Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում «Դաբաղ» հիվանդության վիրուսի տարածման պատճառների վերաբերյալ ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ստացել

Օգոստոս 23,2024 22:55

Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների «Դաբաղ» հիվանդության դեմ իրականացված պատվաստման գործընթացում հնարավոր է թույլ են տրվել ապօրինություններ, ինչի հետևանքով հունիսին Լոռու մարզի տարբեր համայնքներում տարածում էր գտել «Դաբաղ» հիվանդության «SAT-2» տիպի վիրուսը

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների «Դաբաղ» հիվանդության դեմ իրականացված պատվաստման գործընթացում հնարավոր է թույլ են տրվել ապօրինություններ, ինչի հետևանքով հունիսին Լոռու մարզի տարբեր համայնքներում տարածում էր գտել «Դաբաղ» հիվանդության «SAT-2» տիպի վիրուսը:

Համաձայն պլան ժամանակացույցի՝ Ճոճկան բնակավայրում առաջին կիսամյակում սահմանված է եղել 367 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների պատվաստման միջոցառում, որն ըստ անասնաբուժական գրանցամատյանի՝ ամբողջությամբ կատարվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժների կողմից լրացված մատյանների գրառումների համաձայն, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներն իբր եղել են պատվաստված հակադաբաղային պատվաստանյութով, սակայն այդ պարագայում, ըստ մասնագետների գնահատականի, նշված հիվանդության տարածում չէր կարող գրանցվել:

Համապատասխան ստուգումների, իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ըստ անասնաբուժական գրանցամատյանում արված կեղծ գրառումների՝ Ճոճկանի բնակիչ Ա.Պ-ին պատկանող խոշոր եղջերավոր անասուններից պատվաստված են 6-ը, սակայն իրականում մայիս ամսին Ճոճկան բնակավայրի անասնաբույժ Արարատ Հովակիմյանի կողմից նշված կենդանիներից պատվաստել է 3-ը:

Պարզվել է, որ Ա.Պ-ն Ճոճկանի միակ բնակիչը չէ, ում անասունների թվաքանակի պատվաստման վերաբերյալ կեղծ տեղեկություն է նշվել:

Ճոճկան բնակավայրի անասնաբույժ Արարատ Հովակիմյանի կողմից անասնաբուժական մատյանում կեղծ գրառումներ կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել նաեւ Ճոճկանի մեկ այլ բնակիչ՝ Ս. Հ.-ն:

Վերջինիս պատկանող խոշոր եղջերավոր անասուններից պատվաստված են 5-ը, սակայն իրականում մարտից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում Ճոճկան բնակավայրի անասնաբույժի կողմից նշված կենդանիներից պատվաստվել են 3-ը: Իրավապահները Ճոճկանի տասնյակ բնակիչների անասունների պատվաստումների վերաբերյալ կեղծ տեղեկությունների մասին հաղորդումներ են ստացել:

Ճոճկանի համայնքապետ Արա Սիրադեղյանը չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը: «Խնդրում եմ առանց մեկնաբանությունների»,- ասաց Սիրադեղյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ախր նման գործերը պետք է գյուղատնտեսության նախարարությունն աներ, որը լուծարել են և ինչ-որ մի նախարարության կազմում թողել են մի փոքրիկ գյուղատնտեսության վարչություն՝ փոքր աշխատակազմով, որն ամբողջ Հայաստանի տարածքի կեսի կեսին էլ չի հասցնի սպասարկել: Էս անկազմակերպ իշխանությունն էլ ԱԱԾ-ին ստիպում է ազգային անվտանգության գործառույթները թողնի ու սրա-նրա խոշոր ու մանր եղջրավոր անասունների պատվաստումների վերահսկողության հարցերով զբաղվի: Դրա համար էլ մեր երկիրը չի դզվում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031