Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հանգամանքի հիմքով նախկին դատավորը դիմել էր Սահմանադրական դատարան

Օգոստոս 26,2024 13:00

ՍԴ դատական կազմը փաստել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2022 թվականի հունիսի 23-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, մինչդեռ սույն գործով դիմումն առձեռն եղանակով Սահմանադրական դատարան է ներկայացվել սույն թվականի օգոստոսի 7-ին։

Բարձրագույն խորհրդի նախկին նախագահ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ, դատավոր Ռուբեն Վարդազարյանը դիմելով Սահմանադրական դատարան՝ խնդրել էր. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածը՝ այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման արդյունքում նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով կրկին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր, եւ որպես դրա հետեւանք՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 64-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի հունիսի 23-ի ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կիրառված Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` հաշվի առնելով նաեւ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը:

Նա նշել էր, որ Սահմանադրական դատարանը 2024 թվականի մայիսի 21-ի ՍԴՈ-1729 որոշմամբ արձանագրել է, որ առանց դատավորի ներկայացուցչի նիստը շարունակելը խախտում է դատավորի լսված լինելու իրավունքը, իսկ գրեթե նույնանման մեկ այլ գործով դիմումն ընդհանրապես քննության չի առնում։ Ըստ դիմողի՝ «նման տարբերակված վերաբերմունքն անթույլատրելի է եւ պետք է վերացվի՝ հնարավորություն ընձեռելով վերջինիս կրկին դիմելու Սահմանադրական դատարան՝ իր խախտված իրավունքը վերականգնելու համար»։

Դիմողը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում նոր հանգամանքով Սահմանադրական դատարան կրկին դիմելու որեւէ ընթացակարգ: Սակայն նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներից՝ ի համակցումն Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրել է, որ դիմումի ուսումնասիրությունից հետեւում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի սահմանադրականության հարց, այնինչ՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումները համատեղելի չեն սույն դիմումով քննության առարկա գործի բովանդակային ծավալի հետ։ Մասնավորապես, դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ հիմնավորումները ներկայացվել են սույն դիմումով քննության առարկա գործի փաստերից վերացարկված, որպիսի պարագայում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հարցը կարող է դառնալ ոչ թե կոնկրետ սահմանադրական վերահսկողության, այլ վերացական սահմանադրական վերահսկողության առարկա։ Ըստ ՍԴ դատական կազմի օգոստոսի 21-ի որոշման, դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ եւ սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի սահմաններից։

Ինչպես գիտեք, Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշումն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 23-ին:

Մերժելով Ռ. Վարդազարյանին, ՍԴ դատական կազմը արձանագրել էր, որ դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, եւ որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով այս նույն դիմողը բարձրացրել է Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սահմանադրականության հարցը: Քննության ընդունված գործի վարույթը Սահմանադրական դատարանի 2023 թվականի փետրվարի 24-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ կարճվել էր։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031