Օգոստոսի 23-24-ը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչների, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների հետ, իրականացրեց «Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորում և մեդիաարշավ» միջոցառումը Ջերմուկ համայնքում։
Օգոստոսի 23-ին անցկացվեց Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորումը, որին մասնակցում էին համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, գյուղատնտեսներ, մեղվապահներ, ֆերմերներ, զբոսաշրջության ոլորտի աշխատողներ, տարբեր ոլորտների փորձագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Ֆորում-մեդիա արշավի նպատակն էր տեղի հանրության հետ քննարկել համայնքների կայուն, կանաչ տնտեսությունների և զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ նախադրյալները, վերհանել Ջերմուկ համայնքի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները։ Ֆորումի մասնակիցները պանելային ու խմբային քննարկումների ընթացքում կիսվեցին Ջերմուկի այլընտրանքային զարգացման իրենց պատկերացումներով, քարտեզագրեցին համայնքի կարիքներն ու իրենց տեսլականները․ ինչպիսի՞ Ջերմուկում են ուզում ապրել ու արարել այժմ և ապագայում։
Պանելային քննարկմանը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց՝ «Հաղորդակցությունը շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ ենք մենք հղում արտաքին աշխարհին Ջերմուկի վերաբերյալ։ Պետք է կոտրել այն միֆերը և կարծրատիպերը, որոնք առկա են, որպեսզի պարարտ ներդրումային դաշտ կարողանանք ձևավորել Ջերմուկի շուրջ»։
Կարդացեք նաև
Ֆորումի ավարտին մասնակիցներից ձևավորվեց Այլընտրանքային զարգացման աշխատանքային խումբ, որի համակարգող ընտրվեց Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ Խումբը փորձելու է ակտիվ ջանքեր գործադրել, որ կյանքի կոչվեն ֆորումի ժամանակ արտահայտված տեսլականներն ու առաջարկվող գործողությունները, տեղական ու ազգային իշխանությունների շրջանում ջատագովելու՝ ճիշտ և արդյունավետ զարգացնել համայնքի ներուժը, համակարգված աշխատանք տանելով Ջերմուկի առողջարանային ու զբոսաշրջային համբավը վերականգնելու, կանաչ տնտեսություններ հիմնելու, զարգացման համար գրավիչ ներդրումային դաշտ ձևավորելու ուղղությամբ։ «Այստեղ կարիք կա ներդրումների գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտում, զբոսաշրջիկի համար ավելի ակտիվ միջավայր ստեղծելու։ Ջերմուկցիները պետք է մասնակից լինեն միջազգային ծրագրերին, որպեսզի իրենց անձնական բիզնեսով նպաստեն համայնքի զարգացմանը»,- նշեց Ջերմուկի նոր ձևավորված Այլընտրանքային զարգացման աշխատանքային խմբի համակարգող Շիրակ Բունիաթյանը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները համայնքի զարգացման հեռանկարների վերաբերյալ ֆորումի մասնակիցներին ու փորձագետներին հարցեր հղելու հնարավորություն ունեցան։
Օգոստոսի 24-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչները «Մեդիան՝ հանուն այլընտրանքային զարգացման» խորագրով մեդիա արշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Ջերմուկ խոշորացված համայնքի Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ոլորտի աշխատողների, Կեչուտ, Գնդեվազ գյուղական բնակավայրերում ապրող և աշխատող գյուղատնտեսների, վերամշակող տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք այսօր կան Ջերմուկում, ապահովելու օբյեկտիվ ու հավասարակշված լուսաբանում համայնքի զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Գյուղատնտեսներն ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների մեծ մասը համայնքի ապագան կապում են կանաչ, օրգանական գյուղատնտեսության և որակյալ զբոսաշրջային ծառայությունների ու ենթակառուցվածքների զարգացման հետ՝ կարևորելով համապատասխան սոցիալ-էկոլոգիական միջավայրի առկայությունը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն միավորելով համայնքի, փորձագետների և լրատվամիջոցների ներուժը՝ այս նախաձեռնության միջոցով նպատակ ունի Ջերմուկում ձևավորված Այլընտրանքային զարգացման աշխատանքային խմբի օրինակով ստեղծել երկխոսության հարթակ՝ համայնքների բնակիչների ու տեղական իշխանությունների միջև՝ միտված նորարարական գաղափարների կյանքի կոչմանը և համայնքների կայուն ու այլընտրանքային զարգացմանը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ