Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարված ինքնասպանություն. հարցազրույց

Օգոստոս 26,2024 12:30

Զրուցակիցս խնդրեց անունը չհրապարակել, համաձայնեց միայն սկզբնատառերին՝ Ա.Հ.։ Ձայնագրիչը միացրի, որ հարցազրույցը սկսենք, սակայն նկատեցի, որ լարվում է։ Երեւանի կենտրոնում՝ սրճարաններից մեկում, Ա.Հ.-ի հետ զրուցել ենք պատերազմի, միայնության ու ինքնասպանության փորձի մասին։

– Ողջո՛ւյն, Ա. Հ., շնորհակալ եմ, որ վերջին իրադարձություններից հետո համաձայնեցիք խոսել։ Եթե չեմ սխալվում, սա Ձեր առաջին հարցազրույցն է պատերազմից հետո։

– Իսկ ավելի լուռ վայր չկա՞ր հարցազրույցի համար։ Բարե՛ւ։

– Երեւանում ամենուր է էսպիսի եռուզեռ։

– Արդեն նկատել եմ։

– Պատերազմից հետո չեք խոսում, մերժում եք հարցազրույցների առաջարկները, երբեմն էլ կոպտում եք լրագրողներին։ Դժվարությամբ այս հարցազրույցին համաձայնեցիք։

– Նախընտրում եմ լռել, վերջին երեսուն տարիներին այդպես էլ արել եմ։ Պարզապես լռում եմ. երեւի այդպես ճիշտ է։

– Դուք երեք պատերազմի եք մասնակցել։ Վերջինի ժամանակ գրեթե մահամերձ Ձեզ տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց, ապա Երեւան։ Բժիշկները վստահ էին, որ մահացել եք, որովհետեւ մի քանի ժամ արնաքամ լինելով՝ մնացել եք խրամատում։

– Երանի էդտեղ էլ մնայի։ Չգիտեմ՝ ո՞ր ձեւակերպումն է ճիշտ։ Կյանքս փրկե՞լ են, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը մինչեւ հիմա չունեմ։ Դու ծառայե՞լ ես։

– Եղնիկնե՜ր։ 44-օրյայի ժամանակ էլ լուսաբանում էի, պարզապես գրադի հրետակոծության ժամանակ օպերատորս վիրավորվեց, ստիպված էի վերադառնալ։

– Այսինքն՝ կյանքումդ խրամատ տեսել ես ու գիտես՝ ինչ տեսք ունի։ Ես էդ խրամատներում եմ ծնվել, մեծացել։ Պատերազմի ժամանակ կորցրի տունս, ունեցածս, ստեղծածս, էսքան տարիներին քարը քարին դրածս ու հիմա ոչինչ չունեմ։ Բոմժ եմ դարձել։ Երեւանի փողոցներում անտունի պես թափառում եմ։ Մարդիկ անցնում են, նայում դեմքիս ու շարունակում ճանապարհը։

– Իսկ ժամանակավոր կացարան չունե՞ք, պետությունն ու տարբեր միջազգային կազմակերպություններ օգնություն են տրամադրում արցախցիներին։

– Քեզ, որ քո տնից հանեին ու չհասցնեիր անգամ մի բան վերցնել հետդ, այլ տեղում կապրեի՞ր։ Ֆիզիկապես գուցե հնարավոր է, բայց հոգով՝ անհնար։ Դու երեւի փոքր ես տարիքով ու չես հիշի ութսունականները, թե ինչ գնով էդ պատերազմը հաղթեցինք։ Ես էդ հողի ամեն փոշեհատիկի գինը գիտեմ, տղա՛ ջան։ Իսկ հիմա եկել, հարցնում ես՝ Երեւանի ասֆալտը հարմա՞ր ա, թե՞ չէ։

– Ինչո՞ւ պարտվեցինք այս պատերազմում, Ա. Հ.։

– Ի՞նձ ես հարցնում։ Իբրեւ լրագրող ես, չգիտե՞ս՝ ում պետք է էդ հարցը տաս։

– Ես Ձեզ հետ անընդհատ Դուք-ով եմ խոսում, բայց անցնում եք դու-ի։

– Երեւի քեզ ինձ հարազատ եմ համարում, բայց դու ինձ՝ չէ, ինչպես շատերը։ Կներես, հին սովորություն է։

– Ա.Հ., բլոկադայի ժամանակ էլ էիք լուռ ու մարդկանց քաջալերում էիք, որ ամուր մնան, դիմանան, որ ծանր փուլ է, կանցնի։ Ներքուստ հավատո՞ւմ էիք։

– Բլոկադան հարզատներիս մի մասին ավելի մտերմացրեց, մի մասին էլ անդարձ հեռացրեց։ Բարդ է էդպիսի պայմաններում հույսից ատամներով կառչելն ու աղոթելը, հուսալը, որ լույսը բացվի, ամեն ինչ առաջվա պես է լինելու։ Ամեն անգամ Տերունական աղոթքն ասելիս, առաջին իսկ տողից լեզուս կապ էր ընկնում, երբ ասում էի. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»։ Շատերիս հայրերն են երկնքում, հայրերը, եղբայրները, քույրերը, ու բոլորը մերն են։ Երկնքում ավելի շատ են, քան հողի վրա, իսկ մենք հողի տակ ենք։

– Դուք ինքնասպանության փորձ արեցիք։ Ուզում էիք կամրջից նետվել, բայց կարծեմ պատերազմի մասնակից մի զինվոր տղա է այդ պահին անցնելիս եղել ու կանխել ինքնասպանության փորձը։

– Այդպես էլ անունը չիմացա, բայց 44-օրյայի մասնակիցներից էր ու պատերազմի ժամանակ երկու ոտքն էր կորցրել։ Ինձ տեսավ, ճանաչեց ու վազեց դեպի ինձ։ Պատերազմից մնացած ձեռքերով ամուր գրկեց, խնդրեց՝ չցատկեմ։ Էդքանը։

– Իսկ ինչո՞ւ էիք որոշել այդ քայլին դիմել, ի՞նչն էր ստիպել։

– Երբ կամրջի հակառակ կողմում էի, առաջին անգամ զգացի՝ ոտքերս հողին կպած չեն։ Երբ տեսա ոտքերը կորցրած այդ տղային, հասկացա, որ եթե ոտքերով հողին կպած չես, կարող ես ու պիտի ձեռքերով էդ հողին հպվես։

– Այսինքն՝ այդ տղա՞ն է կանխել Ձեր ինքնասպանության փորձը։

– Երեւի, ինքն ու իր նման տղերքը։ Գիտես, մեռնելն ամենահեշտն է, ապրելն է դժվար։ Մեռնելը հեշտ է, երբ գիտես՝ ինչի համար ես մեռնում, բայց դժվար է ապրելը՝ չիմանալով ինչու ես ապրում։ Էլ չեմ ուզում խոսել։

– Ա.Հ., շնորհակալ եմ զրույցի համար։

Ավետիս ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցը հրապարակելուց առաջ մեկ անգամ էլ խնդրեցի Ա.Հ.-ին թույլ տալ հանրայնացնել իր անունը։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք, Արցախի Հանրապետություն։

«Առավոտ» օրաթերթ
24.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031