Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը
Պավել Դուրովի ձերբակալության մասին իմ համեստ կարծիքը սկզբից տեղադրել էի ռուսերենով՝ նկատի ունենալով, որ թեման շատերին է հետաքրքրում։ Հիմա նաեւ հայերեն գրառումս։
Սա այս տարի թվային շուկաների եւ թվային ծառայությունների վերաբերյալ նոր եվրոպական օրենսդրության ընդունումից հետո առաջին խոշոր միջադեպն է: Այն, որ դա տեղի է ունեցել Ֆրանսիայում, եւ ոչ թե Եվրամիության որեւէ այլ երկրում, նույնպես օրինաչափ է․ հենց այստեղ է, որ դեռ Ինտերնետի եւ դրա ածանցյալների հայտնվելուց շատ առաջ մշտապես մեծ ուշադրություն է դարձվել տեղեկատվական դաշտի եւ լրատվամիջոցների կարգավորմանը։ Կատարվածի հիմնական էությունն այն է, որ ՏՏ հսկաները, որոնք մասշտաբային ներգործություն ունեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա, լիովին դուրս լինելով մեծ պետությունների կամ ընդհանուր իրավական տարածք ունեցող այնպիսի միավորումների ինչպիսին այս իմաստով առաջամարտիկ Եվրամիությունն է, օրենքների շրջանակից, այսուհետ պարտավորված կլինեն իշխանությունների հետ բանակցել իրենց գործունեության ներքին սահմանափակումների շուրջ։ Այս սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են բովանդակության կարգավորմանը եւ հակամենաշնորհային կանոնների պահպանմանը:
Նախորդ տարիներին ՏՏ ընկերությունների եւ պետությունների միջեւ կոնֆլիկտները, ինչպես նաեւ դրանց հաջորդած դատական հայցերը կամ էլ սիրահոժար համաձայնությունները սովորաբար տեղի էին ունենում երկկողմանի մակարդակով: Այսօր, գոնե ԵՄ-ում, դրանք համընդհանուր բնույթ են ստացել։
Կարդացեք նաև
Արդյո՞ք սա խոսքի ազատության սահմանափակում է։ Իհարկե։ Բայց խոսքի ազատությունը նույնիսկ քաղաքակիրթ, ամենաառաջադեմ իրավական համակարգերում երբեք չի դասվել բացարձակ, անվերապահ ազատությունների շարքին: Հետեւաբար, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, արդար մրցակցությանը եւ մարդու իրավունքներին, որեւէ հիմք չկա վիճարկելու տեղեկատվության տարածման մեջ մասնագիտացած ընկերությունների գործունեությունը որոշակի սահմաններում տեղավորելու անհրաժեշտությունը:
Հիմնական ռիսկը իշխանությունների կողմից սահմանափակող մեխանիզմների չարաշահումն է՝ հանրային շահերին հակասող նպատակներով։ Ուստի, ինչպես ավանդական լրատվամիջոցների դեպքում է, այստեղ էլ անհրաժեշտ է ոչ-պետական, ներառյալ իրավապաշտպան կառույցների մասնակցությունը ՏՏ հսկաների հետ հարաբերություններ հաստատելու գործում, որպեսզի բացառվի իրավասությունների գերազանցումը։
Հիմա այն մասին, թե ինչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։ Փոքր երկիրը ազգային մակարդակով հարաբերությունների այս ամբողջ բարդ համակարգը զարգացնելու կարողություն չունի: Հետեւաբար, մեզ եւ մեզ նման երկրներին այլ ելք չի մնում, քան մեր ուժերը միավորել ազդեցիկ եւ օրինապահ խաղացողների՝ այս դեպքում Եվրամիության հետ՝ ՏՏ հսկաների գործունեությունը կարգավորելու հարցում։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ձեւավորվեն ինստիտուտներ, որոնք վստահություն կներշնչեն ներգրավված բոլոր արտաքին եւ ներքին գործընկերներին: Երեւանի մամուլի ակումբը եւ նրա հետ սերտ համագործակցող կազմակերպությունները մեկ տարուց ավելի է, ինչ առաջ են քաշում «թվային դեսպանի»՝ ազգային տեղեկատվական միջավայրի հավաքական ներկայացուցչի գաղափարը՝տեղական իրավազորությունից դուրս գտնվող խնդիրների լուծման համար։ Իսկ այն մասին, որ այս ոլորտում մարտահրավերները բազմաթիվ են՝ կապված մի կողմից անվտանգության սպառնալիքների, իսկ մյուս կողմից՝ բովանդակության անօրինական արգելափակման եւ մեր թվային անպաշտպանության հետեւանքով առաջացած այլ խնդիրների հետ, ավելորդ է հիշեցնել Ֆեյսբուքի օգտատերերին: Ինչպես վերը նշեցի, նոր ինստիտուտը պետք է լինի պետական եւ ոչ պետական անկախ, կոմպետենտ դերակատարների համատեղ ջանքերի արդյունք։ Հակառակ դեպքում՝ ազգային շահերի իրականացման համար դրա արդյունավետությունն ու օգուտը գրեթե զրոյի կհավասարվի։
Դուրովի ձերբակալությունն այս պրոբլեմի մասին մտածելու հավելյալ առիթ դարձավ։