«Ամեն մեկն առանձին-առանձին որոշակի աշխատանքներ տարել է, ոչ ոք ինձ հաշվետու չէ, բայց գիտեմ, որ աշխատանք տարել են: Կան մարդիկ, որոնց աշխատանքը տեսանելի չէ: Իհարկե, կան մարդիկ, որոնք, որ ես կուզեի, որ ավելին անեին, բայց ես կուզեի, որ մեր ժողովուրդն ավելին աներ, որովհետեւ այն վտանգները, որ կախված են մեր երկրի գլխին, գոյաբանական են»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողներից, ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչո՞ւ ամռան ընթացքում հրապարակներում չտեսանք ընդդիմադիր գործիչներից շատերին, եթե պետությունում իրապես վտանգները օրհասական են: Լրագրողը հետաքրքրվեց՝ ո՞ւր էին ընդդիմադիրները, իշխանավորների նման արձակուրդնե՞րն էին վայելում:
Գառնիկ Դանիելյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ իշխանությունն՝ ի դեմս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, խոսում են այն մասին, որ COP 29-ից հետո Ադրբեջանը հավանական է պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Նա հայտարարեց՝ «ժողովուրդ ջան, պատերազմ է լինելու, ի՞նչ խաղաղություն»:
Ընդդիմադիր գործիչը նաեւ համոզված է, որ լեփ-լեցուն հրապարակները Նիկոլ Փաշինյանին չեն ստիպելու հեռանալ, նրան ստիպելու են հեռանալ ժողովրդի ակտիվ գործողությունները՝ խաղաղ անհնազանդության ակցիաների տեսքով՝ հանրապետությունը պարալիզացնելով:
«Այստեղ փրկիչներ չկան, կան մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են եւ սա պետք է դառնա համահայկական. սա է հաջողության գրավականը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է շարժումը շեշտը դրվել հենց Մարզահամերգային համալիրում հավաքը կազմակերպելու վրա, որը մերժվեց:
«10 հազար մարդու Հայաստանում էլ ուրիշ որտե՞ղ հավաքենք»,- հարցին հարցով պատասխանեց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ այդ հավաքը որեւէ հրապարակում անել չեն կարող, քանի որ այն հանրահավաք չէ, ակտիվի հավաք է՝ խոսելու են, քննարկելու են արած գործերը, նաեւ փակ քննարկում է լինելու՝ առաջիկա անելիքներին վերաբերվող:
Գառնիկ Դանիելյանը նաեւ հայտարարեց, որ շատ տնտեսվարողներ վախենում են դահլիճներ տրամադրել ընդդիմությանը, քանի որ հաջորդ օրն իրենց ՊԵԿ-ն է այցելում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ