Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ալիեւի պատվերը կատարել՝ Անկախության հռչակագիրը փոխելով կամ չեղարկելով»

Օգոստոս 23,2024 22:22

«Անկախության հռչակագիրը պետության ծննդականն է, իսկ Սահմանադրությունը՝ անձնագիրը։ Հնարավոր չէ, անձնագիր ստանալ, եթե չունես ծննդական։ Հետեւաբար, Սահմանադրության հիմքում գտնվում է Անկախության հռչակագիրը»,-այսօր ԱԺԲ գրասենյակում Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի առիթով հրավիրված ասուլիսում ասաց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Կարո Եղնուկյանը։

Նրա խոսքով, Անկախության հռչակագիրը, երբ դեռ նոր էր ընդունվել, իր համար այնքան էլ կատարյալ չէր, քանի որ այն բավականաչափ պահանջատեր չէ։ «Բայց նույնիսկ այս պարագայում չկա մի դրույթ, որը մինչ օրս կատարվել է լիարժեք»,-ասաց պարոն Եղնուկյանը եւ որպես ապացույց՝ մեջբերեց Հռչակագրի եւ Սահմանադրության մի քանի հոդվածներ, որոնք գրված են, բայց իրականության մեջ չեն կիրառվում, կամ կիրառվում են թերի։

Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Ալիեւի պահանջին եւ այսօր Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձի տողատակերին՝ պարոն Եղնուկյանն ասաց․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ալիեւի պատվերը կատարել՝ Անկախության հռչակագիրը փոխելով կամ չեղարկելով։ Բայց դա անհնար չէ, չես կարող ծննդականդ կեղծել, փոխել։ Բայց որպեսզի արդարացնի չեղարկումը, Նիկոլ Փաշինյանը ուզում է ասել, որ Հռչակագիրը չի գործել։ Նպատակը Անկախության հռչակագիրը արժեզրկելն է ՝ ասելով, որ դա չի գործել, դա մաս չի կազմել մեր սահմանադրությանը եւ հետեւաբար, ի՞նչ պետք ունենք դրա։ Սա նախապատրաստական գործ է ժողովրդին  հերթական անգամ մանիպուլացնելու»,-ասաց Կարո Եղնուկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031