Թշնամու թիրախում հայտնված Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի բնակչության թիվը վերջին տարիներին նվազել է։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, վերլուծելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումները, ասում է, որ 2023 թվականին 2019 թվականի համեմատ Սյունիքի բնակչությունը նվազել է 15%-ով, Գեղարքունիքի բնակչությունը՝ 6%-ով, Տավուշի բնակչությունը՝ 4%-ով։ Ընդհանուր այս մարզերում միասին վերցված՝ ավելի քան 40 հազարով նվազել է բնակչության թիվը։
«Որոշ մարզերում բնակչության թվի աճ եղել է այդ տարիներին՝ Երեւանի, Կոտայքի, Լոռու մարզերի բնակչության թիվն աճել է, բայց սահմանային եւ անվտանգային խնդիր ունեցող մարզերում՝ Տավուշում, Սյունիքում ու Գեղարքունիքում բնակչության թվի նվազում է արձանագրվել։ Եվ սա խոսում է այն մասին, որ կառավարության ծրագրերը եւ գյուղացիներին տրամադրվող աջակցությունը չեն տալիս այն արդյունքը, որը սպասվում էր։ Այս թվերը նաեւ խոսում են այն մասին, որ հասարակության մոտ անվտանգության խնդիրը մնում է գերիշխող, եւ սոցիալական աջակցության ծրագրերը չեն փակում այդ խնդիրը։ Այս մազերում մոտ 40 հազարով նվազել է բնակչության թիվը, բայց սրան պետք է գումարենք բնական աճի գործոնը։ Եթե մենք 2019 թվականից մինչ այսօր այդ մարզերից արտագաղթ չունենայինք, բնակչության թիվը կավելանար։ Շատ մոտավոր ենթադրում եմ, որ իրական արտագաղթը մոտ 50 հազար է կազմում, այսինքն՝ այս 40 հազար տարբերությունը բնական աճի գործոնով պետք է հաշվի առնենք։ Իսկ 50 հազարը Հայաստանի նման երկրի համար շատ մեծ թիվ է, մեր չորրորդ, հինգերորդ քաղաքների բնակչության թվի չափ է»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ նախադրյալներ չկան, որ առաջիկայում այս մարզերում դրական փոփոխություն կլինի, քանի որ բացասական սպասումները, որոնք կան մարդկանց մոտ, շարունակում են գերիշխել։ Մասնավորապես, Տավուշի մարզում անվտանգային խնդիրների սրման հետեւանքով ժողովրդագրական իրավիճակն էլ ավելի կարող է վատթարանալ։ «Այս թվերն ամփոփված են 2023 թվականի վերջին, եթե մենք դրան գումարենք 2024 թվականի տավուշյան խնդիրները, ես չեմ բացառում, որ այս տարվա ընթացքում Տավուշում պատկերն ավելի վատ կլինի՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Մինչեւ 2023 թվականը Տավուշում սահմանային լուրջ միջադեպեր ու խնդիրներ չեն եղել, անվտանգային խնդիրներին հիմնականում Սյունիքում ու Գեղարքունիքում ենք ականատես եղել։ Եվ տարածքների հանձնումը Տավուշում ավելի բացասական մթնոլորտ է ստեղծել»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզերում, ներառյալ ՝ Սյունիքը, Գեղարքունիքն ու Տավուշը, բնակչության թվի աճ է արձանագրվել։ Դրա վրա ազդեցություն է ունեցել Արցախի էթնիկ զտումը։ Եթե 2023 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 945.5 հազար, ապա 2024 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 3 մլն 057.8 հազար մարդ։
Կարդացեք նաև
Մարզերում եւս 2024 թվականի հուլիսի մեկի դրությամբ 2023-ի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը աճել է։ Այսպես, եթե 2023 թվականի հուլիսի մեկի դրությամբ Սյունիքի մարզի բնակչության թիվը կազմել էր 115.0 հազար, ապա 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 117.2 հազար, Գեղարքունիքի բնակչության թիվը 2023-ին կազմել է 210.3 հազար մարդ, իսկ 2024-ին՝ 215.0 հազար, Տավուշի բնակչության թիվը 2023-ին կազմել է 115.2 հազար, իսկ 2024-ին՝ 117.5 հազար մարդ։
Էական աճել է Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզի բնակչության թիվը։ Սա հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախից բռնի տեղահանված անձինք հիմնականում տեղակայվել են այս մարզերում։ Մասնավորապես, Արարատի մարզի մշտական բնակչության թիվը 2023-ի հուլիսի մեկի դրությամբ կազմել էր 251.0 հազար, իսկ 2024-ին՝ 264.8 հազար մարդ, Արմավիրի մարզում՝ 2023-ին 255.0 հազար մարդ, իսկ 2024-ին՝ 265.5 հազար, իսկ Կոտայքի մարզի մշտական բնակչության թիվը 2024 թվականի հուլիսի մեկի դրությամբ 2023-ի համեմատ աճել է 18,1 հազարով։
Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ավելի քան 120 հազար արցախցի է տեղափոխվել Հայաստան 2023 թվականի վերջին։ Տարբեր տվյալներով արցախցիներից մինչեւ 10 հազարն արտագաղթել են Հայաստանից։ «Այսինքն՝ 100 հազարից ավելի մեր հայրենակիցները տեղակայվել են տարբեր մարզերում։ Այո, դա բնակչության թվի որոշակի աճ է ապահովում մի շարք մարզերում»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ