Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ալեն Սիմոնյանի թքելուն գնահատական չես տալիս, բարոյական առումով Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի սրտնեղել նրանից, որ իր ուղղությամբ ինչ-որ մեկը խնձոր է շպրտել»․ Նինա Կարապետյանց

Օգոստոս 26,2024 15:42

«Ես կառաջարկեի՝ նույն ջանասիրությամբ Ալեն Սիմոնյանի թքելը փորձեին քննել, ԱԺ-ում պատգամավորների խուլիգանական պահվածքը՝ սեռական բնույթի հայհոյանքներով, որը ուղիղ եթերներով է հեռարձակվել։ Եթե դրան գնահատական չես տալիս, իրավական առումով մի հիմք, պատճառաբանություն կգտնեն խնձոր նետած անձին պատժելու համար: Բայց մարդկային և բարոյական առումով Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի սրտնեղել նրանից, որ իր ուղղությամբ ինչ-որ մեկը խնձոր է շպրտել: Այն, ինչ ինքն ու իր թիմակիցները չակերտավոր շպրտում են այս հասարակության ուղղությամբ, և դրանք բոլորը հասնում են թիրախին՝ նվաստացնելով, ցավացնելով, վիրավորելով հասարակությանը, արժանապատվությունը ոտնակոխ անելով, շատ ավելի ծանր հանցագործություն է, քան խնձոր շպրտելը»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետելու մեջ  կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն արգելանքից ազատ է արձակվել։

Նինա Կարապետյանցը նշեց՝ մարդ, որը հավակնում է լինել հանրային, հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնել, ինքը պիտի շատ լավ իմանա, որ գոյություն ունեն իրավիճակներ, որոնք անխուսափելի են՝ ներառյալ մարդկանց ընդգծված բացասական վերաբերմունքը, տարբեր ձևերի արտահայտությունները՝ մինչև անգամ վիրավորանքները, որոնք մարդիկ կարող են արտահայտել․ հատկապես պետական պաշտոնյաներին է դա վերաբերում, քանի որ նրանք են որոշում մեր կյանքի կարևոր դեպքերը, իրադարձությունները, այն դժոխքները, ինչի միջով մենք ստիպված ենք անցնել․ «Ու պետական պաշտոնյաների նկատմամբ բացասական վերաբերմունքը, այդ թվում նաև այս դրսևորումները, ցավոք, անխուսափելի են, և այդպես է ամբողջ աշխարհում։ Շատ փխրուն սիրտ ունեն իշխանությունները, որ նեղվում են այսպիսի արտահայտություններից։ Բայց հետաքրքիր է, որ նույն այդ իշխանությունները չեն սրտնեղում, երբ պետական պաշտոնյաներն են մարդկանց նկատմամբ որոշակի վարքագծի դրսևորում ունենում՝ մասնավորապես պետական պաշտոնյան հրահանգ է տալիս բռնել մարդու ձեռքերը ու թքում մարդու վրա։ Այդ դեպքում քրեական գործ չի հարուցվում։ Ոչ միայն չի հարուցվում, այլև ամենաբարձր՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով պաշտպանվում և արդարացվում է Ալեն Սիմոնյանի՝ թքելու իրավունքը։ Հետևաբար, եթե դու քո թիմակիցների, գործընկերների բռնությունն արդարացնում ես, անխուսափելիորեն դու ի պատասխան ստանալու ես այդ նույն բռնությունը։ Որպեսզի դու կարողանաս հասարակությանը դաստիարակել, հորդորել լինել ավելի հանդուրժող, մեղմ, ավելի բանակցող, դու պիտի ինքդ նման վարքագիծ դրսևորես։ Այն, ինչ տեղի է ունեցել, դա կարող էր տեղի ունենալ՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ վարքագիծ է դրսևորում օրվա իշխանությունը»։

Մեր հարցին՝ խնձոր նետելուն համարժե՞ք է խուլիգանության հոդվածը, ի՞նչ է ցույց տալիս պրակտիկան, Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Խուլիգանության համար անձը պետք է խուլիգանական նկրտումներ ունենա։ Ի սկզբանե մարդու մոտ պիտի հենց այդ խուլիգանության, հասարակական կարգը խախտելու նպատակ լինի, այսինքն՝ ամենակարևորը, պետք է հասկանալ մարդու գործողությունների նպատակը, դրդապատճառը, որովհետև մեզ մոտ վերցնում են միայն փաստը, դեպքերը ու չեն մանրամասնում, թե մեղավորությունը և, ամենակարևորը, նպատակը որն է եղել։ Իրավաբանական ֆակուլտետի ցանկացած ուսանող շատ լավ գիտի՝ որպեսզի մարդուն կարողանաս մեղադրանք առաջադրել, կա երեք կարևոր կատեգորիա՝ մեղք, մոտիվացիա և նպատակ։ Մեզ մոտ զուտ մասնակցությունն են նայում՝ այդ մարդն այդ գործողությունն արե՞լ է, ի՞նչ նպատակ, ի՞նչ մոտիվացիա է ունեցել, դա ընդհանրապես չի քննարկվում։ Բոլոր դեպքերում դրանք ամենակարևոր հարցերն են․ ինչ մոտիվացիա են ունեցել»։

Նինա Կարապետյանցը նաև հասարակության ներկայացուցիչներին խորհուրդ տվեց չընդօրինակել իշխանությունների՝ բարոյական նորմերից զուրկ վարքագիծը, զգույշ և ուշադիր լինել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031