«Մարտական եղբայրության» անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը կոչ է արել միանալ «Չեղարկել նոյեմբերի 9-ը» շարժմանը։
«Ես հավատարիմ եմ ՀՀ Անկախության հռչակագրին, այդ թվում՝ դրանում ամրագրված հայ ժողովրդի կամքին՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման։ Արցախի հարցը փակված չէ, եւ Արցախի ազատագրումը մնում է հայ ժողովրդի իրավունքը։ Ես 2020 թվականի պարտությունը չեմ համարում օրինաչափ եւ անխուսափելի, իսկ պայքարի դադարեցմանը համաձայնելը 2020 թվականի նոյեմբերի 9-ին համարում եմ հանցավոր քաղաքական սխալ»,- իր կոչում ասել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, եւ մեզ պարտադրված այդ պատերազմում կենսական է պայքարը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելը։ «Որպես անհրաժեշտ քայլ՝ պահանջում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս գա 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանավորվածություններից, որն իր էությամբ ռուս-թուրքական պայմանագիր է, որին միացել է Հայաստանը։ Մեր դեմ տարվող պատերազմի պայմաններում ուժային լուծումն այլընտրանք չունի։ Եվ միայն նորից ուժային գործոնի վերածվելով՝ կարող ենք վերականգնել մեր ինքնիշխանությունը։ Ես հայ եմ, շարունակում եմ պայքարը՝ հանուն Հայաստանի անկախության»,- ասել է նա։
Հրանտ Տեր-Աբրահամյանը մի շարք հայտնի գործիչների կոչ է արել միանալ այս նախաձեռնությանը։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից