Ռուսական մամուլն օրերս մեծ ակտիվությամբ տեղեկություն տարածեց, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ուսումնասիրությունը, ըստ նույն ռուսական աղբյուրների, իրականացրել են «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիան և Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը՝ համատեղ։
«Արարատ սարի վրա խաղող չի աճում․ 10 հայկական կոնյակից 9-ը վտանգավոր են»,- կարդում ենք «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում։
Ըստ աղբյուրի, երկու ոչ կառավարական կազմակերպություններն իրականացրել են փորձնական գնում ու «մասշտաբային ուսումնասիրություն»։
«Ձեռք է բերվել կոնյակի 200 տեսակ՝ ավելի քան 20 ապրանքային նշանի 10 հայկական խոշորագույն արտադրողներից։ Դրանցից 177-ում հայտնաբերվել են խախտումներ․ սպիրտը եղել է ոչ խաղողից։ Այսպիսի խախտում մեր ասոցիացիայի գոյության երկար տարիների ընթացքում չենք տեսել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը՝ համաձայն այդ կազմակերպության պաշտոնական կայքի։
Կարդացեք նաև
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս հայտարարության հետքերով և փորձել պարզել՝ ինչ կազմակերպություններ են կատարել այդ ուսումնասիրությունը
«Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրը Ասլամբեկ Ասլախանովն է, որը մահացել է բոլորովին վերջերս՝ օգոստոսի 11-ին, 82 տարեկան հասակում։ Նա չեչեն էր, 2004-2008 թթ․ եղել էր ՌԴ նախագահի խորհրդականը, ՆԳՆ գեներալ-մայոր էր, Դումայի պատգամավոր։
2012 թվականից այս կազմակերպությունն ամենամյա միջազգային ֆորումներ է կազմակերպում։ Ավանդույթի համաձայն, ֆորումի հրավիրող կողմն այն երկիրն է, որը տվյալ տարում նախագահում է ԵԱՏՄ-ում։ Այս տարվա հունվարին մեկ տարով ԵԱՏՄ նախագահությունը ստանձնել է Հայաստանը, հետևաբար, ըստ կայքում նշվածի, «Անտիկոնտրոֆակտի» այս տարվա ֆորումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
«Հարցը առավել կարևոր է այն առումով, որ 2024-ին «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ֆորումը հյուրընկալելու է Հայաստանը։ Երկիրը հայտարարում է, որ ընտրել է կեղծիքի հակազդման ուղղությունը, նշանակում է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի արտադրանքի որակին»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը։
Սակայն ուշագրավ է, որ կազմակերպության կայքի համաձայն՝ վերջին նման ֆորումը տեղի է ունեցել 2022-ին Բիշքեկում։ 2023-ի ավանդական ֆորումի մասին տեղեկություն չկա։ Պաշտոնական կայքում չկան անոնսներ նաև Հայաստանում կայանալիք ֆորումի մասին։
«Անտիկոնտրոֆակտի» անդամների թվում իրավապահ մարմինների վետերաններ են, որոնք, հավանաբար, կազմակերպությանը միացել են Ասլամբեկ Ասլախանովի՝ հիմնադիր լինելու հանգամանքով պայմանավորված, իսկ ավելի ուշ միացել են այլ ընկերություններ և կազմակերպություններ։
Ինչպես ասացինք, ըստ ռուսական աղբյուրների, «Անտիկոնտրոֆակտ» միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, ուսումնասիրությունն իրականացրել է նաև Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միությունը։ Պարզվում է՝ այս երկու ոչ կառավարական կազմակերպությունները ղեկավարում է ՌԴ պետական Դումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Վլադիսլավ Ռեզնիկը։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում