Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Սերգեյ Լավրովի հայտարարությանը հավասարակշռված ու տեղին էր։
«Այեւս երբեք ՌԴ-ՀՀ հարաբերությունները չեն լինի նախկինի նման։ Այս ընթացքում տեղի են ունեցել անդառնալի իրադարձություններ, որոնք իրավիճակը բերել, հասցրել են այնպիսի կետի, որ վերադարձ անցյալին այեւս չի լինի։ Հասել ենք անդառնալիության կետին»,- «Առավոտի» հարցին՝ մինչեւ ո՞ւր կարող է շարունակվել հայ-ռուսական փոխհրաձգությունը, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը Սյունիքի մարզով հաղորդակցությունների հարցով։
ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան հայտարարել էին՝ Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը։
Կարդացեք նաև
Մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ ի պատասխան նշել է. «Հերթական անգամ Երեւանը մեղադրում է ուրիշներին, տվյալ դեպքում ՌԴ-ին, գլխավորը`սեփական ձախողումների համար պատասխանատուներ գտնելն է»։
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ապագայում էլ ՌԴ-ՀՀ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սրվելու են, հետո էլի փոքր-ինչ հանդարտվեն, բայց նախկին հարաբերությունները, որ կային 2000-ականներին, 1990-ականներին այեւս չեն լինելու. «ՌԴ-ի կողմից Արցախը նվեր տալը, ՀՀ իշխանություններին անընդհատ թիկունքից խփելը եւ այլ գործողություններ ՀՀ-ն երբեք չի մոռանա։ Տեսականորեն եմ ասում՝ նույնիսկ, եթե խորհրդարանական ընդդիմությունը գա իշխանության, այդ դեպքում եւս նախկին հարաբերություններին վերադարձ չի լինելու, որովհետեւ եթե այն ժամանակ Արցախի հետ կապված շատերը կուլ էին գնում կամ շատ բաների վրա աչք էին փակում, հիմա քանի որ ՌԴ-ն Արցախը նվիրաբերել է Ադրբեջանին, այեւս այդ կետին վերադարձ չի լինելու»։
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Սերգեյ Լավրովի հայտարարությանը հավասարակշռված ու տեղին էր. «Նաեւ սպասված, որովհետեւ քանի անգամ իրենք թեմաներ էին բացում, բայց ԱԳ նախարարությունը կարծես աչք էր փակում նրանց հայտարարությունների վրա, մանավանդ Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Հիմա արդեն բարեբախտաբար այեւս կարծես համբերության բաժակը լցվեց, ու իրենք պատասխանեցին՝ ըստ արժանվույն»։
Մեր դիտարկմանը՝ նախկին դիվանագետների կողմից այս առիթով քննադատություններ են հնչում, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Իսկ ի՞նչ են իրենք առաջարկում։ ՌԴ-ն առաջարկում է Զանգեզուրի միջանցք, որը պետք է վերահսկեն ՌԴ սահմանապահները։ Դրան համաձա՞յն ենք։ Իհարկե, ճիշտ են պատասխանել, ու էդ թեման ընդհանրապես ՌԴ բառապաշարից այեւս պետք է դուրս գա»։
Նկատեցինք՝ ՀՀ իշխող ղեկավարությունը ներկայացնում է, որ ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը, բայց արեւմուտքից էլ կարծես թիրախային արձագանք չկա, հետեւաբար պետք է հասկանալ՝ ՌԴ-ին ինչո՞վ ենք փոխարինում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Քայլ առ քայլ է ՀՀ-ն դիվերսիֆիկացնում արտաքին քաղաքականությունը եւ արդեն սպառազինությունների ձեռքբերման մասով ունենք նշանակալից ձեռքբերումներ։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ցանկանում է միանալ միջազգային «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ ՀՀ-ն քննարկում է Մեծամորի ատոմակայանն ամերիկյան ատոմակայանով փոխարինելու հարցը։ Որոշ փորձեր արվում են տնտեսության ոլորտում՝ չնայած հաջողություններ դեռ չունենք արտահանման դիվերսիֆիկացիայի մասով»։
Մեր հիշեցմանը՝ զուգահեռ Ադրբեջանն ու ՌԴ-ն իրենց կապերն են խորացնում, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Իրենք 2010-ից են հզորացնում իրենց հարաբերությունները, ուղղակի դա մեզ մոտ չէին տեսնում։ Մեր իշխանությունների վատն այն է, որ միտումները շատ ուշ են նկատում։ 2010-ից, երբ Մեդվեդեւը ժամանեց Ադրբեջան, եւ 5 միլիարդ դոլարի զենքի պայմանագիր ստորագրվեց, այդ ժամանակ պետք է տեսնեին, որ լուրջ ջերմացում է գնում։ Հիմա իրենք փոխել են իրենց հռետորաբանությունը։ Այեւս ՌԴ-ի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրար դաշնակիցներ են կոչում։ Սա շուտ պիտի նկատեին, հիմա, ցավոք, նոր են սկսել նկատել, բայց շատ քիչ մարդիկ ՀՀ-ում տարիներ շարունակ այդ մասին խոսել են։ Վտանգներ կան, եթե ՀՀ-ն մնա ՌԴ-ի տիրույթում։ Արդեն մենք տեսել ենք դրա արդյունքը, արդեն իշխանությունն էլ է հասկացել դա։ Նիկոլ Փաշինյանն էլ սկզբում մտածում էր՝ կարող է Պուտինին սիրաշահի, հետը լավ լինի, ռուս խաղաղապահների կոնտինգենտի հետ սակրավորներ ուղարկեց Սիրիա, խոսում էր հայ-ռուսական բացառիկ հարաբերությունների մասին, բայց իրականում դրանով ՌԴ-ի վերաբերմունքը չփոխվեց»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2024