ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Լիանա Բալյանը ներկայանալի դեմքերից մեկն էր հայաստանյան դատա-իրավական աշխարհում: Նա, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, 4 տարի առաջ տեղափոխվեց Բելգիա, Բրյուսել քաղաք: Ներկայացնում եմ նրա հետ «Առավոտի» զրույցը:
-Ճանաչված փաստաբան-իրավաբանը ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեց, երբ տեղափոխվեց այլ երկիր:
-Ճիշտն ասած, ես այդքան դժվարությունների առաջ չկանգնեցի: Եկած օրվանից ունեցա անձնագիր, իմ փաստաթղթերը օրինական էին: Ունեի միայն լեզվի խնդիր, ֆրանսերենի, իսկ այստեղ աշխատելու կամ սովորելու համար լեզուն անհրաժեշտ է իմանաս: Մեծ հաջողություններ ունեցա, վերջապես այս տարի հանձնեցի լեզվի քննությունները:
Կարդացեք նաև
-Արդյոք, մտադի՞ր ես աշխատել քո իսկ մասնագիտությամբ:
-Ես երկու տարի առաջ իմ դիպլոմն ուղարկեցի, որպեսզի գնահատական տրվեր, ճանաչեր Բելգիայի պետությունը, ինձ տրվեց մագիստրոսի դիպլոմը, այն ճանաչվեց Բելգիական դիպլոմ: Հանձնեցի քննությունները գերազանց գնահատականներով, ընդունվեցի Լուվանի համալսարան, որպես փաստաբան, որտեղ պետք է վերապատրաստվեմ դատական ատյաններում, շարունակելով իմ սիրելի գործը Բելգիայում: Նշեմ, որ Բելգիայի Թագավորությունն իմ դիպլոմի համարժեքությունը տվեց այն հիմքով, որ ես ունեմ քսանհինգ տարվա փաստաբանի փորձ:
-Հասցրե՞լ ես ուսումնասիրել Բելգիայի օրենսդրությունը:
-Դեռ ոչ:
-Ծանոթացե՞լ ես տեղի հայ համայնքի հետ:
-Այո, նաեւ ծանոթացա հայ համայնքի հետ, Բրյուսելում ունենք գեղեցիկ, հետաքրքիր հայ համայնք, որոնք պարբերաբար միջոցառումներ են կազմակերպում հայերի համար, ցույցեր հենց Եվրոպառլամենտի մոտ մեր ազգային խնդիրների հետ կապված: Ես սովորելու պատճառով այդքան չեմ հասցնում պարբերաբար գնալու, մասնակցելու միջոցառումներին, բայց հետագայում, երբ ազատ լինեմ, ակտիվ կլինեմ հայ համայնքի հետ աշխատելուց:
-Չորս տարի այդտեղ ես, ինչպիսի՞ն է քաղաքը, մարդիկ:
– Բրյուսելում են գտնվում ՆԱՏՕ -ն եւ Եվրոպառլամենտը։ Բրյուսելը հանդիսանում է Եվրոպայի մայրաքաղաքը եւ աշխարհի հարցերը քննարկվում են այստեղ: Ի զարմանս ինձ, երբ հայտնվեցի այստեղ, տեսա ինտերնացիոնալ քաղաք, այնքան ազգություններ են բնակվում, չեմ տեսել, ռասիզմ, ոչ մեկը մեկի վրա վերեւից չի նայում, կառավարման շատ հետաքրքիր համակարգ ունեն, բոլորը դրական են տրամադրված միմյանց նկատմամբ, բարի են: Տրանսպորտը, քաղաքաշինությունը բարձր մակարդակի վրա են, ժողովուրդը ժպտերես է, քաղաքը շատ մաքուր է, մարդիկ հարգում են օրենքները, կարգուկանոն կա, պետությունը ջանքուեռանդ չի խնայում բարի էներգիա փոխանցելու համար: Վերջերս՝ օգոստոսի 15- 18-ին Բրյուսելի քաղաքապետարանը Գրան Պլաս հրապարակում կազմակերպել էր Ծաղիկների գորգ:
Յուրաքանչյուր երկու տարին մեկ, սկսած 1986 թվականից, Գրան Պլասում, օգոստոսի 15-ին, մի քանի օրվա ընթացքում ստեղծվում է հսկայական գորգ ծաղիկներից։ Միլիոնավոր բազմագույն բեգոնիաներ ստեղծում են 24×77 մ պատկեր, ընդհանուր 1800 քմ մակերեսով հետաքրքիր տեսարան էր, նայում, զմայլվում էին մարդիկ, երաժշտական միջոցառումներ հաճախ են կազմակերպվում: Ու ամենը ընդունելի է ընդհանրապես ժողովրդի համար:
-Լիանա ջան, ի՞նչ փոխանցեմ քո փաստաբան ընկերներին, պահո՞ւմ ես կապը նրանց հետ:
-Ես այսօր էլ հանդիսանում եմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, հեռավար մասնակցում եմ պալատում տեղի ունեցող որակավորման դասընթացներին, երբեւիցե չեմ մտածել կապը կտրելու մասին: Ունենք հրաշալի ղեկավար, աշխատակազմ: Շատ ուժեղ է փաստաբանական պալատը, հանձինս մեր փաստաբանների, ժամանակավոր խնդիրները կան, միշտ էլ եղել են, փաստաբանները միահամուռ հաղթահարել են: Պարզապես կուզեի փոխանցել, որ լինեն ուժեղ, միասին, համախմբված, բոլոր դժվարությունները մեկ է կհաղթահարվեն:
-Բելգիայի փաստաբանների հետ ծանո՞թ ես: Դասընթացների ժամանակ ապագա գործընկերներդ ինչպե՞ս էին կենցաղում…
-Այս տարիներին ծանոթացա տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ, նրանց սովորույթներին, կարեւոր էր իմանալ, ինչպես են նրանք բնակվում, կենցաղավարում, ուտում, ես էլ իմ հայկականը փախանցեցի նրանց, Բելգիայում Հայաստանը եւ հայերին ճանաչում են Շառլ Ազնավուրով:
Նշեմ, որ ամուսնացել եմ, ունեմ հրաշալի ընտանիք, ամուսինս ազգությամբ հայ է, ունի Բելգիայի քաղաքացիություն, ծնողները վաղուց բնակվում են Բելգիայում:
Զրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2024