Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան․ Ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել․ «Փաստ»

Օգոստոս 24,2024 10:10

Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև, փորձագետներն ահազանգում են վտանգների մասին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դրույթը փոփոխելու մի քանի պատճառ կա: «Բազմիցս նշել եմ, որ ունենալու ենք տնտեսական որոշակի դժվարություններ, երբ արտաքին պատահական գործոնն իր ազդեցությունը թուլացնի տնտեսական աճի առումով: Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական միջավայրին, որից Հայաստանն էապես օգտվեց, բայց արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա արդյունքները չկապիտալացրեցին:

Դրամական այն ներհոսքերը, որոնք ունեցանք մեր տնտեսությունում, և մյուս դրական ազդեցություններն ապահովեցին ընդամենն ընթացիկ բարձր տնտեսական աճ: Հիմա այդ գործոնները թուլանում են, տնտեսական աճի բարձր տեմպերի էական անկում ունենք, որը բերել է ծրագրված հարկային մուտքերի էական նվազման: 2024 թ.-ին ծրագրել էին հարկային մուտքեր, և էական թերակատարում կա: Այսպես շարունակվելու պարագայում տարեվերջին էլ ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ծրագրված հարկային մուտքերն ապահովելու իմաստով: Ունենք երկու ճանապարհ՝ կամ դեֆիցիտը պետք է ավելացվի, և դրանով ծրագրված ծախսերն ապահովեն, կամ ուղղակի պետք է ծախսերը կրճատվեն, իսկ այդ դեպքում ավելի ակնհայտ կդառնա այս իշխանության պոպուլիստական երեսը, ինչը քաղաքական իմաստով ձեռնտու չէ նրանց: Դրա համար զարկ են տվել հարկային տեռորին և հարկային բեռի ավելացմանը: Քանի որ այս իշխանությունները չեն կարողանում տնտեսության երկարաժամկետ ծրագրեր և արդյունավետ կառավարման հիմքեր ձևավորել, ինչը խոստացել էին, ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ տեսել ենք հարկային տեռորի դրսևորումներ ապօրինի գործադրմամբ: «Օրինակ՝ ավտոներկրողներին չէին վերադարձնում ավելացված արժեքի հարկն ամենատարբեր ապօրինի հիմնավորումներով, շինծու քրեական գործեր էին ձևակերպում և այլն, փորձում էին ապօրինի բանակցել գործարարների հետ, օրինակ՝ իքս գումար պետք է վերադարձնենք, արի դրա 60 տոկոսից հրաժարվի, 40-ը վերադարձնենք և այլն: Առանց իրավական հիմքի տեռորի էին ենթարկում գործարարներին: Քանի որ դա բացահայտվեց, օբյեկտիվորեն առաջացան դժվարություններ, հիմա հարկային տեռորին տալիս են իրավական հիմք: Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած օրինագիծ էլ ինչ-որ փաթեթավորմամբ կանցկացնեն: Փաթեթավորումը գեղեցիկ է, փայլփլուն, ասում են՝ հավասար հնարավորություններ են ստեղծում և այլն, բայց իրականում այստեղ որևէ հավասար հնարավորության խնդիր չի լուծվում: Փաստացի լուծում են մաքսիմում հարկ «քերթելու» խնդիրը, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ լուրջ դժվարություններ ենք ունենալու, և հարկային մուտքերի ապահովման լրացուցիչ բեռը պետք է արվի տնտեսվարողների հաշվին, իսկ դա եղած գործիքակազմով բարդ է, նոր գործիքակազմ է պետք:

Իսկ այն փաստացի նաև վախեցնելու, պատժիչ, կոպիտ ու կացնային ձևով է: Հարկային տեսուչը պետք է հարկային մուտք ապահովի, հիմնավոր կամ անհիմն առաջարկում է հարկային պարտավորություն: Գործարարը հրաժարվում է այդ պարտավորությունը կատարելուց: Հրաժարվելու, նաև կատարելու պարագայում վրա է հասնում հարկային հիմքով քրեական պատասխանատվությունը: Սա, իհարկե, կառաջացնի վախի մթնոլորտ, և շատ գործարարներ արդեն կլինեն ոչ հավասար պայմաններում: Իսկ ինչո՞վ է հարկային տեսուչը շահագրգռված նույնիսկ անհիմն կերպով հարկային պարտավորություններ առաջարկելու: Առաջին՝ պլանը կատարելու համար, հարկային մուտքեր չեն կարողանում ապահովել, տնտեսությունը չի աճում այն չափով, ինչ չափով կանխատեսվում էր, երկրորդ՝ իր «քյարը» այն բոնուսներն են, որոնք նա և իր համակարգը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավաստիացնում է՝ սա ունենալու է հետևանքներ: «Կացնային այս կարգավորումները նկատի ունենալով՝ բազմաթիվ ներդրումային նախագծեր կհետաձգվեն կամ մասամբ կիրականացվեն: Գուցե սա կարճաժամկետ լրացուցիչ մուտքեր ապահովի պետական բյուջե, բայց երկարաժամկետում էական խնդիր է առաջացնելու՝ կրճատվելու են հարկային մուտքերը, որովհետև սա բացասաբար է անդրադառնալու տնտեսական ակտիվության վրա: Այս իշխանությունները օրվա խնդիր լուծող, իրենց մեկ օրվա իշխանությունը երկարացնող վարքագծով են առաջնորդվում, և այս նախագիծը տեղավորվում է իրենց վարքագծի և տրամաբանության մեջ: Սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև նման կարգավորումները մեր նման երկրներում, որտեղ ամբողջական տեղեկատվական արդյունավետ համակարգեր չկան, լուծված չեն պետություն-մասնավոր գործընկերության բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, նման կացին տալ պետության ձեռքը, նշանակում է լուրջ հարված հասցնել գործարար միջավայրին»,-ասում է պատգամավորը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031