«Հայաստանի հանրապետության համար չպետք է լինի «հակա»-ներով արտաքին քաղաքականություն։ Հայաստանը պետք է վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին». սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ, իր ելույթում, այսօր հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի է ու անընդունելի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր փոխհարաբերությունների հիմքում պետք է լինի Հայաստանի հանրապետության պետական շահը, հայկական օրակարգը:
Այս համատեքստում սրբազանն անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերություններին. «Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելու մուրացկանի օրակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել։ Կարգավորումը պետք է հիմնված լինի արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Հնարավոր չէ խոսել իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության մասին, եթե լուծված չեն մարդասիրական կարևորագույն խնդիրները, մեր գերեվարված տղաների և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»։
Բագրատ սրբազանը նաեւ հայտարարեց՝ Արցախի էջը փակված չէ, արցախահայերի ետ վերադարձը օրակարգի գլխավոր հարցն է:
Կարդացեք նաև
«Կարևորագուն խնդիր է ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության ու բոլոր իրավունքների, պարենային, սոցիալական ու կիբեռ անվտանգության ապահովումը։ Հայաստանի հանրապետությունում մարդն իրենց պետք է զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով»,-շարունակեց սրբազանը։
Սրբազանը ներկայացրեց Հայաստանի կայուն զարգացման տեսլականը՝ երկու տասնյակից ավել կետերով, որոնք մշակել են շարժման տարբեր հանձնախմբերը: Դրանք վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանը հայտարարեց՝ բոլոր ոլորտներում եւ բոլոր ուղղություններով Հայաստանին հարկավոր է երիտասարդացում, հատկապես՝ քաղաքական: Տեւական առաջնորդների փնտրտուքը, ըստ բանախոսի, ոչ մի տեղ տանող ճանապարհ է, իսկ Հայաստանի կայուն եւ հարատեւ զարգացումը, պահանջում է հայացքն ուղղել վաղվան: Միաժամանակ, երիտասարդներն էլ պետք է այսօր զգան իրենց պատասխանատվությունը՝ երկրի կառավարման, երկիրն առաջ տանելու հարցում. «Մեր հիմնական ռեսուրսը մեր մեջ է»:
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ