Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հոգեկան հիվանդություն է՝ նախկին ամեն ինչը մերժելը, Անկախության հռչակագրի օրվա ուղերձում շնորհավորանք չտեսա, լաց ու կոծ էր»

Օգոստոս 26,2024 14:30

«Առավոտի» զրուցակիցն է նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

-Պարոն Մանուկյան, օգոստոսի 23-ը Անկախության հռչակագրի օրն է, պատմական ի՞նչ արժեք ու կարեւորություն ունի այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։

-Այն 600 տարվա սպասված փաստաթուղթ է, հայոց հավաքական երազի արտահայտությունը։ Այն ծրագրային փաստաթուղթ է, պետականաստեղծ փաստաթուղթ է եւ ամենեւին ռոմանտիկ փաստաթուղթ չէ։ Անգամ այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը բացարձակ վերելքի վրա էր, այս դահլիճում հավաքված մարդիկ շատ սթափ ու սառը ուղեղով փաստաթուղթ ստեղծեցին։ Ընդ որում, դա ստեղծվեց բոլոր քաղաքական ուժերի համատեղ ուժերով եւ բացարձակ կոնսենսուսով։ Խնդիրը նաեւ հենց դա էր՝ ստեղծել փաստաթուղթ, որի դեմ որեւէ մեկը չի խոսելու։ Եվ 191 կողմ ձայնով՝ առանց դեմի այդ փաստաթուղթն ընդունվել է՝ հիրավի դառնալով պատմական փաստաթուղթ։ Դրանից հետո էլ անցել է 34 տարի, դեռ չեք գտնի մի քաղաքական կուսակցություն կամ որեւէ հանրային դեմք, որը դեմ կխոսի այս փաստաթղթին։

-Բայց Հայաստանի այսօրվա ղեկավարությունը դեմ է խոսում։

-Ես նրանց չեմ համարում երկրի ղեկավարություն, որովհետեւ այդպիսի ղեկավարություն պետք չէ այս ժողովրդին, որը քննադատում ու բացասական կետերն է փորձում վեր հանել՝ ցույց տալով, որ ինքն ավելի ճիշտ է, քան իր սերունդը, որն անկախություն է բերել, որը հայ ժողովրդի 100 տոկոսանոց աջակցությամբ է այդ փաստաթուղթը ստեղծել։ Դա հոգեկան հիվանդություն է՝ նախկին ամեն ինչը մերժելը։ Ես Անկախության հռչակագրի օրվա ուղերձում շնորհավորանք չտեսա, այնտեղ միայն լաց էր, կոծ էր, բողոք էր, քննադատություն էր, մինչդեռ, այսօր տոն է։ Այդ փաստաթուղթը մեր պատմության լավագույն փաստաթուղթն է, որովհետեւ այդ փաստաթղթի մեջ առնվազն 50 բարեփոխում կար նախատեսված՝ բանակի, սեփական խորհրդանիշների ստեղծում, հարկային, մաքսային համակարգերի ստեղծում եւ այլն։ Այդ փաստաթղթի մոտեցումների, սառնասրտության արդյունքում մենք դիմացանք ու հաղթանակներ կերտեցինք, վերջապես մենք պետություն ունեցանք, բանակ ունեցանք։ Այդ փաստաթղթի ու դրան հաջորդած հանրաքվեի արդյունքում էր, որ ժողովուրդը հավատաց, վստահեց, գնաց զոհաբերության, հաշտվեց այդ զոհաբերությունների հետ, բայց կերտեց իր երկիրն ու հաղթանակները։ Եվ դա 600 տարի ընդմիջումից հետո։ Շատ քիչ են այն ազգերը, որոնք անկախություն չունենալու այդքան մեծ միջանցք են ունեցել եւ հետագայում վերականգնել են իրենց անկախությունը։ Ինքան ուշ ես վերականգնում, այնքան դժվար է վերականգնվում։ Եվ դրան գումարած կար Սովետական միությունը, որը ցանկացած պահի կարող էր ոչնչացնել քո արժեքներն ու պետությունը։ Մենք անցել ենք այդ բարդություններով։

-Թշնամիները պարտադրում են Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին, խոսքը, մասնավորապես, Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշման մասին է։ Հայաստանի ներկա իշխանությունները չեն թաքցնում, որ կարող են գնալ այդ ճանապարհով։ Եթե գնան այդ զիջումներին, դա ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

-Դա ամոթ ու նվաստացում է մեզ համար։ Չի կարելի գնալ այդպիսի քայլերի, ամոթ է, մենք մեզ ենք խայտառակում, ամբողջ աշխարհի առաջ ծիծաղի առարկա ենք դառնում։ Ասեք, խնդրում եմ՝ այդ փաստը 1989 թվականի դեկտեմբերի 1-ին եղե՞լ է, թե՞ ոչ։ Եղել է, չէ՞. երկու լեգիտիմ մարմիններ որոշում են կայացրել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին։ Դու պատռվես, երկինք թռնես, թե իջնես գետնին, այդ փաստաթուղթը եղել է։ Այսինքն՝ դու փա՞ստն ես հերքում, մենք ընդամենը ֆիքսել ենք այդ փաստը։ Բայց չէ՞ որ այդ կետը հետո չեղարկվել է, ընդ որում, չեղարկվել է դեռ Սովետական միության ժամանակ։ Այնուհետեւ, հետագայում Արցախն է դա հերքել՝ Արցախը դրանից մեկ տարի հետո անկախացել է եւ հռչակել է իր անկախությունը։ Այսինքն՝ ինքն այս կետից արդեն դուրս է գնացել, դա պատմական կետ էր, բայց ինքն ընդունել է հաջորդ պատմական որոշումը՝ ստեղծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

-Եթե վերամիավորման որոշումը չի գործում, ինչպես դուք եք ասում, այդ դեպքում ինչո՞ւ են մեր թշնամիներն այդքան անհանգստացած, ինչո՞ւ են փորձում հանել Սահմանադրությունից այդ մասին հիշատակումը։

-Ոչ միայն այդ կետը, այլ նաեւ Ցեղասպանության մասին կետն է իրենց համար վիճարկելի կետ։ Իրենք փորձում են հասնել նրան, որ մենք մեր իսկ ձեռքով մերժենք մեր պատմությունը, այսինքն՝ մենք խոստովանենք, որ սխալ ենք արել, երբ համարձակվել ենք խոսել Ցեղասպանության կամ վերամիավորման փաստաթղթի մասին։ Սահմանադրությունն այդ կետին հղում չի անում, հռչակագրի սկզբունքների վրա է հղում անում։ Այսինքն՝ այդ կետն ի՞նչ անենք, ոչնչացնե՞նք։ Ինչո՞ւ ես պատմական փաստերը մերժում։ Դու կարող ես համաձայն չլինել, քննադատել, ուղղումներ մտցնել, բայց ինչո՞ւ ես քո պատմական իրականությունը վերցնում եւ մի կողմ գցում։ Վերջին հաշվով, Սահմանադրության նախաբանը ոչ մի պահանջատիրություն իր մեջ չի պարունակում, չկա այդպիսի մի բան։

-Բայց պահանջատիրությունը հայերի իրավունքն է, կարող է եւ լինել։

-Այո, մեր իրավունքն է։ Եվ մյուս արգումենտը՝ բա 30 տարի ինչո՞ւ Թուրքիան մեզ դրա մասին չասաց, հանկարծ Ալիեւը հիշեց այդ փաստաթղթի մասին։ Այդ փաստաթղթից հետո Հեյդար Ալիեւը բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել, որոնցով ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը։ Եվ հրապարակել է փաստաթուղթ, Ալիեւը հրամանագիր է ստորագրել եւ հանձնարարել պաշտոնապես ձեւավորել պատվիրակություն, բանակցային հանդիպումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ։ Ալիեւի հայրն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ նրա հետ բանակցությունների մեջ մտել։ Ամբողջ աշխարհն է ընդունել, եռանախագահությունը՝ երեք գերտերություն ընդունել են ԼՂՀ փաստը եւ նրա հետ նստել են բանակցությունների։ Միջնակյալ կարգավորման բոլոր փաստաթղթերն ուղարկել են երեք երկրների ղեկավարներին՝ Հայաստան, ԼՂՀ եւ Ադրբեջան։ Այսինքն՝ ո՞ւր ես գնալու, եթե մերժում ես իրականությունն ու պատմությունը։ Միայն Ալիեւի քիմքին հաճո պահանջնե՞ր ես կատարում, ինչի՞ համար, դու ո՞ւմ իշխանությունն ես, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։ Սա ամոթ է, նվաստացում է։

Ես ուզում եմ ասել՝ չի կարող լինել այդպիսի հանրաքվե։ Նախ իրենք չեն կարող դա կազմակերպել, ժողովուրդը թույլ չի տալու, իրենց ուսերը շատ նեղ են այդպիսի ծրագրեր իրականացնելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031