Լրահոս
Օրվա լրահոսը

«Որից ի՞նչ օգուտ ենք ստանալու: Մեկը կարող է ասել հարկային ռեկետ, մյուսը՝ անգրագիտություն ու փնթիություն». Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Օգոստոս 27,2024 10:16

Վերջին շրջանում իշխանությունների ներկայացրած նախագծերը, կարծես, միտված լինեն քաղաքացիների, գործարարների, մի խոսքով՝ բոլորիս հարկային բեռը ծանրացնելուն: Շատերն իրականացվող հարկային քաղաքականությունը, նախագծերը բնորոշում են որպես հարկային տեռոր, մյուսները՝ պետբյուջեի ճաքերը փակելու տարբերակ, երրորդները՝ որպես քաղաքական մահակ գործարարների գլխին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն արձագանքում է՝ բոլորի ասածներն էլ ճիշտ են: «Մեկը կարող է ասել հարկային ռեկետ, մյուսը՝ անգրագիտություն ու փնթիություն, մեկը կարող է ընդհանրապես հայհոյել Նիկոլ Փաշինյանին: Ճաշակի հարց է»:

ՊԵԿ-ը պարզաբանում է հետևյալ կերպ՝ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև: «ՊԵԿ-ը, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս սխալվել է: Նա միշտ սխալ է: Նախագծի հիմնավորումները նախագծի իրական նպատակների հետ ընդհանրապես աղերս չունեն: Իրենց բերած հիմնավորումները սխալ են, անտրամաբանական, բովանդակազուրկ, նույնիսկ այնքան անբովանդակ, որ չարժե դրանց հիմնավորմանը հակադարձել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը: Ընդգծում է՝ տեսան, որ այդ բոլոր գործիքակազմերով չեն կարողանում բյուջեն համալրել: «Հիմա պետք են իմպերատիվ ակտեր, վախի մթնոլորտի ստեղծում: Հարկային օրենսգիրքը պարունակում է երկիմաստություններ կամ տարընթերցումներ, այս պարագայում տնտեսվարող սուբյեկտը որոշումը բացառապես կկայացնի հօգուտ հարկային մարմնի, անկախ նրանից՝ ավել վճարումը օրենսդրական-իրավական տեսանկյունից ճիշտ կլինի, թե սխալ, վախի մթնոլորտում ավելի շատ կվճարեն: Սա առաջին իրական նպատակն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Այդ իրավակարգավորումը նույնպես բխում է պետական եկամուտների պլանը չկատարելուց: Ոլորտների, շերտերի, ակնկալվող, թաքցված հասույթների և այլնի հետևից գնում են, որտեղից հնարավոր կլինի՝ ինչ-որ բան «քերել» և բերել պետբյուջե: Այո, պետք է տաքսիների ոլորտը կարգավորել, իրավիճակը շատ վատ է, որովհետև տարեկան մոտավորապես 2 մլն զբոսաշրջիկի այցելության դեպքում տաքսու վարորդը ևս, կամա թե ակամա, ներկայացնում է մեր երկրի դեմքը, մեր մշակույթը:

Օրինակ՝ այդտեղ ավելի լուրջ վտանգներ եմ տեսնում, քան տաքսու ոլորտից հավաքագրված կամ թերհավաքագրված հարկերից: Դրանք կարգավորման ենթակա հարցեր են, բայց ունեն նաև առաջնահերթությունների կարիք: Ո՞ր ոլորտը պետք է առաջնային կարգավորենք, որից ի՞նչ օգուտ ենք ստանալու: Եվ ամենակարևորը՝ չունենք վիճակագրություն, չգիտենք՝ հիմա ժամանակն է այդ ոլորտը տնտեսակա՞ն կարգավորման գնա, թե՞ սոցիալական: Ներքին վստահություն ունեմ, որ առայժմ ունենք սոցիալական կարգավորման շատ լուրջ բաց: Համակարգային լուծման խնդիր կա, ամբողջ շղթան պետք է կապել իրար, դրանից հետո, ըստ ոլորտների, բարեփոխումների ծրագիրը պետք է կազմվի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031