Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի առաջատար մենապարողը կտեղափոխվի՞ Երեւանի թատրոն

Օգոստոս 24,2024 12:30

Հարցազրույց բալետի արտիստ, մենապարող Անդրո Ղուկասյանի հետ

Հարգարժան Անդրո, «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի երեւանյան հյուրախաղերն ավարտվեցին համաշխարհային բալետարվեստի գանձարանից չորս ներկայացումներով՝ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ», «Կարապի լիճը», Ադանի «Ժիզել», «Շոպենիանա» եւ «Կարմեն սյուիտ»։ Դուք հանդես եկաք «Կարմեն սյուիտ»-ում Ցլամարտիկի եւ «Կարապի լճում»՝ Ռոտբարտի՝ իրարից տարբեր եւ, բնականաբար, տարբեր հոգեվիճակներ պահանջող կերպարներով։ Կարծում ենք՝ մեր հանդիսատեսի՝ կոնկրետ ձեր հանդեպ արտահայտած վերաբերմունքը, նկատի ունենք երկարատեւ ծափերն ու բռավոները, փաստում են այն մասին, որ նրանց հիացրեց ձեր պրոֆեսիոնալիզմը։ Այստեղ մի «բայց» կա. ներկայացումների ավարտին հանդիսատեսը, այդ թվում՝ նաեւ մասնագետները, հիացական գնահատականներ շռայլելով ներկայացված բեմադրություններին, ափսոսանք էին հայտնում, որ առաջին անգամ էին լսում ձեր անունը եւ տեսնում նման հայ արտիստի արվեստը։

– Այդպես էլ պետք է լիներ։ Ծնվել եմ Վրաստանում, 25 տարի առաջ։ Ավարտել եմ Ադիգեայի Հանրապետության արվեստի պետական քոլեջն, ապա ուսանել Սանկտ Պետերբուրգի արվեստի պետական ինստիտուտում։ Ստացվեց այնպես, որ առաջին անգամ բեմ բարձրացա 2019-ին, Թայվանում, իսկ ամիսներ անց՝ 2020-ին, հրավիրվեցի «Սանկտ Պետերբուրգի թատրոն»՝ որպես մենապարող։ Երեւի այսքանը։ Մի բան էլ. Հայաստան, Երեւան այցը իսկապես կյանքիս երազանքն էր։ Կատարվեց այն ու հանդես եկա հայ հանդիսատեսի առջեւ։ Եթե կարեւոր է, տեղեկացնեմ, որ մասնակցել եմ միջազգային մրցույթների եւ Պիտերում անցկացվող Բորիս Բրեգվաձեի անվան միջազգային մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո հրավիրվեցի այս թատրոն։ Նշեմ նաեւ, որ միաժամանակ բեմ եմ բարձրանում նույնպես Պիտերում գործող «Sent Michel» խմբի հետ։ Երկու թատրոնների հյուրախաղային գրաֆիկը խիտ է, որի արդյունքում հանդես եմ եկել Չեխիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Թայվանում, Մալայզիայում։

– «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնը Երեւանում ներկայացավ միայն դասական խորեոգրաֆիայով արված բեմադրություններով։ Կարելի՞ է ենթադրել, որ թատրոնում միայն նման բեմադրություններ են իրականացվում։

– Ոչ թե կարելի է ենթադրել, այլ հենց այդպես էլ կա։ Իսկ մյուս աշխատավայրում խաղացանկում միայն ժամանակակից խորեոգրաֆիայով արված բեմադրություններ են։

– Անդրո, հայաստանցի ձեր կոլեգաներին երբեւէ արտասահմանյան երկրներում հանդիպե՞լ եք։

– Ոչ։ Բայց հավատացնում եմ, որ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին, մասնավորապես՝ բալետային խմբին, բավարար չափով ծանոթ եմ, իհարկե՝ օնլայն ձեւաչափով։ Հիմա որոշ փաստեր թվարկեմ՝ դուք համոզվեք (ժպտում է- Ս. Դ.)։ Գիտեմ, որ ձեր թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» բեմադրել է Գեորգի Կովտունը, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը»՝ Օլեգ Վինոգրադովը, «Կարապի լիճը» բեմադրության գեղարվեստական ղեկավարն է հանդիսացել Նինո Անանիաշվիլին, էլ չեմ խոսում Յուրի Գրիգորովիչի մասին, ով իրականացրել է Խաչատրյանի «Սպարտակը» եւ այլն։ Ձեր թատրոնի բալետային խումբը վերջին շրջանում փայլուն հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Սաուդյան Արաբիայում։ Օնլայն հիացած եմ ձեր որոշ մենապարողների արվեստով, ափսոս, որ այս օրերին ամառային արձակուրդներ են եւ չեմ կարող շփվել նրանց հետ։ Գիտեմ նաեւ, որ Երեւանի թատրոնում էլ հյուրախաղերով հանդես են եկել աշխարհահռչակ բալետային խմբեր, այդ թվում՝ Անգլիայի ազգային բալետը։ Հիանալի է, որ Երեւանում անցկացվել է բալետի միջազգային փառատոն, աշնանն էլ ծրագրված են երկու բալետային ներկայացումների պրեմիերաներ՝ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» եւ Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության հիման վրա ներկայացում։ Ի դեպ, այս երկրորդը գուցե ավելի ուշ է բեմադրվելու, դա հաստատ չեմ կարող ասել։ Ողջունելի է, որ նման բալետային աժիոտաժ կա Հայաստանում։ Եվ այս ամենը, սա էլ ասեմ՝ արդյունք է ձեր թատրոնի տնօրենի՝ Մաեստրո Կարեն Դուրգարյանի աշխատանքի, ով ցանկալի հյուր է Ռուսաստանի ճանաչված թատրոններում։

– Դուք Ռուսաստանում հանդիպե՞լ եք մաեստրո Դուրգարյանին կամ ներկա գտնվել նրա ղեկավարությամբ ներկայացումների։

– Ոչ, քանի որ մաեստրո Դուրգարյանի Մարիինյան թատրոնում հյուրախաղերը մշտապես համընկել են իմ երկու աշխատավայրերի արտասահմանյան հյուրախաղերի հետ։

– Հոգ չէ, դա կարելի է ուղղել՝ ներկա գտնվելով Երեւանի օպերային թատրոնում մաեստրո Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացումներին։ Սա հենց այնպես չենք ասում, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկության՝ մաեստրոն հանդես է եկել առաջարկով՝ հրավիրելով ձեզ մեր օպերային թատրոն։

– Այո, իրավացի եք, բայց այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել։ Միայն մի բան հաստատ է, որ երազանքս՝ այցելել Հայաստան, կատարվեց։ Գուցե կատարվի նաեւ ցանկությունս՝ հանդես գալ հարուստ խաղացանկ ունեցող Երեւանի օպերային թատրոնի ներկայացումներում։

Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ. Գ. Ռուսաստանյան TV-երից մեզ հայտնի է մոսկովյան «Բալետ սառույցի վրա» թատրոնի «Կարապի լիճը» ներկայացումը, որտեղ Անդրո Ղուկասյանի գործընկերն է աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն: «Վարպետը եւ Մարգարիտան» բալետի հեռուստատարբերակում հայ պարողը հանդես է եկել աշխարհահռչակ բալետի արտիստ Սերգեյ Պոլունինի ընկերակցությամբ: Տարբեր ներկայացումներում մեր հայ արտիստին «ուղեկցել» են աշխարհի բեմերում փայլող այնպիսի պարուհիներ, ինչպիսիք են Լարիսա Կորսակովան, Վերոնիկա Մարկովան եւ ուրիշներ:

«Առավոտ» օրաթերթ
23.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031