2024 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երևանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում:
Փառատոնային առաջին օրերն անցկացվում են Վանաձորում՝ ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին համերգային ծրագրով հանդես եկավ «Թմբաթա» ֆոլկ – ռոք խումբը։ Ժամեր շարունակ Վանաձորում տիրում էր բարձր մշակութային տրամադրություն, իսկ ահա համերգային բարձր տրամադրությունը հաջորդ օրը վստահված էր «Հորովել» երգի և պարի անսամբլին։
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ, հանդիպումները տեղի կունենան թե՛ Վանաձորում, թե՛ Երևանում։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։
Կարդացեք նաև
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Հավելենք, որ փառատոնն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոնային երևանյան օրերը կմեկնարկեն օգոստոսի 26-ին ՝ Մոսկվայի տանը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ