ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցին՝ ասաց, որ Պուտինն այնտեղ խոստացավ, որ ինքը այդ հանդիպման մասին կխոսի Նիկոլ Փաշինյանի հետ եւ ինքն էր նախաձեռնել այդ հեռախոսազրույցը: «Բայց պարզ է, որ այնտեղ ոչ թե քննարկում են Հայաստանի վերաբերող հարցերը, այլ որոշումներ են կայացվում: Ու այդ որոշումների ընթացքում չափազանց անընդունելի կեցվածք եւ հայտարարություններ արեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը որ խոսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրանսպորտային հնարավորություններ տալու մասին եւ մեղադրում է Հայաստանին: Ու դա այն դեպքում, երբ ինքը, իմ գնահատականներով եւ իմ որակումներով, ուղղակի տապալել է հենց Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը:
Իրենց նախագահը ստորագրություն է դրել նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ եւ իրենց զինվորականությունն ու դիվանագիտությունը չեն կարողացել ապահովել իրենց նախագահի ստորագրության իրագործումը: Որովհետեւ եթե Լավրովը կարդում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ինքը պետք է կարդար նաեւ այն կետերը, որտեղ գրված է, որ առնվազն մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 9-ը Արցախում պետք է լինեին ռուս խաղաղապահներ: Կա՞ն հիմա այդ խաղաղապահները այնտեղ: Գրված է, որ գոյություն ունի Լաչինի միջանցք, որն ապահովում է Արցախի եւ Հայաստանի կապը: Կա՞ այդ Լաչինի միջանցքը: Իսկ ինչ վերաբերում է 9-րդ կետին, այնտեղ գրված չէ, որ Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին: Այդ նախադասությունից առաջ գրված է մի ուրիշ նախադասություն. տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակվում են: Դրանից հետո Ադրբեջանը եկել ու Հայաստանի տարածքում շրջափակել է Գորիսից Կապան տանող ճանապարհը: Կապան խոշորացված համայնքում համայնքի բնակավայր Ճակատենից համայնքային կենտրոն Կապան եկող ճանապարհը իրենք փակել են ու մեր հետ քննարկում են ապաշրջափակման հարցեր: Ձեռ են առնում: Ո՞ւմ են ձեռ առնում: Ձեռ առնելու բաներին:
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն լիներ ուրիշ մարդ, Արարատ Միրզոյանի փոխարեն արտգործնախարար լիներ ուրիշ մարդ, Լավրովը այդպիսի հայտարարություն կանե՞ր:
Մինչեւ այդ իրենց հետ հարց պիտի քննարկվեր չէ՞: Այդ քննարկումներից դուրս եք եկել, թողել եք այս վիճակին: Նա էլ իր հերթին է տապալել իր արտաքին քաղաքականությունը: Դրա համար էլ այս վիճակն է ստեղծվել:
Կարդացեք նաև
Պարզ է չէ՞, որ իշխանություն փոխելուց հետո հանգամանքներ են փոխվելու, զարգացումներ են փոխվելու: Վերադառնալու են հարաբերությունների տրամաբանական հուն:
Դու լինես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ ու քո թշնամին գնա քո դաշնակցի հետ միութենական համագործակցության համաձայնագիր կնքի ու քեզ վերաբերող հարցերը քննարկի առանց քե՞զ: Դե, դու քեզ հեռու պահիր, քո ռազմակցին, դաշնակցին դարձրու քեզ թշնամի: Տես թշնամիդ ինչ է անում, իր հետ բարեկամություն է անում:
Այս ամենը շատ պարզ զարգացումների հետեւանքներ են»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն եմ ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` մասնակցելու համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»: