Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում Հայաստանի իշխանություններին մեղադրեց նրանում, որ չեն կարողանում Իլհամ Ալիեւի, իր կարծիքով դիվանագիտական կիքսերը օգտագործել ի շահ Հայաստանի:
«Հիշո՞ւմ եք, քանի դեռ Լաչինի միջանցքը գոյություն ուներ, Ալիեւը հայտարարեց՝ ասելով, որ Հայաստանը Սյունիքի մարզով այն կարգավիճակի միջանցք պետք է տրամադրի Ադրբեջանին, ինչպես Լաչինի միջանցքն է:
Եթե Հայաստանն ունենար նորմալ դիվանագետ, վերցնելու էր այդ ձեւակերպումը ու ասեր՝ դա դու ասացիր չէ՞: Դա նշանակում է, որ դու ճանաչում ես Արցախը Հայաստանի համար այն նույն կարգավիճակում, ինչպես Նախիջեւանը Ադրբեջանի համար է: Այսինքն, Նախիջեւանը հանրապետություն է Ադրբեջանի կազմում, Արցախն էլ հանրապետություն է Հայաստանի կազմում: Ոնց որ Հայաստանն է իր հանրապետության հետ կապված Լաչինի միջանցքով, դու ուզում ես նմանատիպ միջանցք: Ո՞վ է դա օգտագործել: Ոչ ոք:
Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասել է ու գրառում էլ է արել, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այսինքն, ինքը տարածքային ամբողջականության հարցը համարում է ավարտված 2023 թվականի սեպտեմբերին:
Կարդացեք նաև
Հարց է առաջանում. Բա 2024 թվականի ապրիլ-մայիսին, որ դու Տավուշից տարածքներ վերցրիր, 2023-ի սեպտեմբերին քո տարածքային ամբողջականությունը ամփոփել էիր չէ՞: Դա նշանակում է, որ Տավուշի մարզի տարածքները, որ վերցրիր, քո տարածքային ամբողջականությունից դուրս՝ Հայաստանի տարածքների հաշվին, քո սահմանները ընդլայնել ես, քանի որ դու հայտարարել ես, որ քո տարածքային ամբողջականության հարցը 2023 թվականի սեպտեմբերին է լուծվել: Դրա՞ մասին ով է խոսում, ո՞վ է շահագրգիռ: ոչ ոք: Ու ընդհանրապես, Ալիեւի կողմից հայտարարություններին հայկական կողմից ընդհանրապես ոչ մի արձագանք չկա:
Արարատի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայր չի գնացել, բայց Պարույր Սեւակ գյուղ գնացել է, որովհետեւ Տիգրանաշենը Պարույր Սեւակ նախկին համայնքի նախկին բնակավայր է: Այսինքն, ինքն արդեն ասում է, որ այնտեղ չի գնա՝ Ադրբեջանը կասի այստեղ ինչի՞ ես եկել: Եվրոպացի դիտորդներն էլ մինչեւ Տավուշի տարածքներն Ադրբեջանին հանձնելը Վանաձորով էին գնում, ասում էին՝ սա Ադրբեջան է, անկլավները համարում էին Ադրբեջանի տարածք:
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը: Հատուկ գնացել է Պարույր Սեւակ գյուղ ու հատուկ չի մտել այդ գյուղի մի թաղամաս հանդիսացող Տիգրանաշեն: Ինքն այդպես ցույց է տալիս, որ Տիգրանաշենը Հայաստան չի: Այս ամեն ինչը դիտմամբ է արվում»,- ասաց արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ