2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 21-ը սահմանել է որպես Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օր՝ ի նշանավորումն ահաբեկչության զոհերի և վերապրածների հանդեպ հարգանքի ու աջակցության և ի պաշտպանություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրացման։
Այս առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել, որում ահաբեկչական հարձակումները համարում է «անպատկերացնելի վիշտ», և ընդգծել, որ ահաբեկչության «սպիները՝ տեսանելի և անտեսանելի, երբեք ամբողջությամբ չեն ապաքինվում»։ Անտոնիո Գուտերեշը հարգանքի տուրք է մատուցել ահաբեկչությունից բոլոր զոհերին և փրկվածներին, ներառյալ նրանց, ովքեր կիսվել են իրենց պատմություններով, ինչը «անսահման խիզախության ակտ է»։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ՄԱԿ-ի նախաձեռնությունը ահաբեկչության զոհերի հիշատակի և հետևապես հերթական անգամ մարդու հիմնարար իրավունքների իրացման խնդրին ուշադրություն դարձնելու համար։ Սակայն հարկ ենք համարում արձանագրել նաև միջազգային հանրության և մասնավորապես՝ իրավարար կառույցների և կազմակերպությունների անհամարժեք վարքը ահաբեկչության կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններին արձագանքման առնչությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձանագրած «անպատկերացնելի վիշտը» արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ պարբերաբար պատահում է հայության խոշոր զանգվածների կազմակերպված զանգվածային ահաբեկչության, էթնիկ զտման, ցեղասպանական արարքների, պատերազմական հանցանքների և մարդկության դեմ ուղղված այլ հանցանքների ձևով։
Մի՞թե ահաբեկչություն չէր 1918 թ․ Բաքվի հայության, 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը, 1988 թ․ Սումգայիթի հայության ջարդը կամ 1990 թ․ Բաքվի հայության կոտորածը։ Ադրբեջանի՝ խաղաղ հայ բնակչության նկատմամբ վերջին հարյուրամյակի պետական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծրագրավորված ահաբեկչությունների շարք, որը դրսևորվել է ամենատարբեր մասշտաբներով տասնյակ հազարավոր խաղաղ բնակչության դաժանագույն սպանությունից մինչև հայ սպայի կացնահարում, հայկական մշակութային միջավայրի պղծումից մինչև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում։ Ընդ որում, ահաբեկչությունների այս շարքից փրկվածները շարունակաբար կիսվել են և կիսվում են իրենց պատմություններով՝ որպես «անսահման խիզախության ակտ», սակայն, միջազգային հանրությունը՝ ի դեմս՝ հենց ՄԱԿ-ի և վերջինիս Գլխավոր քարտուղարի արդյո՞ք ականջալուր է եղել ահաբեկչության հայկական ձայնին, օրինակ, այն ժամանակ, երբ 120 հազար խաղաղ քաղաքացիական բնակչությունը մատնված էր սովամահության Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Արդյո՞ք ՄԱԿ-ը հումանիտար օգնություն ուղարկել չկարողանալով է պայքարում ահաբեկչության դեմ, թե՞ ահաբեկչությունն ընկալվում է որպես միայն տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ ռազմական գործողություն։ Սակայն դա էլ չուշացավ, երբ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիական բնակչությունը վերածվեց մի խոշոր թիրախի ադրբեջանական ռազմական մեքենայի համար։
Կարդացեք նաև
Վերջին տասնամյակների հայության խոշոր զանգվածների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները և համապատասխան հետևանքների բացակայությունը գալիս են փաստելու առ այն, որ միջազգային հանրության անհանգստությունը շարունակում է մնալ հռչակագրային, ինչը միայն կարող է ապահովել ահաբեկչության շարունակականությունն ու անպատժելիությունը։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ որպես ադրբեջանական ահաբեկչության զոհերի և վերապրածների իրավունքների պաշտպանությանը միտված կազմակերպություն, խստորեն դատապարտում է համաշխարհային ահաբեկչությունը և իր աջակցությունն է հայտնում ահաբեկչության զոհերին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջազգային իրավարար կազմակերպություններին և ազդեցիկ երկրներին իրական ջանքեր գործադրել ինչպես ահաբեկչության կանխման, այնպես էլ ահաբեկչական երկրների ու վերջիններիս ղեկավարների նկատմամբ համապատասխան պատժի ու պատասխանատվության կիրառման ուղղությամբ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն