Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ հաց, այնտեղ՝ կա՞ց», թե՞ «կաց եւ արարիր»

Օգոստոս 26,2024 12:00

«Որտեղ հաց, այնտեղ՝ կաց» կարգախոսը, որով ցավոք, նույնիսկ հպարտանում ենք, դարեր շարունակ եւ մինչ օրս, դարձել է մեր ժողովրդի մի ստվար մասի արտագաղթի հիմնական պատճառը։

Օտար նվաճողների տիրապետության ժամանակահատվածում գուցե արդարացի է եղել նման մոտեցումը, սակայն պետություն ունենալուց հետո պետք է գործեր «կաց եւ արարիր հաց» կարգախոսը։

Անկախության առաջին տարիներին իրոք, գուցե կային օբյեկտիվ պատճառներ երկրից հեռանալու համար՝ համատարած գործազրկություն, ցուրտ, խավար, պատերազմ, երկրի ղեկավարումը զավթած, ընտրակաշառքով թալանի «մանդատն ստացած» ու թալանի լծված ոչ լեգիտիմ, երկիրն ապաշնորհ ղեկավարողներ եւ այլն…

Արտագաղթողների մի մասը (խոսքս չի վերաբերում արտագնա աշխատանքների մեկնածներին) երեւի ուներ օբյեկտիվ պատճառներ։ Նրանցից քչերին հաջողվեց կայանալ դրսում, որոնց մի փոքր մասը դարձան գործարարներ։ Վերջիններիս մի մասն էլ օգնել եւ օգնում են մեր Հայրենիքի առաջընթացին ու պաշտպանությանը։ Նրանք օտար երկրներում աշխատած գումարներից ներդրումներ են կատարում, աշխատատեղեր ստեղծում Հայրենիքում։ Այսպիսի գործարարների արտագաղթը, կարծում եմ, լրիվ արդարացի է։ Փառք ու պատիվ նման մարդկանց։

Արտագաղթողների մի ստվար մաս «որտեղ հաց, այնտեղ՝ կաց»-ի քողի տակ, ուղղակի ճողոպրեցին երկրից, իրենց հետ երկրից դուրս բերեցին դեռեւս մանկահասակ երեխաներին, որպեսզի հարկ եղած դեպքում չմիանան Հայրենիքի սահմանների  պաշտպանության սուրբ գործին։ Նրանք, ցավոք, որդեգրեցին «ո՞ւմ համար ծառայեն, այս  երկիրը երկիր չի դառնա» անտրամաբանական կարգախոսը։ Նման մարդիկ օտար երկրներում կազմակերպած իրենց խնջույքներում հաճախ են խմում Հայրենիքի, հայ զինվորի կենացը, այս կերպ իրենց «ավանդը» ներդնելով Հայրենիքի պաշտպանությանը։

Արտագաղթածների մեծ մասի գերնպատակը դարձավ այդ երկրների քաղաքացիություն ձեռք բերելը (հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնության), հպարտությամբ ցուցադրելով կաշառքի ու ծանոթների միջոցով ստացած «իրենց նոր Հայրենիքի» անձնագրերը։ Նրանց մի մասն էլ պայքարում է այդ  «բաղձալի թուղթն» ստանալ։ Այս «նորօրյա սփյուռքահայերը», եթե նույն աշխատասիրությամբ մնային մեր Հայրենիքում ու նույն ծավալի աշխատանք կատարեին, կարծում եմ, կարող էին լուծել իրենց բոլոր խնդիրները։

Մենք մեզ շատ ենք համեմատում այլ պետությունների հետ, ի ցույց դնելով մեր առավելությունները՝ արվեստի, մշակույթի, գիտության եւ այլ բնագավառներում, որը գովելի է, երբ տեղին է։ Սակայն կարեւոր հարցերում, ինչպիսին պետություն կերտելն է, պաշտպանելը, հզորացնելը, չենք ցանկանում համեմատվել։

Իսրայելը 1948 թ. անկախ պետություն հռչակվեց, մեզնից քիչ տարածքում ունենալով  շուրջ յոթ հարյուր հազար բնակչություն, սակայն չունենալով պետական համակարգ, չորս կողմից էլ թշնամական երկրներով շրջապատված, անընդհատ գտնվելով լոկալ պատերազմական գործողությունների մեջ։ Իսկ մենք անկախություն ձեռք բերելու պահին ունեինք պետական ղեկավարման բոլոր կառույցները։

Իսրայելի նորաստեղծ պետության պարագայում սկսվեց ներգաղթ, իսկ մեր երկրից՝ արտագաղթ այն դեպքում, երբ պատերազմի մեջ էր Հայաստանը։

Մոտ յոթանասուն տարվա ընթացքում, հիմնականում ի հաշիվ ներգաղթի, Իսրայելի բնակչությունը հասել է տասը միլիոնի։ Ներգաղթյալները գալիս հզորացնում ու պաշտպանում են իրենց երկիրը, իսկ մե՞նք…

Մենք պետք է սրբագրենք մեր պատմությունը, պետք է առերեսվենք ճշմարտության հետ, ցանկալին չներկայացնենք որպես իրականություն։ Թե չէ՝ ըստ մեր պատմիչների եւ դպրոցներում սովորած ու կարդացած պատմավեպերի, օտար նվաճողների դեմ բոլոր խոշոր ճակատամարտերում ջախջախել ենք թշնամիներին, հաղթել ենք ու… դարձյալ դարերով մնացել տարբեր նվաճողների լծի տակ, կորցրել մեր պատմական Հայրենիքի մեծ մասը։ Այդպես չի լինում…

Հաճախ մեր ձախողումները վերագրում ենք ազգային գաղափարախոսություն չունենալուն։ Ես չեմ ընդունում նման մոտեցումը։ Մեզ հատուկ կարգախոս է պետք՝  հասկանանք, որ ամեն մի հայ պարտավոր է իր ուժերի ներածին չափ նեցուկ կանգնի մեր պետությանը՝ պաշտպանել նրա սահմանները, ջանք չխնայել իր աշխատանքով հզորացնելու այն եւ թույլ չտալ մեր պետության հզորության խարխլումը թե՛ ներսից, թե՛ դրսից։

Իմ սուբյեկտիվ կարծիքով, նման մոտեցումը կարող է դառնալ մեր ազգային գաղափարախոսության հիմքը, եթե իհարկե, դա է մեր անհաջողությունների պատճառը…

Տիգրան ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031