Ապահովագրական ընկերությունում պատասխանատվությունն ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական պատահարի մասին հայտնելու առանձնահատկության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել:
Այս տարվա հուլիսի 19-ին գրավոր ընթացակարգով քննվել է ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի վճռաբեկ բողոքը, վերաքննիչ դատարանի 2023թ. դեկտեմբերի 14-ի որոշման դեմ:
Մինչ այդ, գործը լսվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որը բավարարել էր ապահովագրական ընկերության հայցապահանջը՝ չեղյալ էր ճանաչել Հաշտարարի որոշումը, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր Հաշտարարի բողոքը:
Այս գործով պատահարից տուժող ճանաչված վարորդն ապահովագրական ընկերության հետ ուներ պայմանագիր, համաձայն որի, պատահարի դեպքում 40 րոպեի ընթացքում նա պարտավոր էր տեղեկացնել ապահովագրական ընկերությանը: Նա եղել է ընկերոջ հետ, պատահարի մասին տեղեկացրել է հեռախոսով, 23 րոպե հետո: Պատահարը տեղի էր ունեցել 3 տարի առաջ Հրազդան քաղաքից Քաղսի տանող ճանապարհին: Բախված մեքենաների երկու վարորդները եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ…
Կարդացեք նաև
Ըստ տուժողներից մեկի. «Երբ հարազատներս գիտակցության են եկել, չենք զանգահարել ընկերությանը, այն համոզմունքից ելնելով, որ ընկերությունը սահմանված կարգով տեղեկացված է եղել տեղի ունեցած պատահարի մասին՝ վթարին մասնակից մյուս կողմի վարորդի կատարած հեռախոսազանգի միջոցով, ուստի երկրորդ անգամ տեղեկացումն օրեր անց ինքնանպատակ չպիտի լիներ»:
Այսինքն, խնդիրը ծագել էր այն ժամանակ, երբ կողմը բարձրացրել էր հետադարձ պահանջի իրավունքի մասին:
Վճռաբեկ դատարանը երկու օր առաջ հրապարակեց թիվ ԿԴ/3132/02/22 քաղաքացիական գործով որոշումը, արտահայտելով հետեւյալ դիրքորոշումը. «Ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին հայտնելու պարտականությունը կատարելու առանձնահատկությանն այն դեպքում, երբ պատահարի մասնակից մյուս ավտոտրանսպորտային միջոցի վարորդը, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում ու կարգով ապահովագրողին տեղեկացրել է ապահովագրական պատահարի մասին, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նույն ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը մյուս մասնակցի կողմից կրկնակի տեղեկացնելու պարտականությունը կրում է ձեւական բնույթ՝ զուրկ բովանդակային նշանակությունից, եւ չի ծառայում օրենսդրի նպատակին, քանի որ ապահովադրի եւ (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի վրա այս դեպքում դրվում է օրենքի ձեւական պահանջին բավարարելու պարտականություն՝ այն դեպքում, երբ վերջինիս մոտ կարող էր ձեւավորվել ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերության՝ արդեն իսկ տեղեկացված լինելու մասին հիմնավոր համոզմունք»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.08.2024