Գյումրու Բարեկամության այգում օգոստոսի 25-ին մեկնարկեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնած՝ «Թևեր-Գյումրի» եռամսյա վերականգնողական ծրագիրը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։
Ծրագրի նպատակն է արտթերապիաների, սպորտի և ոչ ֆորմալ կրթության միջոցով վերականգնել արցախցի երեխաների ու դեռահասների ֆիզիկական, հոգեբանական և մտավոր ռեսուրսները, նպաստել նոր բնակավայրում նրանց ադապտացմանն ու ինտեգրմանը։
Կարդացեք նաև
Առաջիկա երեք ամիսներին «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը Գյումրու համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ «թևեր» կտա ավելի քան 40 արցախցի երեխաների և նրանց ծնողներին։ Ծրագիրը բաց է նաև Շիրակի մարզում ապաստանած շուրջ 4000 արցախցի երեխաների և նրանց ընտանիքների համար։
Ծրագրի համակարգող Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնված և պատերազմի ու գաղթի արհավիրքներով անցած արցախցի երեխաները հոգեբանական և ֆիզիկական ծանր վիճակում հասան Հայաստան, առաջացավ նախագիծն իրականացնելու գաղափարը։
«Անհրաժեշտ էր արագ միջոցներ ձեռնարկել երեխաներին այդ դժվարին վիճակից հանելու համար։ 2023 թվականի նոյեմբերին սկսեցինք ծրագիրը Դիլիջանում՝ «թևեր» պարգևելով 150 երեխայի և նրանց ծնողներին։ Իսկ այսօր Խորհրդանշական է «Թևեր–Գյումրի» ծրագրի մեկնարկն ազդարարել Գյումրու Բարեկամության այգում, որը վերակառուցվում է մեր կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ու թեպետ Ռուբենն այսօր անօրեն կերպով պահվում է Բաքվի բանտում, նրա բարեգործական առաքելությունը շարունակվում է՝ հույս և լույս պարգևելով հարյուրավոր մարդկանց։ Առաջիկայում նախատեսում ենք ծրագիրը սկսել Սյունիքում։ Մեր նպատակն է «Թևեր»–ը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող բոլոր արցախցիներին»,- նշում է Սոնա Հովհաննիսյանը։
Ծրագիրն առաջարկում է նաև ընտանիքների հոգեբանական ապաքինում՝ անհատական և խմբակային թերապիաների օգնությամբ, ինչպես նաև սոցիալական ինտեգրում ու նոր բնակավայրի հետ ծանոթություն՝ ճանաչողական էքսկուրսիաների միջոցով։
«Թևեր-Գյումրի» ծրագրի բացմանը մասնակիցները բացահայտեցին Գյումրու և Արցախի բակային խաղերը, շփվեցին միմյանց հետ իրենց բարբառներով, ծանոթացան Գյումրու պատմամշակութային հուշարձաններին՝ գունազարդելով քաղաքի քարտեզը և լսելով գյումրեցի երեխանների պատմությունները։
«Թևեր» վերականգնողական ծրագիրն իրականացվում է «Սատար Արցախին» միության և «ԴԱՐ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։ Կազմակերպությունը 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնում է վերականգնվել և հզորանալ Հայաստանում։