Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյանը դեռ զրկված է իր հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակության՝ «բնակելի կառուցապատման» իրավունքից

Օգոստոս 24,2024 13:30

ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) օգոստոսի 21-ին շարունակվեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը:

Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցում:

Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, հայցվոր Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ Վահե Սեդրակյանն ու Ալբերտ Կանդալյանը (լուսանկարում):

Հիշեցնեմ, որ այս գործով դատարան հրավիրված փորձագետները պատասխանում են «Օկտագոն» ՍՊ ընկերությանը տրամադրած շինարարության թույլտվությանը, որով Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 բնակելի տան հասցեում իրականացնում են բազմաբնակարան՝ տասներկուհարկանի բնակելի շենքի կառուցման աշխատանքներ: «Շինարարատեխնիկական փորձաքննության թիվ ԷԸ-22/Պ-0002/1 եզրակացության համաձայն, «շինարարատեխնիկական փորձաքննություն» մասնագիտացմամբ դատական փորձագետի որակավորում ունեցող Արման Արսենյանը եզրակացրել էր, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեին հարակից կառուցվող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմի թիվ 79, 80, 297, 300, 439 եւ 449 եւ ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի թիվ 149, 150, 151, 152 կետերի պահանջները եւ որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցմամբ հայցվոր Անդրանիկ Մանուկյանը զրկվում է իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեի հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակությամբ՝ «բնակելի կառուցապատման» իրավունքից, քանի որ բազմաբնակարան բնակելի շենքին կից կառուցապատումը կառաջացնի վերը թվարկված քաղաքաշինական նորմերի խախտումներ»:

Մեր նախորդ հրապարակումներից տեղեկացել եք, որ դատարանը լսել է փորձագետ Արտաշես Հովհաննիսյանին, ով Անդրանիկ Մանուկյանի՝ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան հարեւանությամբ «Օկտագոն» ընկերության կողմից տասներկու հարկանի շենքի կառուցման հետ կապված տվել էր եզրակացություն, համաձայն որի՝ շինարարությունն ընթանում է քաղաքաշինական նորմերին համապատասխան, «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի փորձագետ Տիգրան Ալեքսանյանին, ով այս տարվա մայիսի 30-ի դատական նիստի ժամանակ ասաց. «Պատվիրատու «Օկտագոն» ընկերության կողմից իրեն է տրամադրվել փաստաթղթերը, շինարարությունը կատարվում է այնտեղ, որտեղ նախագծված է»:

Օգոստոսի 21-ին դատարան հրավիրված փորձագետ Արտյոմ Թումասյանն ասաց, որ նախորդ փորձագիտական եզրակացությունները չի ընդունում, քանի որ դրանք չեն համապատասխանում օրենքով սահմանված կարգավորումներին.

«Անհրաժեշտ է նշել, որ Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեում տեղակայված երկհարկանի առանձնատան երկայնական պատի միջեւ եղած հեռավորությունը պետք է լիներ 13, 0 մետր, առկա 4.3-5.6 մետրի փոխարեն, որի պայմաններում կապահովեր ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն, քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծերում եւ կառուցապատում» ներմերի՝ «Հակահրդեհային պահանջների» կետ 49-ի պահանջը՝ «Հեռավորությունն անցումի եզրից մինչեւ շենքի պատը» մինչեւ 9 հարկանի շենքերի համար, հարկավոր է ընդունել 5-8 մ, իսկ 9 եւ ավելի հարկայնության դեպքում՝ 8-10 մ»: Ըստ փորձագետ Թումասյանի՝ այդ գոտում չեն թույլատրվում պարիսպների տեղադրում, հոսանքի հարղորդման օդային գծերի անցկացում եւ ծառերի շարքային տնկումների իրականացում:

Իր կողմից ստորագրած եզրակացության մեջ այս փորձագետը նշել էր. «Նախագծային փաստաթղթերի վերաբերյալ «Լավո» ՍՊ ընկերության կողմից տրամադրված եզրակացությունը մասամբ չի համապատասխանում Հայաստանում գործող ոլորտը կարգավորող քաղաքաշինական նորմերին»:

Հիշեցնեմ, որ դատաշինարարատեխնիկական եւ դատահետաքաբանական հանձնաժողովի փորձաքննությունը, որի մասին գրում եմ, սկսվել է 2023 թվականի ապրիլի 4-ին եւ ավարտվել 2024 թվականի հունվարի 18-ին:

Դատաշինարարատեխնիկական եւ դատահետաքաբանական հանձնաժողովին էր հանձնարարված սա, փորձաքննության հիմքը ՀՀ Քննչկան կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչ Ա.Շահնազարյանի կողմից փորձաքննություն նշանակելու մասին անցյալ տարվա մարտի 27-ի կայացված որոշումն էր:

Ներգրավվել էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Գ. Ենգիբարյանը, Հ. Հակոբյանը եւ Ա .Թումասյանը:

Ըստ փորձագետ Ենգիբարյանի՝ «բազմաբնակարան շենքը համալրված է ներքին եւ արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված ջրմուղով, ինչպես նաեւ հրդեհաշիջման ջրի կուտակման ջրավազանով, հակահրդեհային ավտոմատիկայով, այսինքն, նախագծով շենքը համալրված է համապատասխան սարքավորումներով եւ ինժեներական կառուցվածքներով, եւ որ կառուցվող բազմաբնակարան շենքը չի խոչընդոտում հրշեջ մեքենաների մոտեցումն իր մերձակա տարածք, հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաեւ Անդրանիկ Մանուկյանին պատկանող շինության մոտակայք. «Անհրաժեշտ է նշել, որ Ա եւ 4 առանցքների հատման կետից առանցքի երկայնքով մոտ 9,80 մետր երկարությամբ եւ 2,10 մետր լայնությամբ կոնսուլային ելուստները իրականացված չեն»: Այս փորձագետը մոռացել է, որ ինքը դատաշինարարատեխնիկական փորձագետ է, ոչ թե հրդեհաշիջման, հակահրդեհային միջոցառումների գիտակ…

Փորձագետ Թումասյանը, ով չի ստորագրել եզրակացության տակ, համաձայն չէր Ենգիբարյանի եզրակացության հետ, հայտնել էր. «Կառույցի հատակագծային չափերը նշված չեն իրավունքի պետական գրանցման վկայականի մեջ», իսկ հարցին, արդյոք «Օկտագոնի» կողմից կատարված շինաշխատանքների տեղակայումը համադրվել էր Անդրանիկ Մանուկյանին պատկանող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5-րդ տան հասցեի անշարժ գույքի եւ հողատարածքի հետ, թե ոչ, եթե այո, ապա ինչ մակերեսով, փորձագետը պատասխանել էր. «Անհրաժեշտ է նշել, որ մասնակիորեն վնասվել է կամ քանդվել է, որի չափերը հնարավոր չէ որոշել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031