Սկիզբը՝ այստեղ:
Ուկրաինայի կողմից ՌԴ ներխուժումն ու Պուտինի այցը Բաքու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր: Բանակցությունների օրակարգում` «ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերն էին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները»:
Կրեմլը այցի նախաշեմին ազդարարեց, որ ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հավելելով. «Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը` ամենաբարձր մակարդակով 2020-2022թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։
Կարդացեք նաև
Այսպես, Ռուսաստանի նկատմամբ` Ուկրաինայի վերջին գործողությունների ֆոնին, քաղաքակիրթ աշխարհ այցեր կատարելու հնարավորությունից զրկված Պուտինը ի՞նչ հույժ կարեւոր հարցեր ուներ քննարկելու Ալիեւի հետ, որ որոշեց անձամբ այցելել Բաքու, իսկ Ալիեւն էլ` գրկաբաց ընդունեց նրան: Սա Պուտին-Ալիեւ երրորդ հանդիպումն էր 2024-ի ընթացքում։
Այսպես, օգոստոսի 18-ին Վլադիմիր Պուտինը ժամանեց Բաքու, նրանց դիմավորեցին Ադրբեջանի փոխվարչապետն ու ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը։
Այդ օրը երեկոյան Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հյուրն էր, Ալիեւների տանը նրանք ճաշել էին։
Պուտինի աննախադեպ ժեստերը` Հեյդար Ալիեւի գերեզմանին ու «շեհիդների պուրակում»
Հաջորդ օրը` ռուս-ադրբեջանական բանակցություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում ծաղկեպսակ դրեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին ու ծնկաչոք պատվեց նրա հիշատակը:
Գերեզմանը գտնվում է այսպես կոչված՝ «Պատվո գերեզմանատան ծառուղում», որտեղ Պուտինը ծաղիկներ խոնարհեց նաեւ Իլհամ Ալիեւի մոր հուշարձանի առջեւ, կրկին` ծնկի գալով:
Ռուսաստանի նախագահը այցելեց նաեւ «Անմար կրակ» հուշարձանին, այսպես կոչված` «շեհիդների ծառուղի», որտեղ նույնպես ծաղկեպսակ դրեց` հարգելով Ղարաբաղյան պատերազմում սպանված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը:
Ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, անցյալ տարի Արցախում Ալիեւն իրականացրեց ցեղասպանություն: Ավելին, Արցախում անցյալ տարի սեպտեմբերին սպանվեցին ռուս 5 խաղաղապահներ: Մինչդեռ նրանցից միայն մեկի անունն է մինչ օրս հայտնի…
Զոհված 5 խաղաղապահների թվում էր` Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան (գնդապետ), 52-ամյա Իվան Կովգանը, իսկ մյուս չորս զոհված զինծառայողների անուններն անգամ ՌԴ-ն հարկ չհամարեց հրապարակել: Իսկ ավելի ուշ արդեն տեղեկություններ հրապարակվեցին, որ 2023թ. սեպտեմբերին ռուս խաղաղապահները գնդակահարվել են թուրքական հատուկ ստորաբաժանման կողմից: Միեւնույն ժամանակ, նա զբաղեցնում էր Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի սուզանավային ուժերի ղեկավարի տեղակալի պաշտոնը` ռազմաքաղաքական գծով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն խնդրեց ՌԴ նախագահից խաղաղապահների «ողբերգական մահվան» առիթով: Կրեմլը դեպքից հետո հայտնեց, որ Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցում Ալիեւը «խոր ցավակցություններ» է հայտնել ողբերգության առիթով, խոստացել «մանրակրկիտ հետաքննություն» իրականացնել եւ պատժել մեղավորներին։ Այսպես, «պատահական» ու «ողբերգական» դեպքի անվան տակ կոծկեց, մոռացվեց այս սարսափելի հանցագործությունը, ինչպես ադրբեջանական կողմի` ռուսական ուղղաթիռը հարվածելու դեպքը:
Իսկ Պուտինը օգոստոսի 19-ին Բաքվում «շեհիդների պուրակում» գլուխ խոնարհեց թուրք-ադրբեջանական բանակի նահատակների առջեւ, որոնց շարքերում ընդդեմ ռուս խաղաղապահների եւ բարեկամ ու դաշնակից հայ ժողովրդի հանդեպ ծանր` պատերազմական հանցագործություններ իրագործածներն էին թաղված:
Պուտինը խոստացավ` Փաշինյանին պատմել Բաքվի բանակցությունների արդյունքների մասին
Վլադիմիր Պուտինը Բաքվում Իլհամ Ալիեւի հետ քննարկեց Հարավային Կովկասում իրավիճակը: Նա նշեց, որ նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին. «Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ եւ կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»։
Նա հավելեց, որ տեղյակ է Ադրբեջանի մտադրության մասին՝ ավարտին հասցնելու բոլոր ընթացակարգերը՝ կապված հակամարտության ամբողջական կարգավորման հետ։ ՌԴ-ն կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական փոխգործակցության կարգավորմանը եւ եռակողմ համաձայնագրերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի կնքմանը, Ալիեւի հետ բանակցությունների արդյունքներով ասաց ՌԴ նախագահը, հավելելով. «Մենք պատրաստ ենք նաեւ աջակցել սահմանագծմանն ու սահմանազատմանը, նկատի ունեմ, որ ունենք համապատասխան փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային Միության ժամանակներին, կօգնեն անդրսահմանային ուղիների ապաշրջափակմանը եւ մարդասիրական կապերի հաստատմանը»:
Ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններից, իր հերթին հարկ համարեց ընդգծել Ալիեւը: «Մենք շատ գոհ ենք մեր երկրների փոխգործակցության մակարդակից։ Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը մենք ստորագրել ենք 2022 թ. փետրվարին, հաջողությամբ իրականացվում է, եւ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում մենք տեսնում ենք շատ դրական դինամիկա եւ լավ թվեր։ Եվ, իհարկե, մենք համագործակցում ենք էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հումանիտար համագործակցությանը, բայց նաեւ շատ այլ ոլորտներում ենք համագործակցում», նշեց Ալիեւը։
Ռուսաստան-Ադրբեջան` նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններ
Հայտնի է, որ Պուտինի` Ադրբեջան այցի ժամանակ ստորագրվել է վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր եւ երեք հուշագիր, ընդունվել է համատեղ հայտարարություն։ Միջկառավարական համաձայնագրերը վերաբերում են երկկողմ համագործակցությանը սննդամթերքի անվտանգության, կարանտինի եւ բույսերի պաշտպանության, առողջապահության, բժշկական կրթության եւ գիտության ոլորտներում: Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ աշխատանքային, կլիմայական փոփոխության եւ ներդրումների ոլորտներում:
Ռուսաստանն ու Ադրբեջանը դիտարկում են նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ Կասպից ծովի շելֆում, հայտնեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Վերջինիս խոսքով` Ռուսաստանն ու Ադրբեջանը «երկարատեւ կապեր ունեն գազի, նավթագազային ոլորտում, համատեղ նախագծեր են իրականացվում»։ Նա նշել է հատկապես «Շահ Դենիզ» կոչվող նախագիծը, որում ռուսական «Լուկօիլ» ընկերությունն ունի գրեթե 20 տոկոս ներդրումներ. «Մենք ունենք նախագծեր՝ կապված նավթի, նավթամթերքի մատակարարման հետ, էլեկտրաէներգիայի ոլորտում»: Ըստ ՌԴ փոխվարչապետի` երկրները զարգացնում են համագործակցությունը նաեւ էլեկտրաէներգիայի ոլորտում։
Հայտնի դարձավ նաեւ, որ «Գազպրոմ»-ը եւ ադրբեջանական Socar-ը քննարկում են գործընկերությունը` «Հյուսիս-Հարավ» նախագծում: Ըստ ՏԱՍՍ-ի` ընկերությունները պայմանավորվել են ընդլայնել բազմապլան ռազմավարական գործընկերությունը, հայտնել է ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նկատենք, որ «Գազպրոմ»-ի պատվիրակությունը եւս մասնակցում էր Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջան կատարած երկօրյա պետական այցի միջոցառումներին:
Ալիեւի պատասխան քայլը
Պուտինի` Բաքու կատարած երկօրյա այցից մեկ օր անց արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը BRICS-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել: Հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի եւ Չինաստանի ընդունած ռազմավարական գործընկերության հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն էր հայտնել միանալ BRICS-ին, չինական կողմը ողջունել էր Բաքվի այդ ցանկությունը։
Սանկտ Պետերբուրգում անցկացվող BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստին, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ։ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ միությունը կազմավորվել է 2006-ին, հետագայում խմբին միացել են նաեւ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան:
Նկատենք, որ Իլհամ Ալիեւն ու Սի Ծինփինը հուլիսին ստորագրված հռչակագրում հայտարարեցին համագործակցությունն ընդլայնելու մասին՝ խոստանալով ռազմավարական բովանդակություն հաղորդել երկու երկրների հարաբերություններին, որոնց հազարավոր կիլոմետրեր են բաժանում։ «Սա նոր ելակետ է։ Մենք շարունակելու ենք մեծացնել փոխադարձ աջակցությունն՝ ի շահ մեր ժողովուրդների», նշել էր Չինաստանի նախագահը։ Ալիեւն էլ իր հերթին նշեց. «Սա մեծ ձեռքբերում է եւ մեծ պատասխանատվություն։ Մենք հետագայում էլ մտադիր ենք փոխգործակցել, բոլոր ուղղություններով ամրապնդել երկկողմ կապերը»։
Ալիեւը Չինաստանի հետ դաշնակցային կապեր հաստատելով, ըստ ամենայնի, փորձում է հավասարակշռել Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ իր սերտ հարաբերությունները: Արցախի հարցում նրան աջակցած Թուրքիային ու Ռուսաստանին հավերժ պարտական մնալը Ալիեւի շահերից, թերեւս, չի բխում, ու նա փորձում է որոշակի ինքնուրույնություն դրսեւորել:
Իսկ ահա Պուտինի հաջորդ կանգառը Բաքվից հետո` Չեչնիան էր, որտեղ նա 13 տարվա մեջ առաջին անգամ էր այցելում: Ռուսաստանի նախագահը Գրոզնիում Իսա մարգարեի նոր մզկիթ էր այցելել, մզկիթին նվիրել էր ձեռագործ Ղուրան եւ տեսախցիկների առջեւ յուրօրինակ ժեստ արեց` համբուրելով Ղուրանը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.08.2024
Путин возложил венок к могиле отца Ильхама Алиева - Гейдара Алиева pic.twitter.com/GmygwRIZR4
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) August 19, 2024