Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ից՝ հեռավոր Ողջի գյուղ․ Շիրակի մարզը կանցնի խեցգետնաբուծության

Օգոստոս 26,2024 20:20

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակում խոշոր խեցգետնաբուծական համալիր են կառուցում։

Ներդրումային ծրագրի արժեքը 300 մլն ՀՀ դրամ է,նախատեսում են տարեկան բուծել 18 տոննա ավստրալիական կապույտ գույնի կարմրաչանչ խեցգետին։

Ներդրողն ամերիկաբնակ անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանն, որը Ողջի գյուղից է։ Ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, մարզպետ Մուշեղ Մուրադյանն օրերս հանդիպել է Կարինե Թորոսյանի հետ ու քննարկել «խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքներին, փաստաթղթային փաթեթի ամբողջականացման, կապալառուի հետ համագործակցությանն առնչվող հարցեր»։

Aravot.am-ը «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրագործելի այս ծրագիրը։

Ըստ մեր զրուցակցի, թեև Հայաստանի Հանրապետությանը բնորոշ չէ արդյունագործական խեցգետնաբուծությունը, սակայն սա հեռանկարային ուղղություն է, որը մի կողմից կարող է նպաստել սննդի անվտանգությանը, մյուս կողմից՝ երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հավելյալ եկամուտ բերելուն։

«Եթե ունեն նորմալ ջրային ռեսուրս, մնացածը տեխնոլոգիայի հարց է, դժվար պրոցես չէ, իհարկե, որպես արտադրություն՝ ունի իր նրբություններն ու առանձնահատկությունները»,-ասում է Գևորգ Պետրոսյանը։

Ըստ նրա, սպառման առումով էլ խնդիրներ չեն լինի, քանի որ պահանջարկ կա թե՛ ներսի և թե՛ դրսի շուկայում։

Գևորգ Պետրոսյանի ասելով, Սևանում ևս ժամանակին խեցգետիններ չեն եղել, բայց խորհրդային տարիներին բերել, լցրել են լիճը, դրանից հետո մեծ քանակ է ստացվել։

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ սկզբունքորեն դա նույն գործընթացն է, ինչ ձկնաբուծությունը, այստեղ միակ խնդիրը կարող է լինել հոսքաջրերի աղտոտումը (կենսաբանական կամ քիմական թափոններ, կերի մնացորդ, ախտահանիչ նյութեր, խթանիչներ և այլն):

Թեև, ըստ նրա, նման մեծ ծրագրերը պարտադիր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և գնահատում են անցնելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031