Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»։
Հանրահայտ է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է և որ այն ստեղծվել է որպես նշան և խորհուրդ երկրամասի հայ ինքնության: Ավանդական կեցվածքով և արտաքինով տարեց ամուսնական զույգը հավաստումն էր արցախահայերի պատմական անցյալի և ապագա հույսերի: Հույսեր, որ այսօր ի դերև են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականության արդյունքում: Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետևյալ կերպ․ «Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի, բայց կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ» ։
Հավելենք, որ տարեց զույգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի և պապի կերպարներով է քանդակված. «Նրանք հենց ժողովուրդն են, նրանք հենց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները։ Այս մարդիկ այստեղ են ծնվել, այստեղ են նրանց հազարամյա արմատները, նրանք են իսկական տերը այս հողի ու բնության» գրել է քանդակագործը (Սարգիս Բաղդասարյանի ‹‹Ղարաբաղցիները››:
Կարդացեք նաև
Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթե չէր անդրադառնում այս հուշարձանին: Հուշարձանին, որն Արցախի հայության ամենավառ ու հանրահայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում և «չէին նկատում» օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատվականներում հնչեցվում էին կարծիքներ, որ այն պետք է քանդել:
2023 թվականին վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ հուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թեզը, որ դեմ են ոչ թե հուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանությանը»:
Ադրբեջանական հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում հայերի սեփական պատմության, մշակույթին, արմատներին ուղղված ցանկացած դրսևորում համարվում էր «ազգայնական»:
Վերջերս հատուկ այս հուշարձանին անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտը լուսաբանող Քյամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային Ադրբեջանի բյուջեից հատկացված գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է:
Այս շեշտադրումները կարևոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է հուշարձանը յուրացնելու գործընթաց, որտեղ երևում են հուշարձանին վերաբերով թեզերը՝ այն կառուցված է Բաքվի գումարներով, այն ադրբեջանական է և այն ցուցում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը խորհրդային տարիներին:
Հարկ ենք համարում նշել, որ հուշարձանի գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ։ Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել հենց Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել և պահանջվել, որ այն հարկ է ապամոնտաժել: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմից հատուկ հանձնաժողով է ժամանել Ստեփանակերտ՝ պարզելու, թե «Մենք ենք մեր սարերը» կոթողում ո՞ր «մենքի» և ո՞ր «սարերի» մասին է խոսքը: Հայկական կողմի ջանքերի շնորհիվ է միայն հաջողվում փրկել կոթողը ապամոնտաժումից: Այս հանգամանքը իրենց հիշողություններում ցուցում են այդ տարիներին ԼՂԻՄ-ում պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք, արձանի տեղադրմանը առնչություն ունեցած և արձանի հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյանի մտերիմները և հարազատները (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»:
Մեր արձագանքը
Հուշարձանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ժառանգության յուրացման փորձ է, երբ ոչ միայն կտրվում է հայկական պատկանելությունից, այլև Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային և հանդուրժող երկրի կերպար։ Այսպիսի քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ 2005 թ. Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան։
Կոնվենցիան կարևորում է մշակութային բազմազանությունը որպես հանրության, ժողովուրդների և ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ։ Բայց, համաձայն կոնվենցիայի «Մշակութային բազմազանություն» նշանակում է ձևերի բազմազանություն, որոնց միջոցով խմբերի և հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը:
Համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ մշակութային բազմազանության պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Փաստական համատեքստից կարելի է եզրահանգել, որ մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը ենթադրում է բոլոր, այդ թվում՝ փոքրամասնությունների և տեղաբնիկ ժողովուրդների մշակույթների հարգում: Ավելին՝ կոնվենցիայի համաձայն՝ մշակույթը զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Ուշագրավ է հատկապես այն, որ, ըստ կոնվենցիայի, «պաշտպանություն» նշանակում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանը, պաշտպանությանն ու ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում։