«Իրենք հայրենիքը սիրում են նրա համար, որ լափաման ունենան, քուրջ ու փալաս ունենան, մեքենա… մի երկու բան… Ոգեղեն արժեքները շրջանցված են… Սրանք խոսում են հարստությունից, կարծում են՝ գումարի չափը հարստության նշան է»,- «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ խոսելով իշխող ուժի ներկայացուցիչների մասին:
«Մինչդեռ հարուստը Մարտիրոս Սարյանն էր, որ աստվածային արժեքներ էր ստեղծում, ապրում, ապրեցնում է հիմա էլ, հարուստը Երվանդ Քոչարն է, որ կարողանում է հրեղեն հեծյալներով, ձիերով ապրել ու ապրեցնել, Հրանտ Մաթեւոսյանն է՝ իր անմահական գրով, նաեւ այն պատգամով, որ ասում էր՝ Արցախը հանձնողին անգամ թուրքը չի ների: Հասկանում ե՞ք ինչ էր ասում, որտեղից հասկանաք, կարեւորը ձեր լափամանը տեղը լինի»,-հավելեց նա:
Խաչիկ Մանուկյանն անդրադարձավ երջանկահիշատակ գրականագետ Սերժ Սրապիոնյանին. «Սերժ Սրապիոնյանը պայքարի հզորներից էր, աննահանջ, աննկուն… Այսօր Համազգայինում էինք, խոսում էին Սրապիոնյանից… Երբեք չէինք զգում, որ այդ ծանր հիվանդության կրողն է, իր պայծառությունը, իր մարդ տեսակը, իր պայքարի ոգին… Նա այն մարդն էր, որ ձուլվել էր իր ազգին եւ իր հայրենիքին: Նա իր հայրենիքի ու ժողովրդի անմահությանը հավատացողներից էր…
Իսկ հայն ու Հայաստանը կլինեն այնքան ժամանակ, քանի կան այս մարդիկ, կլինեն այնքան, որ էլի գա մի նոր Հրանտ Մաթևոսյան, որ ասում էր՝ եթե անգամ ամբողջ մոլորակը գերեզման դառնա, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու… Եվ ուրեմն այդպես էլ լինելու է: Թե չէ էս չարքապատկանները շատ շտապեցին, մտածեցին՝ հեռանում է Հայաստան պետությունը, ինչ կա-չկա փախցնենք, տանենք..
Կարդացեք նաև
Ի դեպ, մի հետաքրքիր բան եմ նկատել՝ այս օրերին, երբ կառավարության մաս կազմող չարքապատկանների մի մասը արձակուրդ էր գնացել, լրիվ ուրիշ երկիր էր դարձել Հայաստանը, խաղաղ էր, դե պատկերացրեք, որ սրանց հեռացնենք, երկիրը ինչ երկիր կդառնա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ