Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ նախաձեռնությամբ է Սուրբ Շարբելի արձանը դրվելու Հայաստանում. «Արեւելք»

Օգոստոս 26,2024 23:03

Մինչ Հատիս լեռան գագաթին Հիսուսին ներկայացնող արձանի շուրջ քննարկումները շարունակվում են, Լիբանանից օրերս ցամաքային ճանապարհով Հայաստան բերվեց կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը:

Համաքրիստոնեական սրբին խորհրդանշող արձանը դրվելու է Հայաստանում, բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տեւել է յոթ օր:

Արձանի տեղադրման շուրջ սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում. շատերը տարակուսում են, թե ի՞նչ կապ ունի լիբանանյան ծագումով մարոնի սուրբը Հայաստանի հետ, եւ ո՞վ է նրա արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը:

«Արեւելք»-ի տեղեկություններով տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում, եւ այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը:

Սուրբ Շարբելի բազմաթիվ ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում եւ կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում: Շուտով Սիդնեյում բացվելու է Լիբանանից հետո աշխարհում ամենամեծ սուրբշարբելյան ուխտավայրը: Սուրբ Շարբելի սրբատեղիները ուխտավայրեր են դառնում ոչ միայն կաթոլիկների, այլեւ՝ մյուս դավանանքների տեր հավատացյալների համար: Ուխտավայրերում կարելի է հանդիպել նույնիսկ իսլամադավանների, որոնք հավատում են Սուրբ Շարբելի հրաշագործություններին եւ ուխտի գնում նրա անվան սրբավայրեր:

Լիբանանցի մի խումբ գործարարներ որոշել են համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը տեղադրել նաեւ Հայաստանում եւ հանդես են եկել նախաձեռնությամբ:

Նախաձեռնությունը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին եւ Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել եւ օրհնվել է վայրը, նրանց հովանավորությամբ էլ կատարվելու է արձանի եւ դրան կից ուխտավայրի բացումը:

Հայաստանում Սուրբ Շարբելի ուխտավայր հիմնելու նախաձեռնությունը լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ ֆարմսի» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինն է, որը Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր է իրականացնում: Ընկերությունը  բարձրորակ բրենդային սննդամթերք է արտադրում, Եղվարդում, Բագրատաշենում հիմնել է այգիներ, տարբեր մշակաձեւերով ծառատեսակներ է աճեցնում, այդ թվում՝ Հայաստանում մինչ այդ չաճեցված մի շարք ծառատեսակներ (մայրու ընկույզ, շագանակենի, պեկան ընկույզ եւ այլն): Ընկերությունում աշխատում են ինչպես տեղացիներ, այնպես էլ՝ սփյուռքահայեր եւ արաբներ: Նրանց հիմնած այգիների տարածքում էլ հիմնվել է ուխտավայրը: Ըստ նախատեսվածի, այն նաեւ զբոսաշրջային նշանակություն է ունենալու Հայաստանի համար:

Գործարարը արձանը պատվիրել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից եւ այլ նյութերից: Նախատեսվում է, որ նույն արհեստանոցում մի արձան էլ Վրաստանում դրվելու  համար է պատրաստվելու:

Հայաստանում Սուրբ Շարբելի արձանի բացման արարողությանը հրավիրված են բազմաթիվ հոգեւորականներ եւ բարձրաստիճան հյուրեր ինչպես Լիբանանից, այնպես էլ՝ այլ երկրներից, արարողությունը հեռարձակվելու է լիբանանյան հեռուստաընկերություններով:

Լիբանանում Սուրբ Շարբելի պաշտամունքը ավանդույթ դարձած իրողություն է. ամեն ամսվա 22-ին լիբանանյան Սուրբ Մարոնի Աննայա վանքը վերածվում է ուխտավայրի. հազարավոր մարդիկ այցելելով վանք՝ աղոթում են, խմում վանքի ջրից, թաթախվում այնտեղից հոսող յուղով (որը ճրագամանի մեջ լցվելով՝ բնական լույս է արձակում), իրենց հետ տանում ինչպես ջուրը, յուղը, այնպես էլ Ս. Շարբելի պատկերով մասունքներ, հուշանվերներ:

Ամեն տարի բազմաթիվ մարդիկ հանդես են գալիս հայտարարություններով, թե ինչպես է Սուրբը բժշկել իրենց, հարազատներին, կատարել անիրական թվացող երազանքներ: Սուրբ Շարբելի մասին գրքեր են լույս տեսել բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայերենով. այդ գրքերը ցուցադրվում են նրա ուխտավայրի գրադարանում: Լիբանանի նրա գլխավոր ուխտավայրում բացվել է նաեւ Սուրբ Շարբելի թանգարանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031