Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն արդեն լիարժեք ազատության մեջ է։ Բազեյանը ձերբակալվեց 2023թ․ սեպտեմբերի 25-ին, մեկ տարի անց նույն օրն ազատ արձակվեց։
«Ես ազատության մեջ եմ, բայց գործը չի կարճվել։ Ինչ-որ պահի կարող են նորից փորձել կազմակերպել»,- երեկ ասաց նա։ Բազեյանի կարծիքով՝ թիրախն իր ստեղծած «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումն է, որի առջեւ դրված էր 2 խնդիր՝ թշնամու կողմից ոտնձգություն կատարելու դեպքում հայ զինվորների կողքին կանգնելն ու հայրենիքը պաշտպանելը։
Հիմա նա Համահայկական միացյալ դաշինք է ձեւավորում, որը ժողովրդին ոտքի կհանի ու կհեռացնի այս իշխանությանը։ «Կես քայլ իմ ճանապարհից հետ չեմ կանգնելու, գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է նպաստի, որ կարողանանք մեր ժողովրդին համախմբել։ Ցավալի է, բայց ժողովուրդը չի տեսնում այսօրվա իշխանությանն այլընտրանք։ Մենք աջակցել ենք սրբազանին, բայց որքան փորձեցինք հուշել ու հասկացնել, որ իմաստ չունի Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցի քննարկումը տանել ԱԺ, միեւնույն է` գնաց այդ քայլին։ Մայիսի 9-ին մոտ 70 հազար մարդ ոտքի էր ելել, պետք էր ասել՝ կանգնում ենք այնքան, մինչեւ այս կառավարությունը հրաժարական տա, ԱԺ-ն լուծարվի»,- ասաց Բազեյանը։
Անդրադառնալով սեպտեմբերին սկսվող գործընթացներին՝ նախկին քաղաքապետն ասաց, որ աջակցելու է սրբազանին. «Ես ունեմ նախաձեռնություն։ Բոլոր ընդդիմադիր ազգային քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, մարդկանց, ովքեր պետական պաշտոն են ունեցել, բայց մաքուր են մնացել, կոչ ենք անում՝ ձեւավորել Համահայկական միացյալ դաշինք, ժողովրդին ցույց տալ այսօրվա իշխանությանն այլընտրանք»։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում