«Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակիչներն այսօր փակել էին արագընթաց Մոնթե Մելքոնյան փողոցը՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի անգործության դեմ։ Նորակառույց թաղամասն արդեն բնակեցված է, իսկ հարակից փողոցներում հետիոտնային անցումներ չկան, մարդկանց տեղաշարժը սահմանափակված է։ Կամ էլ մարդիկ սեփական կյանքը վտանգելով են հատում հարակից փողոցը։ Այսօրվա ակցիայի շրջանակներում թաղամասի երեխաները կավիճով գծեցին հետիոտնային անցումը։
Վերջին տարիներին «Վերածնունդի» բնակիչները բազմաթիվ նամակներ են ուղարկել Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանից հստակ պատասխան չեն տալիս բնակիչներին, միայն խոստանում են, որ հարցը կլուծվի։ Բնակիչները հստակ ժամկետներ են պահանջում, ասում են, որ եթե քաղաքապետարանը խնդրին լուծում չտա, բողոքի ցույցերը պարբերական բնույթ կկրեն։
«Այս ակցիայի նպատակն է քաղաքային իշխանությանն արթնացնել խորը քնից, որպեսզի երեք տարի շարունակ թաղամասի կողմից ուղղված դիմումներին ականջալուր լինեն եւ թաղամասի բնակիչների համար ստեղծեն անվտանգ անցումներ։ Սկզբի համար մենք կողմ ենք, որպեսզի լինի զեբրա եւ կարգավորվող լուսացույց։ Բայց հետագայում այս արագընթաց փողոցի անվտանգ անցումը կազմակերպելու համար այստեղ պետք է կամ գետնանցում, կամ վերնանցում կառուցվի։ Նաեւ ուզում ենք նշել, որ մեր պահանջը միայն Մոնթե Մելքոնյանի փողոցի մասով չէ, մեր թաղամասը կղզիացած է երկու խոշոր փողոցների միջնամասում՝ Ծիծեռնակաբերդի խճուղին եւ Մոնթե Մելքոնյան փողոցը։ Հետեւաբար, այս թաղամասը Երեւան քաղաքին կապելու համար պետք է երկու փողոցների վրա անցումներ կառուցել»,- լրագրողներին ասաց թաղամասի բնակիչներից Կարեն Բալումյանը։
Կարդացեք նաև
Թաղամասն ունի նաեւ հանրային տրանսպորտի խնդիր, այս տարածքով տրանսպորտային գծեր չեն գործում, չկան կանգառներ։ Բնակիչները բարձրաձայնում են նաեւ տրանսպորտի հարցը։
«Հավանաբար քաղաքապետարանը երեկ իմացել էր սպասվող ակցիայի մասին, բնակիչներից մեկի դիմումին ի պատասխան ստացել ենք գրություն, որտեղ ամսաթիվ նշված չէ, ստորագրություն չկա։ Եվ այդ գրությունում նշված է, որ պլանավորում են Երեւան պարկի հարակից տարածքում կառուցել զեբրա եւ լուսացույց տեղադրել։ Բայց մեր թաղամասը Երեւան պարկից առնվազն մեկ կմ-ից ավելի հեռավորության վրա է, Երեւան պարկի մոտ գծվող զեբրան չի կարող լուծում լինել այս թաղի բնակիչների անվտանգության համար։ Մեր տպավորությունն այն է, որ Երեւան պարկին հարակից զեբրան գծում են Երեւան պարկ բիզնեսի հաճախորդների համար եւ փորձում են թանկով վաճառել մեր թաղի բնակիչներին, թե իբր թաղի բնակիչների համար անվտանգության հարց են լուծում։ Մենք պահանջում ենք, որ մինչեւ սեպտեմբեի մեկն այս հատվածում, որտեղ երեխաները արդեն գծում են, լինի զեբրա եւ կանչով լուսացույց, իսկ հետագայում՝ կառուցվի անցում»,- ասաց բնակիչը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ