«Ազգային առաջընթաց» կուսակցություն այսօր անցկացրեց 7-րդ համագումարը։ Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Հայկ Գրիգորյանը։
Իր ելույթում Հայկ Գրիգորյանն ասաց, որ գործող կառավարությունը չունի ո՛չ ժամանակի սղության գիտակցումը, ո՛չ էլ հստակ ծրագիր, թե ինչպես է Հայաստանը դուրս բերելու այս ստեղծված իրավիճակից։ Գործող իշխանության քաղաքականությունը նա որակեց հարմարվողական ու զիջողական եւ ասաց, որ դա չի բերել ու չի բերելու որեւէ արդյունքի։
«Իշխող ուժն իր հարմարվողական քաղաքականության հետեւանքով հանգեցրեց նրան, որ 2023 թվականին մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը։ Արցախը հայաթափվեց, եւ ի պատասխան դրա գործող կառավարությունը որդեգրել է հարմարվողականության եւ զիջողական քաղաքականություն, փորձում է արցախյան էջը համարել փակված, հանրության գիտակցումից ջնջել պատմության այդ դրվագը։ Ինչպես նաեւ փորձում է ուրիշների վրա բարդել իր պարտության մեղքը։ Մեր կուսակցությունը կտրականապես մերժում է Արցախի հարցում այս քաղաքականությունը, մենք գտնում ենք, որ Հայաստանն իրավունք չունի որպես պետություն վերջնականապես փակել Արցախի հարցը։ Մենք նաեւ գիտակցում ենք, որ այսօրվա Հայաստանն իր տնտեսական ու ռազմական կարողություններով այդ հարցն ի վիճակի չէ լուծել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Պետք է այդ հարցը չփակվի, որպեսզի մի քանի տարի անց անդրադառնանք արդարացի լուծմանը, որի համար անհրաժեշտ են տնտեսական եւ ռազմական հիմնավորումներ»,- նշեց Հայկ Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իրենց կարծիքով՝ միայն հաշվարկված եւ արժանապատիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է հնարավոր լինելու վերականգնել Հայաստանի դերը տարածաշրջանում։ Իսկ դա անհնար է անել առանց տնտեսական զարգացման։ Այնինչ, գործող կառավարության վերջին 6 տարվա աշխատանքի արդյունքում որեւէ տնտեսական բարեփոխում չի իրականացվել։ Չի իրականացվել նաեւ ռազմական ոլորտի որեւէ բարեփոխում, եւ Հայաստանը շարունակում է պարտվել ու պարտված մնալ թե տնտեսական, թե գիտական, թե ռազմական ոլորտներում։ «Մեր կուսակցությունը, լինելով սոցիալական ուղղվածության ուժ, առկա խնդիրների լուծումը տեսնում է տնտեսական բարեփոխումների միջոցով։ Եվ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն արդյունաբերական ինքնաբավության սկզբունքի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանը պետք է արտադրի այն ամենը, ինչը հնարավոր է արտադրել ներքին ռեսուրսներով։ Եվ պետությունը պետք է աջակցի տեղական արտադրողներին։ Այս ամենը բացակայում է այսօրվա կառավարության տնտեսական քաղաքականության մեջ»,- հավելեց Հայկ Գրիգորյանը։
Նա նաեւ ասաց, որ Երեւանի ավագանիում իրենց աշխատանքի արդյունքում հասկացել են, որ քաղաքային իշխանությունները չունեն որեւէ պատկերացում տեղական խնդիրների խորության մասին։ «Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիան ծաղկում է, քաղաքապետարանի ղեկավար անձնակազմը չունի տարրական պատկերացումներ խնդիրների լուծման մասին։ Մենք նաեւ հասկացանք, որ Քաղաքացիական պայմանագիրը նման անկարողության վիճակում է գտնվում ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի մակարդակով, այլ նաեւ կառավարության մակարդակով։ Այս քաղաքական տկարությունը, որն ունի իշխող ուժը, նաեւ բնորոշ է այսպես կոչված տիտղոսային քաղաքական ընդդիմությանը, որը գործունեություն է ծավալում ԱԺ-ում։ Եվ այս երկուստեք քաղաքական անկարողությունը մեր հասարակության մեջ բերել է խորը քաղաքական հիասթափության, այն առումով, որ քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում որեւէ քաղաքական ուժի, քաղաքական գործընթացի եւ չի մասնակցում ընտրություններին։ Այս ամենը մեզ դրդել է, որպեսզի զբաղվենք քաղաքականությամբ եւ մեր խոսքն ասենք քաղաքական դաշտում։ Մենք եկել ենք՝ ասելու, որ փորձելու ենք լինել իրական այլընտրանք, որին բնակչության մեծամասնությունը փնտրում է, բայց չի գտնում»,- հայտարարեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ