Բեռնափոխադրող ընկերության տնօրեն Ալեքսան Հովակիմյանը Aravot.am-ի հետ զրույցում ահազանգում է, որ բեռնափոխադրման ոլորտում բարձիթողի, ծանր վիճակ է:
«Պետությունը բացարձակ չի կարողանում կառավարել բեռնափոխադրման ոլորտը»,- նկատեց պարոն Հովակիմյանը:
Ըստ նրա, ոլորտում ստեղծված ծանր վիճակն առաջացել է արտահանողի-ներմուծողի ու բեռնափոխադրողի միջեւ, այսպես ասած, համագործակցությունը կազմակերպող մասնագետների՝ լոգիստների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով. «Վերջին տարիներին լոգիստիկ շուկայում հայտնվել են անգրագետ մասնագետներ: Լոգիստը պետք է ունենա համապատասխան կրթություն, տիրապետի օտար լեզուների, ունենա մասնագիտական փորձ, որովհետեւ նրա գործունեությունը նաեւ միջազգային շուկայի հետ է: Մեր շուկայում այդպիսի լոգիստներ երեւի երկու կամ երեք հոգի լինեն, չնայած կա 300 ընկերություն, որոնք զբաղվում են լոգիստիկայով: Բայց նրանք մասնագիտությամբ եղել են մերսող, խոհարար, մատնահարդար, վարսավիր: Այսինքն՝ շուկան այնքան հասանելի է դարձել, որ ով ուզում է՝ ԱՁ է բացում, ընտրում հարկատեսակն ու մտնում այս գործի մեջ: Հիմա մեր մեքենաները դրսում կանգնած, չեն կարողանում վերադառնալ տուն, որովհետև փոխադրման գներն այնքան ցածր են, որ ձեռք չի տալիս մեր մեքենան տուն բերենք: Արտահանումն էժան կատարել ենք այն ակնկալիքով, որ գոնե ներմուծումն այնպիսի գնով կանենք, որ կկարողանանք բոլոր ծախսերը փակել, մի 700-800 դոլար էլ եկամուտ ստանալ: Բայց ներմուծողն էլ արդեն սովորել է, որ շուկայում գոյություն ունեն վրացական, կիրգիզական մեքենաներ:
Վրաստանից արտահանման գինը բարձր է, իսկ հետ գնալը դեպի Վրաստան արժեքը շատ էժան է, դրա համար վրացուն ձեռք է տալիս Հայաստանից հայկական բեռ վերցնելը: Հիմա ինձ առաջարկում են 2500 դոլարով Մոսկվայից Երեւան՝ ես ասում եմ շատ էժան է, չեմ կարող բարձել: Փոխանակ մեր լոգիստները ներմուծողի հետ կոնտակտի մեջ մտնեն, փորձեն բացատրել, որ դա շատ ցածր գին է, եկեք մի քանի հարյուր դոլար բարձրացնենք, որ բեռնափոխադրողը կարողանա վերադառնալ տուն, ուրիշ շուկայում գտնում են մեքենա, միայն թե իրենց եկամուտը չկորցնեն: Վրացական մեքենային բարձում են, գալիս է ՀՀ, կանխիկ գումարով վրացուն փող են տալիս, այդ գումարն էլ արտահանվում է երկրից դուրս»:
Կարդացեք նաև
Պարոն Հովակիմյանի խոսքով, ոլորտը պետական ոչ մի կառույց չի վերահսկում: Իրենք՝ բեռնափոխադրողներով, դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարություն, այնտեղ նաեւ հանդիպում են ունեցել պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ. «Մեր այս բողոքները տրանսպորտի եւ կապի նախարարությանը չեն վերաբերում, ասացին՝ մեր գործը ձեր ճանապարհներն ապահովելն է: Մեր պահանջն է, որ պետությունը ներքին բեռնափոխադրողների շահերը պաշտպանի, որովհետեւ մենք հարկատու ենք: Մեր բեռնափոխադրումը ամբողջովին պարալիզացված է, չենք կարողանում ոչինչ անել: Օրինակ՝ պետությունը թող ստեղծի մի հարթակ, որը կլինի պետության հսկողության ներքո, ներմուծողին կամ արտահանողին ինչ–որ խրախուսանք սահմանեն, գուցե հարկատեսակի ինչ-որ կետ, որ նրանք ստիպված լինեն առաջնահերթություն տան ներքին բեռնափոխադրողին, ոչ թե վրացական բեռնափոխադրողին, որովհետեւ մենք հարկատու ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ