Իմ բազմաթիվ իրական եւ հնարովի մեղքերի շարքում կա մի մեղադրանք, որը ես մասամբ ընդունում եմ՝ ես քաղաքականությանը մոտենում եմ «սպիտակ ձեռնոցներով»: Այսինքն՝ չեմ հասկանում, թե քաղաքականությունն ինչպիսի կեղտոտ բան է եւ փորձում եմ այն մեկնաբանել՝ կիրառելով ինչ-որ անհասկանալի չափանիշներ:
Մեղադրանքն, ինչ խոսք, միանգամայն ճիշտ կլիներ, եթե ես մասնակցեի քաղաքական պայքարին, քարոզեի որեւէ մեկի օգտին, կամ՝ նույնիսկ եթե քաղաքականության ներկայիս գործող անձանցից/կուսակցություններից որեւէ մեկի նկատմամբ ունենայի որոշակի համակրանք: Բայց քանի որ այդ ամենը չկա, ապա թույլ տվեք ես մնամ իմ «իդեալական աշխարհում»: Այդ աշխարհում կա մի հատկություն, որը բնութագրվում է ռուսերեն մի շատ հաջող բառով՝ «брезгливость» («զզվանքն» ամբողջությամբ չի արտահայտում իմաստը):
Վերջերս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, պատասխանելով իշխանամետ գործիչներից մեկի կոշտ եւ, ընդունենք, էթիկայից դուրս գտնվող մեղադրանքներին, նրան բնութագրել է որպես մի մարդ, որն «ամեն առաջարկողի հետ բաղնիք է գնում»:
Այդպիսի արտահայտություն ես չէի ցանկանա լսել ոչ միայն հոգեւորականից, այլեւ հասարակական, քաղաքական գործչից, հրապարակախոսից, լրագրողից: Նույնիսկ բլոգերից եւ ֆեյսբուքյան «ստատուսագրից»:
Կարդացեք նաև
Դա տիպիկ փաշինյանական ոճ է՝ քաղաքական բանավեճը տեղափոխել անձնական կոմպրոմատների դաշտ՝ «հաղթահարելով» բոլոր տեսակի բարոյական արգելակները: Այդպես է վարվում վարչապետը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, այդպիսի վարք են դրսեւորում նաեւ կարկառուն ՔՊ-ականները:
Չեմ պատկերացնում, թե ով է կարող «հաղթել» Փաշինյանին՝ լեզվակռվի նման ոճը կիրառելով: Թերեւս՝ միայն ԱՄՆ-ում բնակվող Վարդան Ղուկասյանը: Բայց, Հայաստանից հեռու ապրելով, նա չի կարող ամբողջական մասնակցություն ունենալ մեր երկրի քաղաքականությանը:
…Չեսթերթոնն ասում էր՝ «ես տանել չեմ կարող վիճաբանությունը (argument), որովհետեւ այն միշտ ընդհատում է բանավեճը (discussion)»: Այլ կերպ ասած՝ երբ սկսվում է լեզվակռիվը, դրանով բանավեճն ավարտվում է:
…Ենթադրենք, Հայաստանում հայտնվում է ընդդիմադիր, որը կարողանում է Փաշինյանի ոճով ու նրանից ավելի լավ «չոտկել», «շամփրել», «պորտը տեղը դնել» ցանկացած իշխանավորի (չնայած, կրկնեմ, դրան դժվար եմ հավատում): Ենթադրենք նաեւ, որ նա դառնում է զանգվածների սիրելին եւ հարյուր հազարավոր մարդիկ «մեռնում են նրա դուխին»: Շարունակելով ենթադրությունները՝ ընդունենք, որ նա լեզվակռվի իր տաղանդների շնորհիվ դառնում է «թագավոր»: Ասացեք խնդրեմ, ինչի՞ համար է մեզ պետք երկրորդ Փաշինյանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարն արված է 2018-ի սեպտեմբերին «Իմ քայլը՝ հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո:
BRAVO!
Շտապ տոմս գնել ու բերել Վարդան Ղուկասյանին: Ի օգնություն Բագրատ Սրբազանին:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ով իր իշխանությունը մասնավորապես իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ստացվում է, ով ազատ ընտրություն չի կատարում, նա հրաժարվում է իր ընտրելու իրավունքից եւ որպես արդյունք՝ հրաժարվում է ժողովրդին պատկանելու իրավունքից եւ հրաժարվում է իշխանությունից: Քաղաքականությամբ զբաղվելը՝ սեփական իշխանության դրսեւորումն է, դրա համար մարդ ամենաքիչը պետք է գնա ընտրություններին եւ ընտրի որեւէ քաղաքական ուժի: Ով զզվում է քաղաքականությունից, չի մասնակցում ընտրություններին եւ ինքնակամ հրաժարվում է իշխանության իր օրինական իրավունքից, նա դրանով ջուր է լցնում գլոբալ այլասերված քոչվորների հակաազգային հակապետական եւ հակամարդկային ջրաղացին, որոնք աշխարհով մեկ հիվանդությունների ու պատերազմների համավարակներ են տարածում: Մոտենում են ամերիկյան ընտրությունները եւ ամբողջ աշխարհով սպասվում են հին ու նոր հակամարտությունների բորբոքում եւ մենք ամբողջ ազգով ներքին քաղաքական պայքարի ժամանակավոր հրադադար պետք է հայտարարենք, բոլոր ուժերը՝ նախկիններն ու ներկաները, սրբերն ու մեղավորները, բոլորովս իրար թիկունք ենք դառնում, որ դիմագրավենք արտաքին եւ ներքին մարտահրավերներին: Ով այս պայթյունավտանգ ժամանակներում մի թթու խոսք ասի մյուսի հասցեին, դա էլ իրեն կմատնի որպես մեզ թշնամի դրսի գործակալ: ՄԻԱՑՈ՛ՒՄ:
Դուք՝ հարգելի Արամ, ընտրություններից առաջ ասել էիք, որ այս, այս ու այս ուժերին ձայն չտաք։ Դրանով դուք արդեն մտել եք քաղաքական պայքարի մեջ, այնպես որ Ձեր «սպիտակ ձեռնոցները» 2021-ից էլ մաքուր չեն։
Հարգելի Դավիթ, հավատում եմ, որ նման բան ասած կլինեմ: Եթե դժվար չէ, հիշեցրեք, թե որտեղ եմ ես նման բան ասել: Անկեղծորեն, չեմ հիշում:
Եթե չեմ սխալվում, Ձեր 2021թ. Facebook-յան գրառումների ու մեկնաբանությունների մեջ պետք է նման բան գրած լինեք։ Մի քանի հարցազրույցներում էլ եք, կարծեմ, նման բաներ ասել (օրինակ՝ Թաթուլ Հակոբյանին տրված հարցազրույցում)։
Ափսոս, որ բառացի չեք մեջբերում: Բայց խնդիր չկա՝ համավում եմ: Եթե դա, ըստ ձեզ, վկայում է իմ՝ քաղաքական պայքարին մասնակցեկու մասին, դա Ձեր համոզմունք է:
Ըստ Ձեր համոզմունքի՝ դա իմ համոզմունքն է 🙂։ Լավ, թող լինի Ձեր ասածով։
1. Առաջնահերթությունները պարզեք ինքներդ ձեզ համար, ժողովուրդ: Կան շատ խնդիրներ` նիկոլին գահավիժելը; Արցախի հարցը պահել օրակարգում ու ավելին; ամրացնել սահմանները (մեր հայրենիքի սահման/տարածք հարաբերակցությունը ահռելի, իսկ վերաբերմունքը կուսությունը կորցնելու վախերով ապրող աղջնակի);… Ես կսկսեի նիկոլին իր տեղը շպրտելով:
2. Ապա կուլ տալով գոռոզության թուքը, արթնացրեք հպարտության կանչը ձեր հոգու և նրան հետևող արժանապատվության հույզը ձեր սրտի:
3. Չի կարող պատահել, որ չկարողանանք գեղցի, չտես, բայց լեզուն լավ թափ տվողին իրեն պատկան տեղը նետենք` բոլոր ազգերի դա միշտ արել են: Մենք էլ պիտի կարողանանք: Սա միակ ‘պիտի’-ն ա որ ես ինձ թույլ եմ տալիս: Այս փուլում, իհարկե, Վարդան Ղուկասյանները ողջունելի են: Չվախենանք թե կուզի թագավոր կարգել իրեն:
4. Այ այս պահն է որ գլխի բերելի է: Եվ ոչ մի ընտրություններ: Հիշեք խոսքս, բոլոր ‘ընտրությունները’ կեղծվում են: Ամենուրեք:
5. Չկա դեմոկրատիա, մոռացեք: Գործեք ըստ այդմ: