Արցախի ԱԺ պատգամավոր, Մարտական եղբայրություն միաբանության անդամ Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես՝ Արամայիս Աղաբեկյանս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Մարտական Եղբայրություն միաբանության անդամ, իմ հավատարմությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, այդ թվում Արցախը Հայաստանին վերամիավորող անբեկանելի որոշմանը։
Ես պնդում եմ, որ ստեղծված իրողություններով Արցախի ներկայիս բռնազավթումը վերջնական չէ, նրա ազատագրումը Հայ ազգի իրավունքն ու նպատակն է:
Հայ-թուրքական հարատև և շարունակվող պատերազմում հայ ժողովրդի պարտությունը ես չեմ համարում անխուսափելի, օրինաչափ և ի սկզբանե կանխորոշված: 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը հետագա պայքարից հրաժարվելու մասին համարում եմ հակապետական և հակաազգային քայլ, որով Հայաստանի դեմ ագրեսիան ամենևին կանգ չի առել:
Կարդացեք նաև
Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, այն պարտադրված է, և այդ պարտադրված պատերազմում կենսական նշանակություն ունի հաղթանակի ձգտումը և պայքարը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու կամքը: Մեզ պարտադրված այս պատերազմում Հայաստանի Հանրապետության՝ որպես քաղաքական միավորի գոյության միակ տարբերակը հայության՝ կրկին ուժային գործոն դառնալն է:
Հանձնվելու օրակարգից հրաժարվելու և իրական, ազգային դիմադրության քաղաքական օրակարգ ձևավորելու առաջին և պարտադիր քայլը 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության հակապետական լինելու գնահատականն է ու այդ հայտարարությունը մերժելը: Բոլոր նրանք, ովքեր խուսափում են նոյեմբերի 9-ի վերաբերյալ հստակ գնահատականից, սպասարկում են Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի օրակարգը:
Ես վստահ եմ, ճիշտ կազմակերպվելու դեպքում հայությունը ունի բավարար ներուժ ապահովելու մեր առջև ծառացած համազգային մարտահրավերները լուծելու ընդունակ միացյալ հայկական պետության կայացումը: