակարգի վերակազմավորման ու ամրապնդման խնդիրները: Վերջինս պիտի ներառի պետության անվտանգային համակարգի ինչպես ներքին բաղադրիչը՝ ազգային բանակն ու դրա մարտունակության շարունակական բարձրացման հարցերը, այնպես էլ արտաքին բաղադրիչը՝ ի դեմս դաշնակիցների հետ հարաբերությունների՝ վերականգնման միտումով վերանայման, խնդիրների վերհանման ու կառուցողական մթնոլորտում լուծումների փնտրտուքի:

Բարեփոխումներ Զինված ուժերում. ՀՀ ԶՈՒ բարեփոխումները պիտի լինեն խորքային ու թիրախային՝ ուղղված առկա խնդիրների լուծմանը, նոր մարտահրավերներին բանակի պատրաստվածության ապահովմանը: Անհրաժեշտ է անվտանգության հիմնարար, ներքին բաղադրիչի՝ ՀՀ ԶՈՒ վերականգնում, որը ներառում է՝ բանակի արդիականացում՝ կրթական ծրագրերից մինչև նորագույն սպառազինությունների ձեռքբերում, ՀՀ ԶՈՒ պատշաճ ֆինանսավորում, սպայի հեղինակության ու բանակի, զինվորականության հանդեպ հարգանքի վերականգնում, ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ հետևողական պայքար և այլն:

Պետության ուշադրության ու իրական, գործուն հոգածության կենտրոնում պիտի լինեն ռազմական գործողություններին մասնակցած, հայրենիքի համար կյանքն ու առողջությունը նվիրաբերած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները:

Անվտանգություն՝ լայն իմաստով. Հայաստանի անվտանգային խնդիրները չեն սկսվում ու ավարտվում միայն արտաքին սպառնալիքներով: Կարևորագույն խնդիր է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում բնակվող անձանց անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության և բոլոր իրավունքների պաշտպանությունը, պարենային անվտանգությունը, սոցիալական անվտանգությունը և այլն: Մարդն ու ՀՀ քաղաքացին Հայաստանում իրեն պիտի զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով:

Արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգ. Արցախի և արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛: Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը և արցախահայության խախտված իրավունքների (թե՛ անհատական, թե՛ հավաքական), այդ թվում և առաջին հերթին՝ համապատասխան անվտանգային երաշխիքներով արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնմանը:

Իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձև. Ադրբեջանի հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» հայեցակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել: Կարգավորումը պիտի հիմնված լինի արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա և չի կարող ձեռք բերվել ի հաշիվ որևէ կողմի արժանապատվության: Հարաբերությունների կարգավորման գործընթացը պիտի հավասարապես հաշվի առնի բոլոր կողմերի շահերը: Եվ հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պիտի բովանդակային վերաձևակերպման ենթարկվեն՝ հիմքում ունենալով հայ ժողովրդի շահերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների առանձնահատկությունները: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պիտի լինեն փոխադարձ օժանդակության խողովակ ու փոխադարձ կարևորության արտահայտում, պիտի ունենան Մայր Հայաստանի կողմից, համայնքների ներգրավմամբ, մշակված հայեցակարգ ու օրակարգ: Հայաստանը պիտի դառնա ողջ հայության համախմբման, նաև՝ կարողությունների համադրման ու առավելագույնս իրացման կենտրոն: Այս ուղղությամբ աշխատանքները պիտի օր առաջ իրականացվեն՝ հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրների ծավալները:

Սոցիալական արդարություն. Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը Հայաստանում պիտի դառնա պատվիրանի մակարդակի կանոն և ոչ թղթի կտոր կամ իմիտացիայի առարկա: Օրինակ՝ չի կարող ՀՀ-ում որակյալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենալ հարուստը ու նման հնարավորությունից զուրկ լինել աղքատը, որակյալ առողջապահական ծառայություն ստանալու հնարավորություն ունենա պաշտոնյան և չունենա պաշտոն չզբաղեցնողը, ունենա քրեաօլիգարխիկ հեղինակություն հանդիսացողը և չունենա սովորական քաղաքացին և այլն։ Մեր երազած Հայաստանի տեսլականին հասնելու համար սրա դեմ անհրաժեշտ է պայքարել հնարավոր բոլոր ձևերով՝ հանրությանը տեսանելի կերպով օրենքի առաջ խստագույնս պատասխանատվության ենթարկելով այս սկզբունքների դեմ գնացողներին։

Մարդակենտրոնություն. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի զգա պետական քաղաքականության մարդակենտրոնությունը՝ իրավական ակտերի բովանդակությունից մինչև առանձին ոլորտներում տարբեր խնդիրների կարգավորման ընթացակարգեր: Մշակվող քաղաքականության, ներդրվող բարեփոխումների, իրականացվող ծրագրերի հիմքում պիտի լինի մարդը և մարդու իրավունքները, մարդու՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ապահով ապրելու տեսլականը: Հայաստանում մարդը, քաղաքացին, համայնքը երբևէ չպետք է լինեն անտեսված:

Ազգային արժեքներ. Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ազգային պետություն՝ հիմնված ազգային արժեքների վրա: Հայոց պատմությունը, հայոց լեզուն, քրիստոնեությունն ու ՀԱԵ-ն, մշակույթը, ընտանիքն ու հայրենիքը, հայրենյաց պաշտպանն ու մշակը մեր կարևորագույն արժեքներն են, որոնք պիտի գտնվեն պետության ուշադրության, պաշտպանության և հոգածության ներքո: Ցանկացած քայլ՝ նպատակ ունեցող խարխլել այդ հիմնասյուները, պիտի կանխվի, պիտի դատապարտվի ու պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ապագա սերնդի դաստիարակության կարևոր ու առանցքային բաղադրիչ պիտի լինեն ազգային արժեքները:

Ժողովրդավարություն՝ իրական և ո՛չ իմիտացիոն. Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը պիտի լինեն երաշխավորված: Քաղաքական բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների պրակտիկան պետք է արմատախիլ արվի: Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական դիրքից, ազգային, ռասայական, կրոնական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից պիտի զգան օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրենց իրավունքների երաշխավորված պաշտպանությունը: Հայաստանին պետք է իրական ժողովրդավարություն, ոչ թե ժողովրդավարության իմիտացիա:

Արդար, թափանցիկ իրավապահ ու դատական համակարգեր. Հայաստանի իրավապահ, նաև՝ դատական համակարգերը չպիտի լինեն գործող իշխանությունների հրամանների կամակատարները: Եթե իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչները շեղվեն օրենքով սահմանված իրենց լիազորություններից, քաղաքացիների մեջ դնեն տարբերություն՝ սոցիալական, հասարակական դիրքից, անունից ու հեղինակությունից, քաղաքական հայացքներից ելնելով, ապա նման քայլ իրականացնողը պիտի ենթարկվի պատժի օրենքի ողջ խստությամբ։ Ավելին՝ այս սկզբունքի երաշխավորումը պիտի օրենսդրական մակարդակով հնարավորինս հստակ սահմանվի։ Ընտրովի արդարադատությունը, ինչին քիչ չենք ականատես եղել և ինչին ականատես ենք հենց հիմա, պիտի բացառվի, պիտի արմատախիլ արվի։

ՀՀ իրավապահ համակարգի հերթական խայտառակությունը դարձավ 2024թ. հունիսի 12-ը, երբ արտացոլվեց իրավապահ համակարգի ողջ իրական պատկերը: Սեփական քաղաքացիների նկատմամբ բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, շարունակական հետապնդումներ ու բռնաճնշումներ… որից հետո իշխանությունների քաղաքական հովանու ներքո որևէ քայլ չձեռնարկվեց իրական մեղավորներին պատժի ենթարկելու ուղղությամբ: Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և եթե այսօր չլինի պատշաճ քննություն, եթե մեղավորները չենթարկվեն օրենքով սահմանված պատժի, շատ ավելի ծանր է լինելու պատիժը ապագայում: Ի դեպ, ծանր է լինելու պատիժը նաև այսօր հանցավոր անգործության դիմած պաշտոնյաների համար:

Արդյունավետ պետական կառավարման համակարգ. Այսօր առաջնահերթություն են պետական համակարգի բարեփոխումները՝ ապահովող համակարգի առավելագույնս արդյունավետություն և հասանելիություն՝ ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Պետական կառավարման համակարգը պիտի լինի բաց, թափանցիկ ու ճկուն՝ ապահովելու համար անհրաժեշտ լուծում իր առաջ դրված խնդիրներին:

Կոռուպցիայի դեմ պայքար. Կոռուպցիայի դեմ պայքարը չպիտի լինի իմիտացիոն ու միջազգային գրանտներ շահելու նպատակով, սեփական երկրում ինդուլգենցիա ստանալու նպատակով, այլ պիտի լինի իրական ու հետևողական։ Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի զգա իր կյանքում։

Տնտեսական առաջընթաց և ազգային բիզնեսի ձևավորում. տնտեսության իրական, խորքային զարգացումն առաջնահերթություն է: Տնտեսությունը պիտի կառուցվի կայուն սկզբունքների վրա՝ բարեխիղճ տնտեսվարողին աջակցելով, բոլորի համար հավասար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելով, ներդրումային գրավիչ միջավայր ձևավորելով, տեղական արտադրությունը խրախուսելով: Հայաստանում պիտի ձևավորվի ազգային բիզնես, այսինքն՝ բիզնեսը պետք է ունենա ազգային դիմագիծ և իր առաջին ծառայությունը պետք է լինի սեփական պետությանն ու սեփական ժողովրդին: Հայաստանում բիզնեսը պիտի դադարի գործել օրվա իշխանությանը ծառայություն մատուցելու տրամաբանությամբ:

Որակյալ և հասանելի կրթություն. Հայաստանի զարգացման կարևորագույն երաշխիքը կրթված սերունդ ունենալն է: Կրթության որակն ու հասանելիությունը պիտի լինեն պետության սևեռուն ուշադրության ներքո: Պետությունը պիտի նպաստի կրթված, իրենց գործին տիրապետող մասնագետների ձևավորմանը՝ ապահովելով համապատասխան աշխատատեղեր: Որակյալ մասնագետը Հայաստանում պիտի լինի պահանջված ու գնահատված:

Պատասխանատու երիտասարդություն. Հայաստանին անհրաժեշտ է «երիտասարդացում» բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով, առաջին հերթին՝ քաղաքական: Առաջնորդների անընդհատ փնտրտուքը նախկինների մեջ ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Հայաստանի կայուն ու հարատև զարգացումը պահանջում է հայացքն ուղղել վաղվան, ապագային: Միաժամանակ, արդեն այսօր մեր երիտասարդները պիտի զգան իրենց պատասխանատվությունը երկրի կառավարումը ստանձնելու, երկրի զարգացումն առաջնորդելու հարցում, իսկ պետությունն իր հերթին պիտի ստեղծի դրա համար նպաստավոր բոլոր հիմքերը՝ ապահովելով որակյալ ու հասանելի կրթություն, լուծելով երիտասարդության զբաղվածության խնդիրները, տալով զարգացման լավագույն հնարավորությունները:

Որակյալ և հասանելի առողջապահություն. Պետությունը պիտի երաշխավորի իր քաղաքացիների համար առողջապահական որակյալ ծառայությունների հասանելիությունը: Առողջապահությունը պիտի հասանելի լինի հասարակության բոլոր շերտերի համար, պիտի արդյունավետ կիրառվի անվճար բուժօգնության տրամադրման հնարավորությունը, պիտի զարգացման նոր մակարդակի բերվի առողջապահական ապահովագրման ինստիտուտը: Ոլորտի զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական բարեփոխումների հիմքում կարևորագույն գործոն պիտի լինի սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը:

Խոցելի խմբերի պաշտպանություն. Խոցելի խմբերի, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը պետության կարևոր գործառույթներից են: ՀՀ կողմից այս խմբերի անձանց հետ աշխատանքը պիտի վերաձևակերպվի՝ սահմանումներից ու օրենսդրական կարգավորումներից սկսած համապատասխանեցվելով միջազգային լավագույն փորձին:

Մարզերի կայուն և համաչափ զարգացում. կարևորագույն խնդիր է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների արդիականացումը, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Մայրաքաղաքի և մարզերի կյանքի որակի միջև խզվածքը չպիտի լինի անտրամաբանական ու ռիսկերով լի և հատկապես լուրջ ուշադրության կենտրոնում պիտի լինեն սահմանամերձ բնակավայրերը:

Գյուղացին՝ որպես պետության հիմնասյուն. Պետք է գիտակցվի, որ գյուղացին երկրի հիմնասյունն է՝ իր արարումով, ստեղծածով, սեփական ընտանիքն արժանավայել պահելով, քաղաքին ու քաղաքաբնակին ֆորս-մաժորային իրավիճակներում հասնելով, օժանդակելով, ինչպես և եղել է: Գյուղացին չպետք է լինի աղքատ: Սա ֆունդամենտալ խնդիր է, որը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ լուծումներ է պահանջում:

Արտագաղթի դեմ պայքար և ժողովրդագրական պատկեր. Հայաստանում արտագաղթի աճող տեմպերն ու ժողովրդագրական պատկերի դինամիկան խիստ մտահոգիչ են: Անհրաժեշտ է պետական քաղաքականություն ու մշակված հայեցակարգ՝ միտված արտագաղթի տեմպերը նվազեցնելուն, ծնելիությունը խթանելուն և հնարավոր ներգաղթի համար պայմաններ ստեղծելուն: Զուգահեռաբար, նոր մարտահրավեր կարող է դառնալ Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրաձայնվող այսպես կոչված վերադարձի հարցը, ինչի բոլոր ռիսկերը հաշվարկելու և բոլոր սցենարները դիտարկելու օրակարգն այսօր առաջնահերթություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031