Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեցի Արցախի ծաղիկներից հավաքեմ և ներկայացնեմ աշխարհին զարդերի տեսքով». «Ա1+»

Օգոստոս 26,2024 22:44

Վարդիկ Սարգսյանը մասնագիտությամբ կենսաբան է, Արցախի գիտական կենտրոնում էր աշխատում։ Այժմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արդինատուրայում է սովորում։ Երեք տարուց ավելի է, ինչ սեփական փոքրիկ բիզնես է հիմնել՝ ազնիվ մետաղների հետ է աշխատում։ Թեման Արցախն ու արցախյանն է։ Պատվիրատուների ցանկությամբ նաև ոսկյա զարդեր է պատրաստում՝ յուրահատուկ և տարբերվող։

«Իմ բրենդի անվանումը «Վարդենի Արցախ» է, այն հիմնադրվել է 44-օրյա պատերազմից հետո։ 2020-ի նոյեմբերին Արցախ վերադառնելուց հետո մտածեցի, որ պետք է այնպիսի բան մտածեմ, որ աշխարհն իմանա, որ արցախցին Արցախում ապրում է, արարում է հենց Արցախում, դրանով իսկ պայմանավորված որոշեցի այնպիսի բրենդ ստեղծել, որը ցույց կտար արցախյանն ու Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Դրախտավայր Արցախի ծաղիկներից հավաքեմ և ներկայացնեմ զարդերի տեսքով աշխարհին»։

Սկզբնական շրջանում Վարդենին որպես եկամտի աղբյուր չէր դիտարկվում։

«Արցախի պատմամշակութային կոթողները, պետական խորհրդանիշներն ու այնտեղից բերված ծաղիկները յուրօրինակ մատուցմամբ աշխարհասփյուռ հայությանն (և ոչ միայն) եմ ներկայացնում և բոլորին ասում, որ Արցախը կա, Արցախը հայկական է։ Ասեմ, որ օտարազգի բազմաթիվ պատվիրատուներ ունեմ, որոնցից մի քանիսն արդեն հարազատ մարդիկ են դարձել ինձ»։

Ընտանիքի անդամները շատ-շատ են օգնում կազմակերպչական մի շարք աշխատանքներում։

«Արցախում ընտանիքս օգնում էր, մանավանդ, ծաղիկներ հավաքելու հարցում։ Արցախից շատ քիչ բան եմ բերել, ամեն մի առարկա թողել եմ իրենց տեղում՝ հույսով, որ մի օր կգնամ և կրկին ամեն ինչ իրենց տեղում կգտնեմ։ Հայրենիքից բերված ապրանքների շարքում ինձ համար առանձնահատուկ տեղ ունեն Աստղաշենի քարերը։ Հավաքած ու չորացրած ծաղիկների չնչին մասն եմ բերել։ Նույնիսկ չգիտեմ ինչու եմ այդքան քիչ բերել, կրկին հույս էի պահում, որ շուտով հետ ենք վերադառնալու։ Հայաստանյան շուկայում ներգրավվելն, իհարկե, իր դժվարություններն ունի, սակայն եթե հստակ նպատակ ունես և գիտես քո բիզնեսն ինչ ուղղությամբ պիտի առաջ տանես, ժամանակ ու էներգիա ես տրամադրում այդ ամենի համար՝ միանշանակ հաջողությունների հասնում ես։ Առաջին իսկ պահից աջակցող և կարեկցող մարդկանց շնորհիվ Վարդենին կանգնեց ամուր հողի վրա և շատ բարի մարդիկ եղան, որ գնահատեցին արցախյանն ու մինչ օրս կանգնած են կողքիս ու արժանիորեն գնահատում են իմ աշխատանքը»,- ասում է զրուցակիցս։

Արմավիրի մարզի գյուղերից մեկում է ապաստանել Վարդիկ Սարգսյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031