Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը պատրաստ է կորցնել երկու տասնյակ ուսանող, միայն թե վրեժ լուծի կոնկրետ դասախոսից. «Հրապարակ»

Օգոստոս 24,2024 11:13

Իրենց հեղափոխական ու դեմոկրատ հռչակած իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կատեգորիկ տանել չեն կարողանում իրենց հասցեին հնչող քննադատական խոսքը, եւ հաշվեհարդար են տեսնում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ` մի մասի դեմ գործեր են հարուցում, մյուսներին` աշխատանքից ազատում: Հատկապես թիրախավորվում են այն դասախոսները, ովքեր համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները «Հրապարակին» պատմեցին, որ մոտ 20 ուսանող պատրաստվում էր այս տարի դիմել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի համար, սակայն անակնկալ կերպով հայտարարվել է, որ ծրագիրն այս տարվա սեպտեմբերից փակվում է: Ուսանողներն այս քայլը կապում են նույն ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի եւ ԵՊՀ-ի ղեկավարության միջեւ լարված հարաբերությունների հետ, քանի որ մագիստրոսական ծրագիրն Ավետիսյանն էր ղեկավարում:

Բանն այն է, որ նախորդ տարի էլ Աստղիկ Ավետիսյանը հավակնում էր դառնալ ԵՊՀ Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, սակայն հայտարարված մրցույթը, որին մասնակցում էր նաեւ նույն ֆակուլտետի դասախոս Նանե Վարդանյանը, չեղյալ է համարվել: Բանն այն է, որ բուհի ղեկավարությունը Վարդանյանին էր ցանկանում տեսնել ամբիոնի վարիչի պաշտոնում, սակայն քանի որ վերջինս չի համապատասխանել պահանջներին` 5 ուսումնական տարում առնվազն 5 գիտական հոդվածի հրապարակում չի ունեցել, չի հաղթել մրցույթում, նոր մրցույթ էլ չի հայտարարվում: Եվ 2021 թվականի նոյեմբերից ի վեր այս ամբիոնը չունի վարիչ: Մեկուկես տարի ամբիոնի վարիչի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, վերջին շրջանում էլ ամբիոնի վարիչի ԺՊ է նշանակվել Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, ով որպես դասախոս երբեք ֆակուլտետում ակտիվությամբ աչքի չի ընկել: Ուսանողները «Հրապարակին» պատմեցին նաեւ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անձամբ է զբաղվում այս հարցով եւ ամեն ինչ անում է, որպեսզի ոչ թե Ժուռնալիստիկայի, այլ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Փիար մագիստրոսական ծրագիրը զարգանա, որտեղ հիմնականում իշխանական կադրեր են:

Ի դեպ, Ժուռնալիստիկայի Փիարին փոխարինելու է եկել «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագիրը, որը ենթադրում է մասնագիտական պրակտիկա Հանրային հեռուստաընկերությունում: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ շուրջ քսան ուսանող սկզբունքային կերպով այլ ֆակուլտետ է դիմել` մագիստրատուրայում սովորելու համար: Ստացվում է` Ժուռնալիստիկայի ֆակուլտետը պատրաստ է կորցնել երկու տասնյակ ուսանող, միայն թե վրեժ լուծի կոնկրետ դասախոսից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031