Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է, որ սեղանին խնձոր է դրված եղել, այլ ոչ թե, օրինակ՝ ձմերուկ, այլապես 71-ամյա քաղաքացուն ոչ թե խուլիգանության, այլ ահաբեկչության մեղադրանք կներկայացնեին. «Փաստ»

Օգոստոս 27,2024 08:30

Օգոստոսի 23-ի երեկոյան 71-ամյա մի քաղաքացի, տեսնելով, որ իրենց շենքի բակ է եկել Նիկոլ Փաշինյանը՝ թիկնապահներով, մտել է տուն, վերցրել է սեղանին դրված խնձորն ու պատշգամբից այն նետել Փաշինյանի ու նրա թիկնազորի ուղղությամբ:

Անհայտ է՝ նետած խնձորը դիպե՞լ է որևէ մեկին, թե՞ ոչ: Փոխարենը, առնվազն փաստաբան Ռոման Երիցյանի գրառումից հայտնի է, որ Փաշինյանն ու նրան ուղեկցողները մտածել են, թե իրենց վրա նռնակ են նետել ու անմիջապես պառկել են գետնին: Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ այդ օրվա գիշերը այդ շենքի բնակիչների համար վերածվել է իսկական մղձավանջի, քանի որ փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մեքենան իր ամբողջ ուժով «թափվել» է տվյալ շենքի վրա՝ ցանկանալով պարզել, թե ո՞վ էր խնձոր նետողը: Դե, ի վերջո, պարզել են, բայց նույնիսկ չենք ուզում պատկերացնել, թե ինչ անախորժություններ են պատճառել տվյալ շենքի խաղաղ բնակչությանը:

Փաստաբան Ռոման Երիցյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնձոր նետած Ալբերտ Առուստամյանի «ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչև առավոտյան 07։00-ն: Ալբերտ Առուստամյանին, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ:

…Ի վերջո, պարզվել է, որ Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչը իրավաբաններն արդեն որակել են ծաղր իրավագիտության հանդեպ, իսկ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Սա աղմկահարույց դարձած եղելության, եթե կարելի է այդպես ասել, մեխանիկական կողմն է: Բայց նախքան բովանդակային հարցադրումներին ու դիտարկումներին անցնելը մեկ անգամ ևս պետք է ընդգծենք, որ բռնության դրսևորումը, բնականաբար, անընդունելի է:

Հարկավ, լավ է, որ սեղանին խնձոր է դրված եղել, այլ ոչ թե, օրինակ՝ ձմերուկ, այլապես 71-ամյա քաղաքացուն ոչ թե խուլիգանության, այլ ահաբեկչության մեղադրանք կներկայացնեին: Ու ասվածի մեջ ամենից վատն այն է, որ դա ամենևին կատակ չէ, ինչպես կարող է թվալ ընթերցողին: Եթե փաշինյանական իշխանավարումը այս տեմպերով շարունակվի, ապա շուտով կտեղեկանանք լուրերի, որ «Փաշինյանին թարս նայելու» համար մեղադրանք է առաջադրվել մի խումբ քաղաքացիների: Ու սա նույնպես կատակ չէ, ոչ էլ՝ սարկազմ: Ամեն ինչ դրան է գնում: Թոզփչոցի փիարով «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանը վերջին տարիներին արագացված տեմպերով վերածվել է հակադեմոկրատական «բոստանի»:

Ինչ վերաբերում է այս ամենի «գլխավոր մեղավորին»՝ Նիկոլ Փաշինյանին, ապա սոցցանցերում մարդիկ հույս են հայտնում, որ 9-րդ հարկից նետված խնձորը նրան միգուցե օգնի հայտնաբերել, ճանաչել իրական Հայաստանն ու Հայաստանում իր գործունեության նկատմամբ իրական վերաբերմունքը: Առանձնահատուկ դժվար հասկացողների համար կրկնում ենք՝ ցանկացած բռնություն անընդունելի և մերժելի է: Սակայն խոսքն այս դեպքում առանց չակերտների իրական Հայաստանը ճանաչելու, իրականությունն ընդունելու մասին է:

Փաշինյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է հարց տա՝ ինչո՞ւ են իր ուղղությամբ հովանոց նետում, իրեն տեսնելիս խնձոր կամ ձեռքի տակ ընկած առաջին բանը նետում, ինչո՞ւ են իր զրահապատված ավտոշարասյանը անդադար «սիգնալներով» դիմավորում, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ քնում ու արթնանում իրենց հասցեագրված, մեղմ ասած, բացասական արտահայտություններով, ինչո՞ւ է իր իսկ սերմանած ատելությունը այսպես տոտալ շրջվել իր դեմ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031