Սկիզբը՝ թիվ 139-ում
Հայկական պարթեւներ
Առաջին փուլը կարող ենք պայմանականորեն կոչել իներցիոն: Այդ փուլը կոչում եմ իներցիոն, քանի որ Հայոց Արշակունիների գործողությունները պայմանավորված էին մինչ Սասանյանների ի հայտ գալը ստեղծված իրողություններով, որոնք էլ պարթեւ Արշակունիների ավագության աստիճանակարգում երկրորդ տեղը գրավող Հայոց Արշակունիներին պարտադրում էին իրենց ավագ ճյուղի կործանումից հետո զբաղեցնել տոհմական աստիճանակարգի առաջին տեղը, վրեժ լուծել Սասանյաններից եւ վերահաստատել Արշակունիների գերիշխանությունը Իրանում: Նոր քաղաքական դերակատարություն ստանձնելու համար Հայոց Արշակունիների ձեռնարկած քայլերը հաջողությամբ չպսակվեցին: Նախ, իրենց ցեղակից պարթեւ տոհմիկ վերնախավը բուն Իրանում արագ կողմնորոշվելով անցավ ծառայության Սասանյանների մոտ, զբաղեցնելով բարձր պաշտոններ, միաժամանակ, Հայոց Արշակունիներն իրենք Հայաստանում հայտնվեցին նոր պայմաններում` նրանք զրկվել էին հարեւան Իրանի երբեմնի ազգակցական հովանավորությունից, ինչի հետեւանքով երերուն էր նաեւ իրենց իշխանության հիմքը իրենց կառավարմանը հանձնված երկրում: Հայոց Արշակունիների գործը վերջնականապես տապալվեց այն բանից հետո, երբ Սասանյան արքայի հորդորով Արշակունյաց տոհմից իսկ սերող Անակը (ավանդության համաձայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հայրը) դավադրաբար սպանեց Հայոց Խոսրով արքային (Գրիգոր Լուսավորիչի քարոզի շնորհիվ քրիստոնեություն ընդունած Տրդատ Մեծի հորը): Այս սպանությամբ ավարտվեց Հայոց Արշակունիների քաղաքական նոր դերակատարման առաջին եւ անհաջող փուլը:
Հայոց Արշակունիները չկարողացան բեկումնային հաղթանակի հասնել ռազմի դաշտում, իսկ քաղաքականության ոլորտում նրանք տանուլ էին տվել բուն Իրանում` չէին հաջողել այնտեղ իրենց համար փոքրիշատե հուսալի հենարան ստեղծել: Սասանյանները կարողացան գործի գցել նաեւ լուրջ գաղափարախոսական մի զենք` նրանք զրադաշտականությունը հռչակեցին Իրանի պետական կրոն ու ստեղծեցին պաշտոնական եկեղեցի, որը ակտիվ պայքար ծավալեց բազմաստվածության եւ այլ կրոնների դեմ: Այդ միջոցով փոխվում էր Իրանի բնակչության ազգային ինքնության պատկերը, կատարվում հպատակների եւ նոր Սասանյան արքայատոհմի նույնականացումը, ինչը յուրային-օտար տարբերակման նոր չափանիշներ էր սահմանում, չափանիշներ, որոնց համաձայն Հայոց Արշակունիները դիտարկվելու էին օտար, եթե չհպատակվեին Սասանյաններին, իսկ հպատակվելու պարագայում էլ անխուսափելիորեն կորցնելու էին իրենց` գահակալի կարգավիճակը:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում Հայոց Արշակունիները հայտնվեցին շատ բարդ դրության մեջ` նրանք օտարվեցին Իրանից, զրկվելով նրա երբեմնի բարեհաճ զորակցությունից եւ, ավելին, ներքաշվեցին նրա դեմ շարունակական պատերազմական գործողությունների մեջ, մյուս կողմից նրանք դեռ օտար էին Հայաստանի հայ բնակչության համար եւ չէին կարող ապավինել նրա գործուն աջակցությանը: Ի տարբերություն Բրիտանիան զավթած նորմանների՝ Հայաստանում եկվոր պարթեւները գրավելով իշխող դիրքեր, դեռ չէին հասցրել միախառնվել տեղի բնիկների հետ: Հայաստանի պարթեւ իսկ վերնախավի զգալի մասը եւս ուներ սասանյան կողմնորոշում եւ հակված էր համագործակցել Իրանի նոր արքայատոհմի հետ: Նոր իրավիճակ էր ստեղծվել նաեւ Հռոմի հետ փոխհարաբերությունների ոլորտում` մինչեւ Սասանյան հեղաշրջումն Իրանում Հայաստանի Արշակունիները պարսից Արշակունիների դաշնակիցն էին ընդդեմ Հռոմի, իսկ նոր իրավիճակում Հռոմն ամենեւին էլ չէր կարող շահագրգռված լինել նրանում, որ Հայաստանի Արշակունիները Սասանյանների հանդեպ հաղթանակ տանեն եւ կրկին միավորեն Հայաստանի եւ Իրանի ներուժն ընդդեմ Հռոմի: Այսինքն, Արշակունիների պարտությունը Իրանում իրենց արքայատոհմի իշխանությունը վերկանգնելու հարցում ձեռնտու էր ե՛ւ Հռոմին, ե՛ւ Սասանյաններին: Այս պարագայում, սակայն, կար մի նրբություն` Հռոմին ձեռնտու չէր նաեւ Սասանյանների հաղթանակը Հայոց Արշակունիների նկատմամբ, որովհետեւ այդ դեպքում էլ հայ-պարսկական ներուժի համախմբումն ընդդեմ Հռոմի տեղի կունենար Սասանյանների առաջնորդությամբ:
Այս իրավիճակում Հայոց Տրդատ Մեծ թագավորը (որն այդ պահին, թերեւս, դեռ չուներ «Մեծ» պատվանունը) պետք է ելք գտներ ստեղծված իրավիճակից, որը թույլ կտար պահպանել իր արքայատոհմի իշխանությունը Հայաստանում` մի կողմից չեզոքացնելով Իրանից եւ Հռոմից բխող սպառնալիքը, իսկ մյուս կողմից ուժեղացնելով սեփական դիրքերը բուն Հայաստանում: Այստեղ հարկ է նշել, որ առաջինը` շատ ավելի հեշտ էր իրագործել, քան` երկրորդը: Հայաստանում Արշակունիների դիրքերի ամրապնդումը պահանջում էր համարձակ ու արտառոց գործելակերպ, հատկապես այն պատճառով, որ շատ արագ պետք է կողմնորոշվեին ու ստանային կայուն ու հարատեւ արդյունք: Դժվարությունը նրանում էր, որ ոչ միայն դեռ օտար էին բնիկների` հայերի համար, այլ նաեւ չէին կարող վստահորեն հենվել տեղի մեծամասամբ պարթեւ ու դեպի Սասանյան Իրանը կողմնորոշվելուն հակված տոհմիկ վերնախավի վրա:
Պարթեւ հայերը
Քաղաքական առումով, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայոց Արշակունիների Իրանի գահն իրենց արքայատոհմին վերադարձնելուն ուղղված ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, Տրդատ Մեծ արքայի մտահոգությունն այլեւս մեկն էր` պահպանել Հայաստանը որպես Արշակունիների թագավորություն, այսինքն` այդպիսով պահպանել Հայաստանում նաեւ սեփական տոհմի կարգավիճակը՝ նախորդող ժամանակների հետ այն տարբերությամբ, որ այլեւս լինի ոչ թե երկրորդը պարսկա-պարթեւական տոհմական աստիճանակարգում, այլ առաջինը` սեփական երկրում ու ինքնիշխան, ինքնուրույն` հարեւանների հետ հարաբերություններում: Սա նշանակում էր, որ Տրդատը պետք է կարողանար դուրս բերել Հայաստանն Իրանի քաղաքական ու քաղաքակրթական վերահսկողության տիրույթից այնպես, որ Սասանյանները համաձայնեին Հայաստանի կորստին, համակերպվեին այնտեղ Արշակունիների իշխանության պահպանման փաստի հետ: Որպեսզի իրադարձությունները զարգանային հենց այսպիսի հունով, Տրդատ Մեծը մի կողմից պետք է կարողանար, նախ, համարժեք ուժային գործողությունների միջոցով կասեցներ Սասանյանների ոտնձգությունները, ապա եւ հստակ ցույց տար նրանց, որ Իրանի գահը գրավելու մտքից Հայոց Արշակունիները մեկընդմիշտ հրաժարվում են: Այստեղ մենք գալիս ենք նրան, որ Տրդատն այնպիսի մի քայլ պետք է ձեռնարկեր, որի արդյունքում վերջնականապես ու անդառնալիորեն հաստատեր Հայոց Արշակունի արքայատոհմի օտարումը Իրանի պարսկա-պարթեւական միջավայրից: Առանց նման քայլի հնարավոր չէր լինի ապահովել Հայաստանում Արշակունիների դիրքերը նոր քաղաքական պայմաններում ամրապնդելու համար անհրաժեշտ տեւական խաղաղությունը: Այսինքն, դրված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր.
1.անջատել Հայաստանն Իրանի քաղաքական-քաղաքակրթական տիրույթից,
2.հավաստել, որ Իրանի գահը գրավելու նպատակ Հայոց Արշակունիները չունեն ու չեն կարող ունենալ նաեւ ապագայում,
3.արմատապես այնպես փոխել ներքաղաքական իրավիճակն ու հարաբերությունները Հայաստանում, որ տեղի ունենա օտար պարթեւ կառավարիչների եւ բնիկ հայ էթնիկ տարրի կատարյալ նույնականացում:
Վերջին կետը նշանակում է, որ պետք է մի այնպիսի գործողություն կատարվեր, որի շնորհիվ պարթեւները սկսեին հայերի կողմից ընկալվել որպես յուրային, պարթեւ տոհմիկ կառավարիչների համար հայրենիք դառնար բացառապես Հայաստանը, խզվեր իրենց նախնյաց հայրենիքի հետ մինչ այդ գոյություն ունեցող ներքին գերակա կապը` Մեծ Հայքի կառավարիչ պետք է լինեին այլեւս պարթեւ հայերը:
Այս խնդրի լուծման ողջ ընթացքը ցույց տվեց Տրդատ Մեծի արտառոց քաղաքական որակները եւ արիությունը: Արշակունիների համար օրհասական այդ պատմական ժամանակաշրջանում Տրդատը բացառիկ քաջություն դրսեւորեց, ինչպես շատ ծանր ու դժվար որոշումներ կայացնելիս, այնպես էլ` ռազմի դաշտում: Նախ, դաշնակցելով Հռոմի հետ, պատերազմեց Իրանի դեմ եւ 298թ. որպես Հռոմի դաշնակից խաղաղության պայմանագրի դրույթների համաձայն ստացավ 40 տարվա խաղաղ կյանքի երաշխիքներ Իրանի եւ Հռոմի կողմից, այդպիսով ապահովելով վերը թվարկված քայլերից առաջինի կատարումը` անջատումն Իրանից եւ այդ անջատման փաստի միջազգային հաստատումը: Իր հաջորդ քայլով Տրդատ Մեծը ազդարարեց, որ այլեւս մեկընդմիշտ եւ անդառնալիորեն խզում է կապը իրանա-պարթեւական իրականության հետ եւ հստակ ապացույց տալիս Սասանյաններին, որ Իրանում վերահաստատվելու իրավունքներից Արշակունիները հրաժարվել են:
Այդպիսի քայլը դարձավ իր կողմից քրիստոնեության ընդունումը որպես համապետական կրոն: Դա հայոց Արշակունիների, տեղի պարթեւ տոհմիկ վերնախավի որակական փոփոխության բացարձակ ապացույցն էր: Շատ ուշագրավ է, որ թեեւ մինչ այդ Հայաստանում եղել է քրիստոնյա համայնք եւ անգամ, ըստ որոշ վկայությունների, գործել է եպիսկոպոսի կարգ ունեցող հոգեւորական, հայոց եկեղեցու հիմնադիր եւ ղեկավար է կարգվում Տրդատի հորը սպանող պարթեւ Անակի որդին` Գրիգոր Լուսավորիչը, որի հայրը` Անակը իր ողջ ընտանիքով (բացառությամբ երկու նորածին մանուկների, այդ թվում` Գրիգորի) ի պատիժ իր կատարած հանցանքի, ոչնչացվել էր: Գրիգոր Լուսավորիչի կողմից Տրդատին ճշմարիտ ուղու վրա դնելը, ամեն ինչից բացի, երաշխավորում էր, որ հոգեւոր-կրոնական ոլորտում եւս իշխող դասը ներկայացնող պարթեւները պահելու էին իրենց առաջնորդությունը:
Արման ՄԵԼԻՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2024